Կռնատ աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կռնատ աղջիկը
գերմ.՝ Das Mädchen ohne Hände
Կռնատ աղջիկը հրեշտակի հետ թագավորական այգում (նկարազարդումը Ֆիլիպ Գրոտ-Իոհաննի)
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1812
 The Girl Without Hands

Կռնատ աղջիկը (գերմ.՝ Das Mädchen ohne Hände), Գրիմ եղբայրների հեքիաթը կտրված և հետո նորից աճած ձեռքերով աղջկա մասին։ Գրիմ եղբայրների հեքիաթնեի ժողովածուում 31-րդ համարն է, իսկ հեքիաթների սյուժեների դասակարգման Աարնա-Թոմփսոնի համակարգում՝ 706-րդը[1]։ Սկիզբ է առել 17-րդ դարի կեսերի իտալական ժողովրդական հեքիաթից և հետագայում փոփոխված քրիստոնեական լեգենդից[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղքատացած ջրաղացպանը սատանայի հետ համաձայնության է գալիս հարստանալու դիմաց նրան տալ «այն, ինչ որ գտնվում է ջրաղացի ետևը»՝ մտածելով, որ այնտեղ մեծ խնձորենուց բացի ոչինչ չկա։ Բայց այդ ժամանակ այնտեղ նրա աստվածավախ աղջիկն ավլում էր բակը։ Երբ լրանում է նշանակված ժամկետը, ջրաղացպանի աղջիկը մաքուր լվացվում է ու կավիճով շրջան գծում իր շուրջը, որպեսզի սատանան չկարողանա իրեն մոտենալ։ Սատանայի պահանջով հայրը կտրում է աղջկա ձեռքերը, որպեսզի վերջինս չկարողանա լվացվել, բայց սատանան նորից անհաջողության է հանդիպում․ աղջիկն արցունքներով լվացած է լինում կտրված թևերը և առաջվա պես մաքուր է լինում։ Չցանկանալով այլևս մնալ հայրական տանը՝ աղջիկը գնում է հեռու։ Հասնում է թագավորի այգուն, որը շրջապատված էր ջրով լցված խրամով։ Ցանկանալով հագեցնել քաղցը՝ աղջիկը դիմում է Աստծուն, և հրեշտակը ջրարգելակ է կապում՝ աղջկան ուղեկցելով այգի։ Աղջիկն այգում մի տանձ է ուտում, ինչը տեսնում է այգեպանը։ Հաջորդ օրը թագավորը հաշվում է տանձերը և տեսնում, որ մեկը պակասում է։ Այգեպանը թագավորին զեկուցում է տեսածի մասին՝ ենթադրելով, որ ոգին է տանձը կերել։ Ոգու հետ խոսելու համար քահանային իր հետ վերցնելով՝ թագավորն այգեպանի հետ թաքնվում է և այդպիսով գաղտնի հետևում աղջկան։ Թագավորը կնության է առնում աղջկան և նրա համար արծաթե ձեռքեր է պատրաստել տալիս։

Երբ թագավորը գնում է պատերազմ, թագուհին տղա է ունենում։ Լուրն ուղարկում են թագավորին։ Սակայն, երբ սուրհանդակը քնում է, սատանան նամակը փոխում է մի ուրիշ նամակով, որտեղ գրված էր, որ թագուհին դարձվոր է ունեցել։ Թագավորը շատ է տխրում, բայց մայր թագուհուն նամակ է ուղարկում, որ մինչև իր վերադարձը կնոջը լավ խնամեն։ Սատանան այդ նամակն էլ է փոխում, ինչպես նաև հետագա մյուս նամակները։ Վերջին կեղծ նամակում պահանջում է թագուհուն սպանել, լեզուն կտրել և աչքերը հանել։ Մայր թագուհին կտրում է եղնիկի լեզուն, հանում աչքերը, իսկ հարսին երեխայի հետ ուղարկում է շատ հեռու։ Վտարանդիները հասնում են խոր անտառի և բնակություն հաստատում մի խրճիթում, որից կախված էր «Այստեղ բոլորն էլ կարող են ապրել» գրությամբ վահանակ։ Ճերմակազգեստ փերիի կերպարանքով հրեշտակը խնամում է թագուհուն և երեխային։ 7 տարի անց աղջկա բարեպաշտության շնորհիվ նրա ձեռքերը նորից աճում են, թագավորը վերջապես գտնում է նրան, տանում պալատ «և մեծ ուրախություն է լինում պալատում, նորից հարսանիք են անում թագավորն ու թագուհին և ուրախ ու երջանիկ ապրում մինչև խոր ծերություն»։

