Համելնյան մկնորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համելնյան մկնորս (գերմ.՝ Rattenfänger von Hameln), համելնյան սրնգահար, միջնադարյան գերմանական լեգենդի կերպար։ Համաձայն լեգենդի՝ այն բանից հետո, երբ Համելն քաղաքի քաղաքապետը հրաժարվում է քաղաքը առնետներից ազատելու դիմաց վճարել խոստացված պարգևը, խաբված երաժիշտը կախարդանքի միջոցով քաղաքի երեխաներին տանում է քաղաքից դուրս, որտեղ երեխաներն անհայտանում են։

Մկնորսի լեգենդը, որը ենթադրաբար ձևավորվել է 13-րդ դարում, իր հետևից կախարդված մարդկանց կամ կենդանիների տանող առեղծվածային երաժշտի մասին պատմություններից մեկն է։ Միջին դարերում նման լեգենդները լայն տարածում ունեին, սակայն համելնյան տարբերակը համարվում է եզակի, քանի որ ճշգրտորեն նշված է դեպքերի կատարման ամսաթիվը՝ 1284 թվականի հունիսի 26։ Դրանց մասին հիշողություններն իրենց արտացումն են գտել տվյալ ժամանակաշրջանի տարեգրության մեջ։ Այս ամենը հետազոտողներին ստիպում է ենթադրել, որ լեգենդի հիմքում ընկած են իրական դեպքեր, որոնք ժամանակի ընթացքում վերածվել են ժողովրդական հեքիաթի, սակայն ընդհանուր տեսակետ՝ թե ինչ իրադարձություններ են դրանք և երբ են տեղի ունեցել, գոյություն չունի։ Հետագա աղբյուրներում՝ հատկապես արտասահմանյան գրականության մեջ, ամսաթիվն անհասկանալի պատճառներով փոխարինվում է 1484 թ. հունիսի 20-ով կամ 1376 թ. հունիսի 22-ով։ Դրա բացատրությունը ևս չկա։

Մկնորսի լեգենդը հրատարակվել է Լյուդվիգ Յոախիմ ֆոն Արնիմի և Կլեմենս Բրենտանոյի կողմից 19-րդ դարում։ Դրանից ոգեշնչվել են շատ գրողներ, պոետներ, երգահաններ, որոնց թվում արժե նշել [Ռոբերտ Բրաունինգ]ին, [Յոհան Վոլֆագանգ ֆոն Գյոթե]ին, [Ստրուգացկի եղբայրներ]ին, [Գրիմ եղբայրներ]ին և [Մարինա Ցվետաևա]յին։

Մկնորսի լեգենդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկնորսի մասին լեգենդի ամենահայտնի տարբերակը հետևյալն է. մի անգամ Համելն քաղաքի վրա առնետներ հարձակվեցին։ Ոչ մի հնարք չօգնեց ազատվել այդ կրծողներից, որոնք այն աստիճան համարձակ էին դարձել, որ հարձակվում էին անգամ կատուների և շների վրա, և նույնիսկ կծում էին օրորոցում քնած մանկիկներին։ Հուսահատված քաղաքապետը հայտարարեց, որ կպարգևատրի նրան, ով կկարողանա քաղաքն ազատել առնետներից։ «Հովհաննեսի և Պողոսի օրը, որը հունիս ամսվա 26-րդ օրն էր», հայտնվեց «խայտաբղետ հագուստով մի սրնգահար»։ Պարզ չէ, թե ով էր նա իրականում և որտեղից էր եկել։ Քաղաքապետը խոստացավ նրան «այնքան ոսկի, ինչքան կկարողանա տանել»։ Սրնգահարը գրպանից հանեց կախարդական սրինգը, որի ձայնից ամբողջ քաղաքի առնետները հավաքվեցին, և նա քաղաքից դուրս բերեց կախարդված կենդանիներին ու տարավ դեպի [Վեզեր] գետը, որտեղ նրանք խեղդվեցին։ Քաղաքապետը, սակայն, զղջաց իր տված խոստման մասին, և երբ սրնգահարը վերադարձավ, հրաժարվեց տալ ոսկին։ Որոշ ժամանակ անց երաժիշտը քաղաք վերադարձավ որսորդի հագուստով ու կարմիր գլխարկով և կրկին նվագեց կախարդական սրինգը, բայց այս անգամ նրա մոտ վազելով եկան քաղաքի երեխաները, մինչդեռ կախարդված մեծերը չկարողացան կանխել դա։ Այնպես, ինչպես ժամանակին առնետներին, սրնգահարը քաղաքից դուրս հանեց երեխաներին և խեղդեց գետի մեջ (կամ ինչպես լեգենդն է պատմում, «Համելնում ծնված հարյուր և երեսուն երեխաների տարավ Կալվարիայի մոտ գտնվող Կոպպեն, որտեղ և նրանք անհետացան»)։

