ՀՀ բնակչության բնական շարժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ բնակչության բնական շարժ բնակչության բնական շարժը խորհրդային տարիներին Հայաստանի բնակչության ավելացման հիմնական միջոցը եղել է բնական աճը՝ ծնելիության բարձր մակարդակն ու մահացության աստիճանային նվազումը։

Բնակչության բնական շարժի ընդհանուր պատկերը 1915-2010 թվականներին, 100 բնակչի հաշվով ներկայացված է աղյուսակում։

Տարիներ Ծնվածների թիվը Մահացածների թիվը Բնական աճը,%
1915 46,3 23,9 22,4
1925 51,5 16,2 35,3
1926 56.0 17,0 39,0
1940 41,2 13,8 27,4
1950 32,1 8,5 23,6
1955 38,0 8,8 29,9
1960 40,1 6,8 33,3
1965 26,6 5,7 22,9
1970 22,1 5,1 17,0
1975 22,2 5,5 16,7
1979 22,9 5,6 17,3
1985 24,1 5,9 18,2
1990 22,5 6,2 16,3
1995 13,0 6,6 6,4
2000 9,6 6,0 3.6
2005 11,7 8,2 3,5
2009 13,7 8,5 5,2
2010 13,8 8,6 5,2
2011 13,3 8,8 4,7

Ծնելիություն և բնական աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականների կեսերին ծնելիությունը եղել է բավական բարձր՝ 1000 բնակչի հաշվով՝ 56-58 մարդ (56-58 %)։ Չնայած հետագա որոշակի անկմանը՝ ծնելիության բավական բարձր մակարդակ՝ 41,2 %, պահպանվել է մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը (1940Բնական աճն ապահովվել է հիմնականում մահացության նվազման հաշվին։ Պատերազմի տարիներին բնական աճը նվազել է, որովհետև կտրուկ իջել է 20-29 տարեկան երիտասարդների և ամուսնությունների թիվը։

1950-1960-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին արձանագրվել է ծնունդների ու բնական աճի ցուցանիշների զգալի նվազում՝ համապատասխանաբար՝ 32,1% և 23,6%։ Դրան հաջորդել է պատերազմների ավարտին բնորոշ ժողովրդագրական բռնկում, ծնելիությունն աճել է, մահացությունը նվազել, որոնց շնորհիվ 1960 թվականին արձանագրվել են ծնելիության ու բնական աճի հետպատերազմյան շրջանի առավելագույն ցուցանիշները՝ համապատասխանաբար՝ 40,1 և 33,3 %։ Ապա հաջորդել է այդ ցուցանիշների նվազման մի շրջան, որը պայմանավորված էր քաղաքային բնակչության արագ աճով, բնակչության մշակութակենցաղային մակարդակի բարձրացումով, կանանց զբաղվածության աստիճանի մեծացումով ու ընտանիքների փոքրացմամբ։

1970-1985-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականներին ծնելիության ու բնական աճի ցուցանիշները որոշակիորեն կայունացել են, իսկ 1985 թվականին արձանագրվել են դրանց վերջին շրջանի առավելագույն արժեքները՝ համապատասխանաբար՝ 24,1% և 18,2%։

1998-2001-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակի երկրաշարժի (1988), Արցախյան պատերազմի (1991-1994), տնտեսական շրջափակման և դրանով պայմանավորված արտագաղթի հետևանքով ծնելիությունն ու բնական աճը նվազել են՝ 2001 թվականին հասնելով իրենց նվազագույն արժեքներին՝ համապատասխանաբար՝ 9,5 % և 3,5 %, որից հետո սկսել է դրանց դանդաղ աճի փուլը։

2005-2010ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին ծնելիությունն աճել է, բայց մահացության աճի պատճառով բնական աճը մնացել է գրեթե նույնը, իսկ 2010 թվականին ծնելիությունը հասել է 13,8 %-ի, որը մահացության փոքր աճի պայմաններում անգամ ապահովել է բնական աճի որոշ՝ 5.2 % ավելացում։

Ծնելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության բնական շարժի փոփոխությունները պայմանավորված են կանանց ծնունակության, տարիքային ծնելիության և ծնելիության գումարային գործակիցների մեծություններովմ որոնք այդ ժամանակահատվածում կրել են լուրջ փոփխություններ։ Եթե 1926 թվականին 15-49 տարեկան 1000 կնոջը բաժին էր ընկնում 229,1 ծնունդ, ապա 2010 թվականին ՝ 49,3, 15-49 տարեկան կանայք ունենում էին միջինը 7,2 երեխա, ապա 2010 թվականին 1,6, այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է միջինը 2,15 երեխա։

2010 թվականին բնակչության ծնելիության գումարային գործակիցը կազմել է 1,6, մոր միջին տարիքը՝ 25,1, առաջին երեխայի ծննդյան ժամանակը՝ 23 տարեկան։

Եթե 1925-1926 թվականներին հանրապետությունում բնակչության պարզ վերարտադրությունն ապահովվում էր կանանց մինչև 20, իսկ ընդլայնվածը՝ 25 և բարձր տարիքային խմբերի ծնելիության հաշվին, ապա մինչև 1989-1890 թվականները այն ապահովել են կանանց՝ համապատասխանաբար՝ 30 և 35 տարիքային խմբերը։ 1990-ական թվականներից ծնելիության գումարային ցուցանիշի մեծությունները չեն ապահովում նույնիսկ պարզ վերարտադրությունը։

Մահացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության վերարտադրության գործընթացի էական տարրերից է մահացությունը։ Եթե 1921-1925 թվականներին մահացությունների թիվը 1000 բնակչի հաշվով կազմում էր 18,2 մարդ, ապա, աստիճանաբար նվազելով, 1971-1975 թվականներին այն հասել է իր ամենացածր ցուցանիշին՝ 5,1 մարդ, հետագա տարիներին դարձյալ ունեցել է աճի միտում և 2006-2010 թվականներին կազմել է միջինը 8,5 մարդ. (51,7%-ը՝ արական, 48,3%-ը՝ իգական սեոի)։

Անկախացումից հետո հանրապետությունում ժողովրդագրական իրադրության դրական միտումներ էր մինչև մեկ տարեկան երեխաներ մահացության մակարդակի նվազում, եթե 1940 թվականին այդ ցուցանիշը 1000 կենդանի ծնվածների հաշվով եղել է 119,1 երեխա, ապա 2010 թվականին՝ 11,4 երեխա, կամ կրճատվել է շուրջ 10 անգամ։

ՀՀ-ում մահացության, հատկապես մանկամահացության նվազման շնորհիվ բնակչության կյանքի միջին տևողությունն աճել է և իր ամենաբարձր ցուցանիշին հասել 2009-2010 թվականներին՝ կազմելով 74,1 տարի (տղամարդկանցդ՝ 70,6, կանանցը՝ 77)։ ՀՀ-ն այդ ցուցանիշով աշխարհում առաջատարներից է։

Բնակչության բնական հավելաճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության բնական շարժը բնութագրող հիմնականում ցուցանիշներից մեկը բնակչության բնական հավելաճն է, որը որոշվում է 1 տարում ծնունդների և մահվան դեպքերի թվաքանակների տարբերությամբ։ Եթե բնակչության բնական հավելաճը 1940 թվականին կազմել է 36,7 հազար, 1960 թվականին՝ 62,1 հազար (առավելագույնն է), ապա, հաջորդ տարիներին նվազելով, 1991 թվականին կազմել է 54,4 հազար, իսկ 2010 թվականին՝ 16,9 հազար։ 1000 բնակչի հաշվով 1960 թվականին այն կազմել է 33,3 մարդ, 1991 թվականին՝ 16.3, 2010 թվականին՝ 5,2։

Հանրապետությունում 1970-1980-ական թվականներին գրանցվել է ամուսնությունների թվի աճ, իսկ 1985 թվականից՝ նվազում։ Հակառակ դրան՝ մեծացել է ամուսնալուծությունների թիվը։ 1990 թվականին նոր կազմավորված 28 հազար ամուսն. զույգերից ամուսնալուծվել է ավելի քան 4 հազարը (14,5 %), ապա 2010 թվականին այդ ցուցանիշները կազմել են՝ համապատասխանաբար՝ 17.984 և 2997 (16,7%)։ Տղամարդկանց ամուսնության միջին տարիքը 29 տարի է, կանանցը՝ 25,2։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։