Jump to content

Կարապետ Սիտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Սիտալ
Ծնվել է1891[1]
Վախճանվել էմայիսի 26, 1972(1972-05-26)[1]
Վախճանի վայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Մասնագիտությունբանաստեղծ, խմբագիր և գրող
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Կարապետ Սիտալ Վիքիդարանում

Կարապետ Շահենի Սիտալ (Շահինյան) (1891, Կաճետ կամ Կաշտ (Արևմտյան Հայաստանի Շատախի գավառում) - մայիսի 26, 1972, Ֆիլադելֆիա), հայ բանաստեղծ, խմբագիր, հասարակական գործիչ։ 1895-1896 թվականների հայկական կոտորածների ժամանակ Շահինյանների ընտանիքը տեղափոխվել է Վան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողներից զրկվելով՝ Սիտալն ապաստանել է ամերիկյան որբանոցում։ 1907 թ.-ին ավարտել է Վանի Ամերիկյան բարձրագույն վարժարանը, 1910 թվականին՝ Թավրիզի Ամերիկյան քոլեջը։ Վերադառնալով Վան՝ նվիրվել է ուսուցչությանը։ 1911 թվականին, Հ. Ավագյանի և Ս․ Ժամկոչյանի հետ հիմնել ու խմբագրել է «Վան-Տոսպ» պարբերականը։ 1914 թվականին, խուսափելով թուրք զինվորագրությունից, մեկնել է ԱՄՆ, հաստատվել Ֆիլադելֆիայում, որտեղ հետևել է Փենսիլվանիայի համալսարանի գրականության և գեղարվեստի դասընթացներին։

Իր հիմնադրած տպարանում, որը գործել է շուրջ 40 տարի, Սիտալը 1923-1924 թվականներին լույս է ընծայել «Հորիզոն» գրական, գիտական, հասարակական շաբաթաթերթը (խմբագրել է Փ․ Մինասյանի և Հ․ Հովսեփյանի հետ)։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո հարել է ԱՄՆ-ում գործող Հայ բանվորական կուսակցությանը, որը հետագայում մտել է ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության մեջ՝ կազմելով վերջինիս հայկական հատվածը։ Սիտալը եղել է «Խորհրդային Հայաստանի տեխ․ օգնության», «Հայաստանի օգնության կոմիտեի» (ՀՕԿ) և այլ առաջադիմական միությունների անդամ։

Կյանքի վերջին տարիներին Ամերիկահայ առաջադիմական միության պատվո նախագահն էր։ Քանիցս այցելել է Խորհրդային Հայաստան, որտեղ նշվել են նրա գրական-հասարակական գործունեության 40, 50, 60-ամյակները[3]։

Առաջին ստեղծագործությունները լույս են տեսել «Առավոտ», «Զանգ» (Թավրիզ), «Վան֊Տոսպ» (Վան) պարբերականներում (1910-ական թթ․)։ «Դուսաներգեր» (1919 թ.), «Կարավանի ետևէն» (1922 թ.) գրքերը պարունակում են հայկական ժողովրդական ավանդավեպերի մշակումներ՝ «Ոսկե խոտը», «Արևամարդը», «Մհեր», «Ծամթել» և այլն։ «Գիշերէն մինչև լուսաբաց» (1931 թ.) ժողովածուում Սիտալը բանաստեղծությունների շարքեր է նվիրել Սովետական Հայաստանին և, իր բառերով ասած, «ռազմերգել է հայ բանւորութեան և միջազգային պրոլետարիատի պայքարը․․․»։ Սիտալը գրել է նաև «Գիւղն իմ հեռաւոր» (1936 թ.) պոեմը, «Սասնայ ծռեր» (1939 թ.) դյուցազներգությունը, գրական մշակման ենթարկել «Կաշտի քաջեր» (1942 թ.) վիպերգը։ «Հազարան բլբուլ»-ը[4] (1946 թ.)՝ հայկական նույնանուն հեքիաթի, իսկ «Հովիվ Ազոն» (1954 թ.)՝ քրդական «Ների Բալո» վիպերգի մշակումն են։

Սիտալը հեղինակ է նաև հրապարակախոսական երկերի («Տեսայ մեր երկրի արևածագը», 1948 թ., «Հայաստանի լուսափառ արևածագը և Վրացեանի մարող ձէթի ճրագը», 1949 թ., «Արևածագ և առաւօտ», 1957 թ., «Նոր հորիզոններ», 1959 թ.), որոնցում նոթագրել է Սովետական Հայաստանից ստացած տպավորությունները։

  • Լուսաբաց, Ե․, 1936 թ.։
  • Պայքարի երգեր, Ե․, 1953 թ.։
  • Դյուցազնական, Ե․, 1957 թ.։
  • Ոսկեհունձ, Ե․, 1962 թ.։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սելյան Պ., Կարապետ Սիտալ, Ե., 1961[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
  2. Deutsche Nationalbibliothek Record #1140023705 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  4. Սիտալ, Կարապետ (1946). Հազարան Բլբուլ. Ամերիկահայ Հառաջդիմական Միութիւն.
  5. Սելյան, Պատրիկ Աբրահամի (1961). Աղաբաբյան, Սուրեն Բարդուղի (ed.). Կարապետ Սիտալ. Գիտա-մասսայական գրադարան. Գրականության ինստիտուտ Մ. Աբեղյանի անվան ՀՍՍՌ ԳԱ. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 404