«Կոմսոմոլեց» («Комсомолец», «Կոմերիտական»), հանրապետական, երիտասարդական երկօրյա ռուսերեն թերթ։ Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի օրգան։ Լույս է տեսել 1938 թվականից (1938-1941, 1945-1954 թվականներին՝ «Ստալինեց» անվամբ), Երևանում։ Խմբագիրներ՝ Ջ. Ջաֆարով, Վ. Սիրցև, Ա. Զախարյան, Դ. Եվանգուլով, Ս. Ավթանդիլով, Ա. Սահակյան, Յ. Պետրոսյան, Է. Կանանովա, Վ. Այդինյան (1979 թվականից)։ Պայքարում էր երիտասարդության քաղաքական և ինտերնացիոնալ դաստիարակության, կոմունիստական աշխարհայացքի ձևավորման համար, օգնում իրագործելու ԽՄԿԿ, ՀամԼԿԵՄ և ՀԼԿԵՄ Կենտկոմների՝ երիտասարդությանն ուղղված որոշումներն ու միջոցառումները։ Ներկայացնում էր գյուղատնտեսության և արդյունաբերության առաջավորներին, ընդհանրացնում նրանց փորձը, վեր հանում թերությունները։ Նրա «Հայրենասեր» արտահաստիքային բաժինը հատուկ էջեր էր թողարկում խորհրդային բանակի երիտասարդ մարտիկների և զինակոչիկների համար։ «Կոմսոմոլեցը» լայն տեղ է հատկացնում գրական, մարզական կյանքին, արվեստին, մշակույթի նորություններին։ Ուներ միջազգային լուրերի բաժին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 549)։