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիատու Կամարան իր ինքնակենսագրության համար որպես վերնագիր վերցրել է «Կռնատ աղջիկը» հեքիաթի անվանումը, որովհետև Սիերա Լիոնեի քաղաքացիական պատերազմի ժամանակ (1990-ական թվականներ) ապստամբները, սպանելով նրա ծնողներին, կտրել են նրա ձեռքերը։ Մարիատուն այդ ժամանակ 12 տարեկան էր։

Ժամանակակից բազմաթիվ անգլախոս արձակագիրներ և բանաստեղծներ ներշնչվել են այս հեքիաթից։ Օրինակ՝ Լորե Բրաունի «The Handless» վեպը, Միդորի Սնայդերի «The Armless Maiden» պատմվածքը և բազմաթիվ հեղինակների բանաստեղծություններ՝ Էնն Սեքսթոն («The Maiden without Hands», իր «Transformations» գրքում), Մարգարետ Էտվուդ («Girl Without Hands»), Էլինա Լիպկին («Conversations With My Father»), Վիկի Ֆևեր («The Handless Maiden»), Նեն Ֆռայ («Pear»), Գոնսալես Ռիգոբերտո («The Girl With No Hands»)։ Անդրեա Պետերսոնի «Մեղավորները հանգիստ չունեն» ստեղծագործության մեջ կա համանման հերոս՝ Քլեր անունով աղջիկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (գերմ.) Grimm, Brüder. Kinder- und Hausmärchen. Ausgabe letzter Hand mit den Originalanmerkungen der Brüder Grimm. Mit einem Anhang sämtlicher, nicht in allen Auflagen veröffentlichter Märchen und Herkunftsnachweisen herausgegeben von Heinz Rölleke. Band 3: Originalanmerkungen, Herkunftsnachweise, Nachwort. S. 69-72, S. 455—456. Durchgesehene und bibliographisch ergänzte Ausgabe, Stuttgart 1994. (Reclam-Verlag; ISBN 3-15-003193-1)
  • (գերմ.) Uther, Hans-Jörg: Handbuch zu den Kinder- und Hausmärchen der Brüder Grimm. Berlin 2008. S. 81-83. (de Gruyter; ISBN 978-3-11-019441-8)
  • (գերմ.) Köhler-Zülch, Ines: Mädchen ohne Hände. In: Enzyklopädie des Märchens. Band 8. S. 1375—1387. Berlin, New York, 1996.
  • (գերմ.) Scherf, Walter: Das Märchenlexikon. Zweiter Band L-Z. S. 800—807. München, 1995. (Verlag C. H. Beck; ISBN 3-406-39911-8)
  • (գերմ.) Eugen Drewermann, Ingritt Neuhaus: Das Mädchen ohne Hände. Märchen Nr. 31 aus der Grimmschen Sammlung. Walter, Olten 1981, ISBN 3-530-16860-2. (Der Band beinhaltet auf 48 Seiten einen mit der Hand geschriebenen Text des Märchens, zwölf Batikbilder (Neuhaus) und eine tiefenpschologische Deutung mit Anmerkungen (Drewermann))
  • (գերմ.) Drewermann, Eugen: Lieb Schwesterlein, laß mich herein. Grimms Märchen tiefenpsychologisch gedeutet. München 1992. S. 23-41. (dtv-Verlag; ISBN 3-423-35056-3)