Մեկ այլ տարբերակի համաձայն՝ մի կաղ երեխա, ով հետ էր ընկել, կարողացավ վերադառնալ քաղաք և պատմել իրողության մասին։ Հենց այդ տարբերակն է օգտագործել Ռոբերտ Բրաունինգը Մկնորսի մասին իր պոեմում։

Երրորդ տարբերակը պատմում է, որ փրկվել են երեքը. ճանապարհին մոլորված մի կույր տղա, նրան առաջնորդող խուլ տղան, ով չէր լսում սրնգի ձայնը, ինչի շնորհիվ էլ խուսափեց կախարդանքից և երրորդ տղան, ով դուրս էր պրծել տնից կիսամերկ և ամաչելով վերադարձավ տուն։

Համելն քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համելնը գտնվում է Ներքին Սաքսոնիայի Վեզեր գետի ափին և ներկայումս Համելն-Պիրմոնտ շրջանի մայրաքաղաքն է։ Համելնը հարստացել էր հացահատիկի առևտրի շնորհիվ, որն աճեցվում էր շրջակա դաշտերում։ Այս փաստն արտացոլվել է նաև քաղաքի հնագույն զինանշանի վրա, որում պատկերված են երկանաքարեր։ 1277 թվականին՝ լեգենդից մեկ տարի առաջ, քաղաքը դարձավ ինքնավար։

Ենթադրվում է, որ հարուստ առևտրական քաղաքի նկատմամբ հարևանների նախանձով է պայմանավորված սկզբնական լեգենդի ձևափոխումն այնպես, որ լեգենդի հերոսը ավագների կողմից խաբված լինի։

Պատմական վկայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկնորսի մասին ամենավաղ հիշատակությունը կապվում է Համելնի Շուկայի հրապարակում գտնվող եկեղեցու վիտրաժի հետ, որը ստեղծվել է 1300 թվականին։ Վիտրաժը ոչնչացվել է 1660 թվականին, բայց պահպանվել են նկարագրություններ, նաև ճանապարհորդ բարոն Ավգուստին ֆոն Մյորսպերգի կողմից արված նկար։ Նկարում պատկերված էր մկնորսը՝ շրջապատված երեխաներով։

Ժամանակակից վերականգնումն իրականացվել է 1984 թվականին Հանս Դոբբերտինի կողմից։

Մոտ 1375 թվականին Համելն քաղաքի տարեգրության մեջ կարճ հիշատակված է.

1284 թվականին Հովհաննեսի և Պողոսի օրը, որը հունիս ամսվա 26-րդ օրն էր, խայտաբղետ հագուստով սրնգահարը քաղաքից դուրս բերեց Համելնում ծնված հարյուր երեսուն երեխաների և տարավ դեպի Կոպպեն, որը գտնվում էր Կալվարի մոտակայքում, որտեղ էլ նրանք կորան։

Նույն տարեգրության մեջ՝ 1384 թվականի մասին կատարված գրառման մեջ, ամերիկացի հետազոտող Շեյլա Հարտին հայտանաբերել է կարճ գրառում. «Հարյուր տարի առաջ կորան մեր երեխաները»։

Նշվում է նաև, որ համելնցիները այդ օրը՝ հունիսի 26-ը «մեր զավակներից բաժանումը» ժամանակի հետհաշվարկի սկիզբն է եղել։

Վկայություններ կան, թե իբր տեղական եկեղեցու դեկան Յոհան ֆոն Լյուդեի մոտ պահպանվել է աղոթարան, որի կազմի վրա իր տատիկը (այլ տեղեկություններով՝ մայրը), ականատես լինելով երեխաների առևանգմանը, կարճ գրառում է կատարում լատիներենով։ Աղոթարանը կորել է 17-րդ դարի վերջին։

15-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուրջ 1440-1450 թվականներին Լյուքսեմբուրգի դքսության լատիներեն տարեգրության մեջ նույն տեքստն ընդգրկվել է որոշ փոփոխություններով.

Մոտ երեսուն տարեկան, գեղեցիկ, վայելուչ հագնված մի երիտասարդ, որին տեսնելիս բոլորը հիանում էին, քաղաք մտավ կամրջով և Վեզերյան դարպասներով։ Անմիջապես սկսեց նվագել իր զարմանալի, արծաթե սրնգով։ Եվ շուրջ հարյուր երեսուն երեխաներ, լսելով այդ երաժշտությունը, հետևեցին նրան։ Նրանք անհայտացան այնպես, որ ոչ ոք երբեք չկարողացավ հայտնաբերել նրանցից ոչ մեկին։