Գրավիտացիոն կոլապս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլապս (այլ կիրառումներ)
Գրավիտացիոն կոլապսի մեխանիզմի մոդել

Գրավիտացիոն կոլապս (լատին․՝ collapsus), ձգողության ուժերի ազդեցությամբ աստղի կործանարար արագ սեղմում։ Համաձայն արդի տեսական պատկերացումների` կոլապսը որոշիչ դեր է խաղում մեծ զանգվածով աստղերի զարգացման վերջին փուլում։ Սովորաբար, աստղը գտնվում է հավասարակշռված վիճակում, ձգողության ուժերը, որոնք ձգտում են սեղմել աստղի նյութը, հավասարակշռվում են աստղի շիկացած գազի ճնշման ուժերով, որոնք դիմադրում են սեղմման պրոցեսին։ Գազի ջերմաստիճանը, ուստի և ճնշման ուժերը արդյունք են աստղի ընդերքում տեղի ունեցող ջերմամիջուկային ռեակցիաների։ Մի քանի միլիարդ տարվա ընթացքում աստղի ջերմամիջուկային էներգիայի աղբյուրներն աստիճանաբար սպառվում են, իսկ աստղը շարունակում է ճառագայթել հսկայական էներգիա (մակերևույթից՝ լույս, իսկ ընդերքից՝ նեյտրինո

Դա հանգեցնում է աստղի դանդաղ սեղմման։ Աստղի հետագա վիճակը կախված է նրա զանգվածից։ Եթե զանգվածը հավասար է կամ գերազանցում է 1, 2 M (M-ը Արեգակի զանգվածն է), ապա աստղի կենտրոնական տիրույթում խտության աճման հետ շատ արագ աճում են գրավիտացիոն ուժերը (համեմատած ճնշման ուժերի հետ)։ Հավասարակշռությունը խախտվում է, և ձգողության ուժերի շնորհիվ աստղը սրընթացորեն սեղմվում է։ Տեղի է ունենում կոլապս, որը կատարվում է վայրկյանի մասերի ընթացքում։ Որպես կոլապսի հետևանք դիտվում է գերնոր աստղի բռնկում, իսկ աստղի միջուկը հանդես է գալիս որպես նեյտրոնային աստղ։ Եթե միջուկի զանգվածը գերազանցում է 2 M, ապա աստղի միջուկը շարունակում է սեղմվել, և նրա ձգողության ուժերն այնքան են աճում, որ ոչինչ չի կարող կանխել հետագա սեղմման պրոցեսը։ Սկսվում է ռելյատիվիստական կոլապս։ Աստղի շառավիղը հավասարվում է այսպես կոչված գրավիտացիոն շառավղին (մեծությունը կախված է աստղի զանգվածից և հավասար է շուրջ 3 M0 կմ. M0-ն աստղի զանգվածն է՝ արտահայտված Արեգակի զանգվածի միավորներով), ձգողության դաշտը բաց չի թողնում ոչ մի ճառագայթում, ոչ մի մասնիկի արձակում։ Երկնային այսպիսի մարմինն անվանում են «սև խոռոչ»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 508