Հայաերոնավիգացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաերոնավիգացիա-ի նշանը

«Հայաերոնավիգացիա» կամ Հայաստանի աերոնավիգացիոն ծառայություն ընկերությունը 100% պետական սեփականությամբ փակ բաժնետիրական ընկերություն է։ Ընկերությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդանավերի աերոնավիգացիոն սպասարկումը, որը ներառում է օդային երթևեկության կարգավարական սպասարկումը և թռիչքների ապահովումը վերգետնյա նավիգացիոն միջոցներով, ինչպես նաև անհրաժեշտ աերոնավիգացիոն տեղեկատվության տրամադրումը։

Ընկերության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 1997թ.՝ «Զվարթնոց» օդանավակայանից համապատասխան ծառայություններն առանձնացվելու ճանապարհով։ 2003թ.-ից ընկերությանն են փոխանցվել նաև մյուս քաղաքացիական օդանավակայանների համապատասխան ծառայությունները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աերոնավիգացիոն ծառայությունները մատուցվում են Հայաերոնավիգացիա-յի կողմից, որը պետական կառույց է և գործում է Քաղաքացիական ավիացայի գլխավոր վարչությունից (ՔԱԳՎ) անջատ՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտում օդային երթևեկության կարգավարական սպասարկման աշխատանքներ իրականացնելով և աերոնավիգացիոն ծառայություններ մատուցելով։ Ըստ այս պայմանավորվածության՝ Հայաերոնավիգացիա-ն գործում է կառավարությունից անկախ, սակայն այն հաշվետու է ՔԱԳՎ-ին, և նրա գործունեությունը կարգավորվում է ՔԱԳՎ-ի կողմից։ Արդյունքում կա հստակ տարանջատում կարգավորման և շահագործման պատասխանատվությունների միջև[1]։

Հայաերոնավիգացիա-ն Զվարթնոցում տեղակայված իր վերահսկիչ կետից ապահովում է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ինքնաթիռների վայրէջքի կարգավարական սպասարկում։ Աերոդրոմային կարգավարական սպասարկումն իրականացվում է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում տեղակայված Ավիաուսումնական կենտրոնի (ԱՈՒԿ) աշտարակներից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև «Էրեբունի» օդանավակայանում։ Շրջանային կարգավարական սպասարկումն իրականացվում է Զվարթնոցում տեղակայված շրջանային կարգավարական կենտրոնից։

Չնայած Հայաերոնավիգացիա-ն ունի թռիչքային տեղեկատվության փոքր շրջան (FIR), այն իր եկամտի 55%-ը ստանում է ՀՀ օդային տարածքով իրականացվող թռիչքներից։ Այս հանգամանքը մասամբ պայմանավորված է նրանով, որ երթուղային նավիգացիայի համար հարևան երկրների համեմատ ավելի մրցակցային գներ են սահմանվում։ Արևելյան, Միջին և Հարավ-արևելյան Ասիայից և Եվրոպայից փոխադրումների ծավալների աճի պայմաններում ՀԱՅԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ–ն լավ դիրք է զբաղեցնում եկամտի աճ արձանագրելու տեսանկյունից։

Հայաերոնավիգացիա–ն շահագործում է երկու VOR/DME կայաններ, մեկը Զվարթնոցում, մյուսը՝ Շիրակում (կոդ GRM): Այն նաև շահագործում է մի շարք NDB–ներ։ Սակայն առաջիկա 2-3 տարիներին այն պատրաստվում է փոխարինել դրանք DME համակարգերով։ Արբանյակային հաղորդակցության և նավիգացիոն համակարգի տեղադրումը կապի, նավիգացիայի և դիտարկման (CNS) և օդային երթևեկության կառավարման (ATM) համակարգերի միջոցով կպահանջի նոր սարքավորումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարություն 2020» (PDF).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]