Կարոտ Մկրտչյան
Ջամբազի արծիվ Կարոտ Հովհաննեսի Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1964 |
Ծննդավայր | Քամիշլի, Սիրիա |
Մահացել է | 1992 (անհետ կորած) |
Մահվան վայր | անհետ կորած |
Երեխաներ | 1 տղա |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կարոտ Հովհաննեսի Մկրտչյան (Ջամբազի արծիվ), (փետրվարի 19, 1964 թ.-1992 թ.-անհետ կորած) Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՅԴ անդամ, Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատար, «ԼՂՀ մարտական խաչ 1 աստիճանի շքանշան|, ՀՀ Մարտական խաչ երկրորդ» աստիճանի շքանշանի ասպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոտը ծնվել է 1964 թ. փետրվարի 19-ին Սիրիայում։ Մեկ տարի անց՝ 1965 թ դեկտեմբերի 22֊ին նրա ընտանիքը գաղթել է Հայաստան։ 4 զավակ ունեին, Կարոտը՝ 3֊րդ զավակն էր։ Հայրենասիրական ոգով դաստիարակված Կարոտը հասակ է առել Պռոշյան գյուղում։ Պատանի հասակում զբաղվել է ըմբշամարտով։ Պռոշյանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Պոլիտեխնիկական համալսարան։ 1982-1983 ուսումնական տարում, ավարտելով առաջին կուրսը, զորակոչվում է խորհրդային միության բանակ։ 1983-1985 թթ. ծառայել է խորհրդային միության բանակում։ Բանակից վերադարձել է բազմաթիվ շնորհակալագրերով ու պատվոգրերով։ 1985-1989 թթ. շարունակել է ուսումը Պոլիտեխնիկական համալսարանում։ 1989 թ. ավարտել է համալսարանը «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ՝ ստանալով Ինժեներ - մեխանիկի որակավորում։ 1988 թ. սկսված արցախյան ազատամարտի առաջատարներից մեկն էր, և ուսանողների շրջանում կատարում էր լայնածավալ քարոզչական աշխատանք։
Արցախյան պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարոտը Արցախյան շարժման հենց սկզբից նվիրվել է Հայաստանի սահմանների պաշտպանությանը և Արցախի գոյապայքարին։ 1989-ից եղել է Պռոշյանի դաշնակցական ջոկատների ընդհանուր հրամանատարը։ 1990 թ. աշնանը Կարոտի խումբը Նոյեմբերյան-Շամշադին գծից վերադառնալուց հետո մեկնում է Հյուսիսային Արցախ, ուր Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ համալրում է Շահումյանի պաշտպանական ուժերը։ Զենք-զինամթերքի հայթայթումից զատ, Կարոտն իր ընկերների՝ Պետոյի և Հրաչի հետ միասին, շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար կարճ ժամանակում տեղացի ուժերից ստեղծում էր նոր մարտական խմբեր, սովորեցնում նրանց զենքի ու մարտարվեստի նրբությունները։ 1991 թ. ապրիլի 18-ին Պռոշյանի, Բաղրամյանի, Հրազդանի ջոկատները միանում են Գետաշենի՝ ԹաթուլԿրպեյանի հրամանատարության տակ գտնվող խմբերին։ Կարոտի խումբը տեղափոխվում է Մարտունաշենի դիրքեր՝ համալրելու Սիմոն Աչիգյոզյանի հրամանատարությամբ գործող ջոկատը։ Այդ օրերին հատկապես մեծ արձագանք գտավ 1991 թ. ապրիլի 30-ին Օղակ 1-ին գործողության ժամանակ Սիմոն Աչիգյոզյանի և «Արաբո» ջոկատի համագործակցությամբ Կարոտի առաջնորդած ազատամարտիկների մղած կռիվը Մարտունաշենում՝ խորհրդային բանակի զինվորների և ադրբեջանական ՕՄՕՆ-ի դեմ։ 1991 թ. Կարոտը նշանակվեց Ստեփանակերտի՝ Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտի, գրոհային դասակի հրամանատար։ Կարոտի խումբը մասնակցեց Լեսնոյի և Խոջալուի ազատագրմանը, ինչպես նաև Ումուդլուի, Փարուխի և Մալիբեյլիի մարտերին։
