Կոլեկտիվ մեթոդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլեկտիվ մեթոդներ, հիմնված են կոլեկտիվ դաշտերի օգտագործման սկզբունքի վրա, ըստ որի՝ լիցքավորված մասնիկն իր արագացման համար անհրաժեշտ էներգիան ստանում է այլ մասնիկների էլեկտրամագնիսական դաշտի, պլազմայի կամ էլեկտրամագնիսական ճառագայթման հետ փոխազդելիս։ Դրանց զարգացման գործում էական դեր խաղացին սովետական ֆիզիկոսներ Վ. Ի. Վեքսլերի, Գ. Ի. Բուդկերի և Ցա. Վ. Ֆայնբերգի առաջարկությունները։ Ի տարբերություն արագացման «դասական» մեթոդների, երբ արագացնող դաշտերն ստեղծվում են արտաքին տեղակայանքներով, կոլեկտիվ մեթոդները հնարավորություն են տալիս ստանալ ավելի ուժեղ դաշտեր և բարձրացնել արագացման արդյունավետությունը՝ այն միջին էներգիան, որ էլեկտրական դաշտը հաղորդում է մասնիկին՝ արագացման սարքի միավոր երկարության վրա։ Առավել մշակված մեթոդներն արագացման համար օգտագործում են լիցքի խտությունը։ Այսպես, էլեկտրոնային փնջերով իոնների արագացման պարզեցված սխեման հետևյալն է. մեծ խտության էլեկտրոնային փունջը, ընկնելով գազով լցված մետաղե խողովակի մեջ, ստեղծում է ուժեղ էլեկտրական դաշտ, արգելակվում այդ դաշտում և կորցնում արագությունը։ Առաջանում է էլեկտրոնների առավելագույն խտության տիրույթ։ Այդ տիրույթն ընկած դրական իոնները պահվում են էլեկտրոններով և դրանց հետ շարժվում խողովակի երկայնքով։ Ընդ որում, իրենց զանգվածի շնորհիվ իոնները ձեռք են բերում ավելի մեծ էներգիա, քան էլեկտրոնները։ Այս մեթոդի դեպքում արագացման արդյունավետությունը հասնում է 100 Մէվ/մ-ի։ Մյուս եղանակը իոնների արագացումն է էլեկտրոնային օղակներով, որի դեպքում ստեղծվում է էլեկտրոնային կայուն թանձրուկ, և վերջինիս մեջ ներմուծվում են դրական իոններ։ Երբ արտաքին դաշտն արագացնում է թանձրուկը, արագացում են ստանում նաև իոնները։ Այս մեթոդի ֆիզիկական սկզբունքները մշակվել են Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում։ Աշխարհի շատ երկրներում աշխատանքներ են տարվում կոլեկտիվ մեթոդներով մի քանի հարյուր Մէվ/մ արդյունավետության հասնելու հնարավորությունների ուսումնասիրման ուղղությամբ։ Կան բազմաթիվ առաջարկություններ և տեսական մշակումներ էլեկտրամագնիսական դաշտերը և տարբեր անկայունությունների դեպքում առաջացող դաշտերը փնջերով գրգռվող պլազմայում կամ տարբեր գոյացումներում օգտագործելու վերաբերյալ։ Դրանցից են էլեկտրոնային ավտոարագացումը, չերենկովյան ճառագայթման ինվերսիան, արագացումը էլեկտրամագնիսական ճառագայթման ճնշմամբ և այլն։

Երևանի ֆիզիկայի ինստիտուտում առաջարկվել և մշակվում է միջավայրում էլեկտրոնների լազերային արագացման մեթոդը։ Տեսական հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ մեթոդով հնարավոր է արագացման արդյունավետությունը հասցնել մինչև 1000 Մէվ/սմ-ի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 510