Կոլտնտեսային ֆոնդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոլտնտեսային ֆոնդեր, դրամական և բնաիրային (բնեղեն) միջոցների համակարգ, որը կոլտնտեսություններն օգտագործում էին վերարտադրության որոշակի խնդիրների իրականացման համար։ Տվյալ տարվա արդյունքի իրացումից ստացված միջոցները օգտագործվում էին ծախսված արտադրամիջոցների փոխհատուցման համար, որից հետո որոշվում էր համախառն եկամուտը որպես առաջինի և երկրորդի տարբերություն։ Համախառն եկամուտը որոշակի համամասնությամբ բաշխվում էր սպառման և կուտակման ֆոնդերի միջև։ Կոլտնտեսություններում հիմնական գործունեությունն իրականացնելու համար ստեղծվում էին հիմնական և շրջանառու արտադրական ֆոնդեր։ Առաջինը ընդգրկում էր արտադրական հիմնական միջոցները, ինչպես նաև դրանց վերաբերող ամենամյա դրամական հատկացումները և զանազան մուտքերը (հիմնական միջոցների լուծարքից գոյացող մուտքերը, բնական կամ այլ աղետի հետևանքով հիմնական ֆոնդերի դուրս գրված մասի դիմաց Պետապից ստացած փոխհատուցումը և այլն)։ Հիմնական ֆոնդերը ծառայում էին տնտեսության տևական (հեռանկարային) զարգացման խնդիրների լուծման նպատակին։ Տնտեսության ընթացիկ (տվյալ տարվա կամ սեզոնի առումով) զարգացման խնդիրների օպերատիվ լուծման համար մեծ նշանակություն ուներ շրջանառու ֆոնդերի ձևավորումը և օգտագործումը։ Դրանք ընդգրկում էին ընթացիկ արտադրական ծախսերի, այդ թվում աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցները, ինչպես նաև արտադրական պաշարների (սերմերի, պարարտանյութերի, վառելանյութի են) արժեքը։ Արտադրության անխափան ընթացքի համար տնտեսություններն ստեղծում էին այդ պաշարների երաշխիքային ֆոնդեր։ Հիմնական և շրջանառու արտադրական, նաև ոչ արտադրական ֆոնդերը անբաժանելի էին։ Կոլտնտեսության անդամների անձնական շահագրգռվածության բարձրացման և հանրային արտադրության խթանման տեսակետից կարևոր էր վարձատրության ֆոնդի ճիշտ ձևավորումն ու բաշխումը, ինչպես նաև աշխատողների նյութական խրախուսման, սոցիալ-կուլտուրական ֆոնդերին կատարվող հատկացումների ավելացումը և արդյունավետ օգտագործումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 517 CC-BY-SA-icon-80x15.png