Կենսաբանական տարեգրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաբանական տարեգրություն, կենդանի օրգանիզմում բնակլիմայական փոփոխությունների (հատկապես Արեգակի երկարատև պարբերաշրջանային տատանումների) ազդեցության արձանագրում։

Արեգակի ակտիվությունը ենթարկվում է բազմամյա պարբերաշրջանային բարդ տատանումների՝ 11-ամյա, 35-ամյա, մեկդարյա և այլն, որոնք ակնառու են հատկապես բազմամյա ծառերի վրա։ Դրանց տարեկան աճի փոփոխությունների միջոցով կարելի է որոշել արտաքին պայմանների պարբերական տատանումները։

Ռուս անտառագետ Ֆ.Ն. Շվեդովը նկատել է (1892), որ սպիտակ ակացիայի բնի կտրվածքի վրա տարեկան օղակները բաշխված են անհավասարաչափ՝ որոշակի խտացումներով և նոսրացումներով, որոնք նա բացատրում էր խոնավ և երաշտ տարիների հաջորդումներով։

Հետագայում զարգացել է կենսաբանական տարեգրության հատուկ ճյուղ՝ դենդրոժամանակագրություն, որը զբաղվում է ծառերի տարեկան օղակների փոփոխություններով արտաքին միջավայրի փոփոխությունների և բնական երևույթների տարեգրության ուսումնասիրությամբ։ Ձևավորվել է նաև դենդրոկլիմայագիտությունը, որը զբաղվում է ծառերի տարեկան օղակների փոփոխություններով անցյալի կլիմայական պայմանների վերականգնման և կանխագուշակման հարցերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։