Կուսաբերդ-Աղջկաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուսաբերդ-Աղջկաբերդ, Ղզղալա կամ Կարաքենդ, բերդ Արցախի Մարտունու շրջանում։ Հայկական բոլոր աղբյուրներում, ինչպես նաև մամուլում և զրույցների ժամանակ այն անվանում են Ղզղալա[1], իսկ այլ լեզուներում՝ Կարաքենդ։ Տեղացիներն այն անվանում են «Պերթ»։ Նախկինում բերդի շրջակայքում եղել է բնակավայր, որը հիշատակվում է Հինգ շեն անվանմամբ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդը գտնվում է Ղզաղլա գյուղից 3 կիլոմետր հեռավորության վրա, որի դիմացի լանջին տեղակայված է համանուն բնակավայրը[1]։ Բերդի արևելյան մասում արցախյան դաշտավայրն է, որից հարավ տարածվում է Երկար քար լեռնաշղթան։ Լեռնաշղթային հանդիպակաց բարձրանում է Մեծ Նահատակ լեռը, որի գագաթին դեռ պահպանվում է Մեծ Նահատակ եկեղեցին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդի գագաթին երևում են ժայռերով կերտված շենքեր։ Այն հավանաբար ունեցել է միջնաբերդ, որտեղ հայտնաբերվել են խողովակներ, որոնցով մոտակա Փիլկեյի աղբյուրից ջուր են բերել միջնաբերդ։ Բերդը կառուցված է ժայռափոր բնակատեղիներից և պաշտպանության համար փորված խորշերից։ Բերդի շրջակայքից հայտնաբերվել են ազգային և պատմաճարտարապետական բնույթի տարբեր առարկաներ՝ աշխատանքային գործիքներ, զենքեր, կենցաղային իրեր, զարդարանքներ, մետաղադրամներ, արձանիկներ, թասեր, հին խաչքարեր, զարդանախշված խոյակներ և այլն։ «Պերթի» ստորոտում գտնվող բնակավայրը, որտեղ այժմ խաղողի այգիներ են, պահպանել է իր Հինգ շեն անվանումը[1]։ Շրջապատում կան գերեզմանատներ, աղբյուրներ, ավերակներ, որոնք հայկայան հուշարձաններ են։ Այդտեղ պահպանված հայկական վիմագրերն ու պատմամշակույթային կառույցները վկայում են, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս V-VII և XIII դարերում։ Բնակավայրից գտնված նյութերը նաև ցույց են տալիս, որ Հինգ գյուղը տնտեսական և առևտրային հարաբերություններ մեջ է եղել ինչպես այլ շրջանների, այնպես էլ օտարազգիների հետ, քանի որ ապակյա ապարանջանները, հախճապակյա անոթները, ոսկե դրամները անկասկած ներմուծվել են դրսից։

Ղզղալայի հնավայրում նաև հայտնաբերել են կավագործության արհեստանոց, իսկ մի այլ վայրում՝ մետաղաձուլարան։ Ձուլարանը կառուցված է թրծված աղյուսից և բավականին լավ է պահպանված։ Առանձնահատուկ տեղ են գրավում վաղ շրջանի վարպետորեն պատրաստված սև կավե ամանները, որոնց վրա փորագրված են անհետացած օձեր, թռչուններ, և այլ կենդանատեսակներ։

Ղզղալայի կարևոր հուշարձաններից են Մեծ նահատակը, Պիծի նահատակը, Սօրփը (Սուրբը), Նահապետ Քուչակի աղբյուրը Սուրբ Աստվածածին եկեղեցին, որոնցից կանգուն է միայն Մեծ նահատակը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջեր 156–158. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)