Կուշ
Կուշ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Luffa aegyptiaca
| ||
|
Կուշ, լյուֆա, վիետնամական դդում կամ չինական բամիա (Lagenaria siceraria), դդմազգիների (Chenopodiaceae) ընտանիքի Luffa ցեղին պատկանող միամյա մշակաբույս։ Առավել լայնորեն մշակվում է Չինաստանում և Վիետնամում[1]։
Ունի երկար վեգետացիոն շրջան։ Ցողունները բավականին երկար են և մագլցող, ինչի պատճառով մշակությունը կատարվում է հենակային համակարգի օգնությամբ։ Կուշի ցողունը կտրելու դեպքում արտադրվում է մեծ քանակությամբ հյութ՝ կուշի ջուր, որը Չինաստանում օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։
Տերևները կլոր-սրտաձև են, մուգ կանաչ գույնի, ծաղիկները դեղին են։ Բույսը միատուն է, բաժանասեռ ծաղիկներով, փոշոտվում է խաչաձև։ Պտուղները աչքի են ընկնում փխրունությամբ և բուրումնավետությամբ, պարունակում են վիտամիններ, կալիումական և ֆոսֆորական աղեր։ Թարմ պտուղներն օգտագործում են տարբեր կերակրատեսակների պատրաստման մեջ։ Հասուն պտուղների պտղամիսը թելոտ է, ամուր. այդ տեսակի պտուղները սննդի օգտագործման մեջ պիտանի չեն։ Պտղի ներսը ցանցանման է, պտղացանցն օգտագործվում է բժշկության մեջ։ Հասուն պտուղը վերամշակելուց հետո օգտագործում են որպես սպունգ՝ լողանալու համար, կոշիկների և գլխարկների մեջ։ Որպես բանջարեղեն ընտրվում են գլանաձև սորտերը, որոնց նոր ձևավորված պտուղները երկար են ու բարակ, 10-30 սմ, փխրուն և նուրբ բուրմունքով։ Տեխնիկական նպատակների համար ընտրում են դարձյալ գլանանման պտղով սորտերը, որոնց պտուղներն ունեն 30-65 սմ երկարություն։
Կուշը ջերմասեր ու խոնավասեր բուսատեսակ է։ Բազմանում է սերմերով։ Լավ բերք ստացվում է այն հողերում, որտեղ ստորգետնյա ջրերը բարձր են։ Մշակվում է որպես շարահերկ բույս։ Բերքահավաքի ժամանակ հետևում են, որպեսզի պտուղները չկոպտանան։
Կուշի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղից երկու հազար տարի առաջ տեղափոխվել է Չինաստան։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մելիքյան, Անդրեաս. «Բանջարաբուծություն», Երևան, «Դար», 2005
- Խաչատրյան Ս. Ս. «Բանջարաբուծություն», Երևան, 1977
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Luffa aegyptiaca»։ «Floridata.com»։ Վերցված է Սեպտեմբերի 15, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեղեկություն Luffa.info կայքում (անգլերեն)
- Տեղեկություն եգիպտական լյուֆայի մասին Archived 2016-02-21 at the Wayback Machine. (անգլերեն)
|