Կարաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարաու, ժողովրդական բանահյուսության նմուշ, լեգենդ, որ տարածված է հատկապես Արգենտինայի հյուսիսարևելյան շրջաններում

Լեգենդը մի երիտասարդ տղայի մասին է, որին իր մահամերձ մայրը ուղարկում է դեղի, բայց պատանեկան հովերով տարված, միամիտ տղան հայրենի գյուղ վերադառնալու ճանապարհին հեռվից ակորդեոնի երաժշտություն լսելով, գայթակղվում է, մոռանում օրհասական հիվանդ մոր մասին, փոխում է ճամփան, գնում դեպի երգն ու երաժշտությունը, ընկնում գյուղական մի տոնախմբության մեջ։ Ցնծալից այդ մթնոլորտում նա սկսում է պարել տեղացի մի գեղեցկուհու հետ՝ աշխարհում ամեն ինչ մոռացած, աշխարհից ասես վերացած։ Այդ թեժ, բորբոք պահին ընկերը Կարաուին հայտնում է, որ նրա անօգնական մնացած մայրը հենց քիչ առաջ մահացավ, և այդ կապակցությամբ ցավակցում է Կարաուին։ Իսկ վերջինս ի պատասխան ասում է. «Ոչի՛նչ, ընկե՛րս, ես դեռ ժամանակ կունենամ ողբալու և արցունք թափելու»։ Եվ շարունակում է պարել գեղեցկուհու հետ։ Հետո, երբ մութն ընկնում է, նա ցանկություն է հայտնում այդ աղջկան ուղեկցելու նրա տուն, բայց վերջինս սառնորեն պատասխանում է, որ ինքը չի ցանկանում իր տանը տեսնել մեկին, ով անտեսում է օգնության կարոտ, հիվանդ մորը։

Աղջկան հրաժեշտ տալով՝ սիրտը կոտրված, արցունքն աչքերին տղան բռնում է տունդարձի ճամփան և ճանապարհին թռչուն է դառնում[1]։ Ընդ որում՝ թուփան (աստվածը) դատապարտում է նրան, որ ընդմիշտ սև զգեստներ (փետուրներ) հագած՝ ամենուրեք ու անդադար կանչի՝ «կարաու, կարաու, կարաու...»՝ ճիշտ և ճիշտ թռչնային ողբալի ձայնով...

Ժողովրդական երգերի հեղինակ Էմիլիո Չամորոն այս լեգենդը վերածել է երգի, որը սովորաբար կատարվում է «չամամե» ոճով[2]։ «El Caráu» երգի լավագույն կատարողներից են համարվում Սիտտո Սեգովիան և Մարիո Բոֆիլը, որոնք հորինել են դրա յուրօրինակ տարբերակները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]