Շահումյանի ինքնապաշտպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդառաջելով Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության և անձամբ Շահեն Մեղրյանի համառ պահանջներին՝ Պռոշյանի ջոկատը Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանից ստանում է քսանինը միավոր զենք (ինքնաձիգներ, գնդացիրներ ու նռնականետ) և Շուշիի գրոհից մի քանի օր առաջ ուղղաթիռով Կարոտի և Պետոյի հրամանատարությամբ մեկնում Շահումյան ու տեղի ինքնապաշտպանական խմբերի համագործակցությամբ ստանձնում Բուզլուխի պաշտպանությունը։ Այդ օրերին Կարոտը, հոգում խեղդելով Շուշիի ազատագրմանը մասնակցելու ցանկությանը, անկեղծ հավատով կրկնում էր. «Տարբերություն չկա, թող մեր ընկերներն ազատագրեն Շուշին, իսկ մենք` Գետաշենն ու Մարտունաշենը»։ Եվ ավելի անհողդողդ էր դառնում. «Մինչև Գետաշենն ու Մարտունաշենը չազատագրենք, ես Ղարաբաղից տուն չեմ վերադառնա»։ Պռոշյանցի մարտիկները դիրքեր են գրավում Ջամբազի լեռնագագաթի 29-րդ հենակետում։ Մի քանի օր անց նրանց են միանում Նոր Երզնկայի մարտախումբը՝ Սարո Փամբուխչյանի գլխավորությամբ, իսկ Շուշիի և Լաչինի գործողություններից հետո՝ նաև բուժականցիներ Մուրադը, Պավլիկը, Ազատն ու Ֆելիքսը, ինչպես նաև բաղրամյանցի Մանվելը։ Նույն օրերին նաիրցիների հարևանությամբ Ջամբազի 25-րդ հենակետում է հաստատվում Սասուն Սիմոնյանի գլխավորած ալավերդցիների խումբը։ Վերոհիշյալ խմբերն ու պռոշյանցիների ջոկատը գործում էին Կարոտի ընդհանուր հրամանատարությամբ։ Հունիսի 13-ին ազերիների և Գյանջայի (Կիրովաբադ) շրջանում տեղակայված ռուսական հատուկ նշանակության դիվիզիաներից մեկի գերազանցող ուժերի և զրահատեխնիկայի դեմ մղած անհավասար և հերոսական մարտը վերջինը եղավ Կարոտի համար։ Կարոտը կատարեց մի զարմանահրաշ քայլ, որն ընդունակ էր իրագործել միայն խելահեղ քաջությամբ ու անսասան վճռականությամբ օժտված մարդը։ Գերազանց գիտենալով, որ բարձունքներում արդեն թշնամու հարյուրավոր զինվորներ են, նա, այնուամենայնիվ, աներկբայորեն վճռում է բարձրանալ իրենց նախկին դիրքերը։ Նրա կատարած այդ քայլը հավասարազոր էր ինքնակամ նահատակության։ Կարոտի անհետանալը Շահումյանում ցույց տվեց նրա՝ թշնամու դեմ կանգնելու ու պայքարելու վճռականությունը և պայքարելու անկոտրում կամքը։
Կարոտի խոսքերից
[խմբագրել | խմբագրել կոդը]Թշնամու գնդակը ինձ երբեք չի դիպչի - Կարոտ Մկրտչյան
|
Շահումյանից հետո, Ղարաբաղի դարպասը բաց է մնալու։ Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ ադրբեջանցիները տիրեն ու ամրապնդվեն այդ դիրքերում |
Իր խոսքը ավելի համոզիչ ու ազդեցիկ դարձնելու և ընկերներին առավելագույնս վճռականություն ու հաստատակամություն հաղորդելու նկատառումով հավելում է.
Եթե այսօր թշնամուն հանձնենք Շահումյանը, ապա վաղը կհանձնենք նաև Հայաստանը |