Կենսաբազմազանության հիմնական տեսակները և ռեսուրսները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կենսաբանական էկոհամակարգերում գտնվող որոշակի տեսակներ կարող են կատարել այնպիսի կարևոր դեր, որ որոշում են մյուս տեսակների էկոհամակարգում պահպանվելու հատկությունը։ Այսպիսի տեսակները ազդում են էկոհամակարգերի ստեղծման վրա ավելի շատ, քան թե առանձնյակների թվաքանակը և կենսազանգվածը։ Բնապահպանների համար առաջնային է այս տեսակների պահպանությունը, քանի որ նրանց վերացումից հետո կսկսեն վերանալ նաև այդ տարածքի շատ ուրիշ տեսակներ։ Խոշոր գիշատիչները, օրինակ, գայլերը, համարվում են համեմատաբար ավելի կարևոր տեսակներ, քանի որ դրանք կարգավորում են խոտակերների պոպուլյացիաների առանձնյակների քանակությունը։ Գայլերի բացակայության դեպքում եղնիկների և այլ խոտակերների քանակը այնքան կմեծանա, որ տեղի կունենա բուսածածկույթի անհետացում և դրա հետևանքով կբերի նաև բուսածածկույթի հետ կապված միջատների անհետացմանը և հողային էռոզիային։ Տրոպիկական անտառներում ֆիկուսները համարվում են գլխավոր խումբ, որոնք ապահովում են մի շարք թռչունների և կաթնասունների գոյությունը իրենց պտուղներով այն շրջանում, երբ այդ կենդանիների կողմից նախընտրվող սնունդը բացակայում է։ Կուղբերը նույնպես գլխավոր տեսակ են, քանի որ իրենց ամբարտակների շնորհիվ նրանք ստեղծում են խոնավ ապրելավայրեր, որոնք օգտագործվում են տարբեր այլ տեսակների կողմից։ Գլխավոր են նաև պաթոգեն օրգանիզմների և մակաբույծների տեսակները, որոնք կարգավորում են իրենց տերերի թվաքանակը։ Միակ հիմնական տեսակի ոչնչացումը, եթե նույնիսկ այն զբաղեցնում է կենսազանգվածի շատ չնչին հատվածը, կարող է հիմք հանդիսանալ մի շարք իրար հետ կապված տեսակների զանգվածային ոչնչացմանը, որը կոչվում է մահվան հեղեղ։ Այս ամենի հետևանքով առաջանում է շատ քիչ բազմազանությամբ օժտված էկոհամակարգ և եթե նույնիսկ հիմնական տեսակը վերադառնա էկոհամակարգ, ապա այն չի վերադառնա իր նախնական վիճակին, երե արդեն անհետացել են նրա մյուս անդամները և խախտվել են շրջակա միջավայրի բաղադրիչները (օրինակ՝ հողը)։

Բացի տեսակներից, էկոհամակարգի համար հիմնական են համարվում նաև ռեսուրսները։ Բնական արգելոցները հիմնականում համեմատվում և գնահատվում են իրենց տարածքով, քանի որ ավելի մեծ արգելոցներում ավելի շատ տեսակներ են ապրում։ Հենց ինքը տարածքը այնքան կարևոր չէ, որքան նրանում գտվող ապրելավայրերը և ռեսուրսները։ Բնության որոշակի պաշարներ կարող են պարունակել հիմնական տեսակների կամ ռեսուրսների խումբ, որոնք զբաղեցնում են պահպանվող տարածքի միայն չնչին մասը, չնայած որ համարվում են հիմնականը էկոհամակարգի մյուս տեսակների համար։ Օրինակ՝ գետերի և գետակների մեծ խորությունները կարող են հանդիսանալ մի շարք ձկների և այլ տեսակների համար միակ օթևանը չոր սեզոնի ժամանակ, երբ ջրի մակարդակը կտրուկ իջնում է։ Այդ հատվածները կարող են դառնալ նաև խմելու ջրի միակ փրկող աղբյուրները մոտակա տարածքում ապրող կենդանիների համար։ Մի շարք ծառերի կոճղերը անհրաժեշտ են տարբեր թռչուններին և կաթնասուններին սերունդի ստեղծման և դաստիարակման համար։ Երբ որ մահացած ծառերի կոճղերը կտրում են, այդ տեսակները դադարում են բազմանալ, չնայած որ անտառը ուրիշ ոչ մի հատկանիշով չի փոխվում։