Կապդեպերա (ամրոց)
![]() | |
Տեսակ | դղյակ և հուշարձան |
Տեղագրություն | Կապդեպերա, Իսպանիա |
Վարչական միավոր | Capdepera?[1] |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 1300 |
Կառուցող | Խայմե II |
Կայք | castellcapdepera.com |
![]() | |
![]() | |
![]() |
Կապդեպերա (կատ.՝ Castell de Capdepera), ամրոց Իսպանիայի Մալյորկա կղզում՝ Կապդեպերա համայնքում։ Կառուցվել է 14-րդ դարում։ Տեղակայված է կղզու հյուսիս-արևելքում գտնվող լեռան վրա՝ Մալյորկան ու Մենորկան բաժանող նեղուցի ափից 2,5 կմ հեռավորության վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի ներկայիս տարածքը հին ժամանակներում պատկանել է այդ լեռան ստորոտներին բնակություն հաստատած մարդկանց։ 10-րդ դարում մավրերը այդտեղ հիմնել են պաշտպանական կառույցներ, որոնցից պահպանվել է միայն աշտարակի ներքին հատվածը։ 1229 թվականին շինությունը գրավել է Արագոնի թագավոր Խայմե I-ը։ 1231 թվականին աշտարակում կնքվել է Կապդեպերայի համաձայնագիրը[2], ըստ որի՝ Մենորկան անցել է Խայմե I-ի տիրապետության տակ[3]։
1300 թվականին Խայմե II-ն այդտեղ կառուցել է ամրոց, որի ներսում բնակվել են մարդիկ։ Նախապես պլանավորված էր, որ ամրոցը կունենա տարբեր նշանակության 50 կառույցներ, և այնտեղ կբնակվի 200 մարդ։ Այդ պատճառով էլ Կապդեպերան ավելի շատ նման է պաշտպանական կառույցներ ունեցող բնակավայրի, քան ամրոցի։
1342 թվականին կառուցվել են ամրոցի պատերն ու դարպասները։ 1386 թվականին ավարտին է հասցվել աշտարակների շինարարությունը։ 16-17-րդ դարերում կղզու վրա պարբերաբար հարձակվել են ծովահենները։ Այդ ժամանակ էլ ծաղկում է ապրել բնակավայրը։ 17-րդ դարի վերջին բնակավայրը տարածվել է ամրոցի սահմաններից դուրս, իսկ 18-րդ դարում՝ կղզու պաշտպանական կառույցների վերակազմավորումից հետո, բնակչությունը տեղափոխվել է ավելի անվտանգ վայրեր։ Ամրոցում մնացել է միայն կայազորը։
1983 թվականին ամրոցը դարձել է համայնքային սեփականություն։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը տեղակայված է կղզու հյուսիս-արևելքում գտնվող լեռան վրա, որ ունի ծովի մակարդակից 130 մետր բարձրություն։ Այդտեղից երևում են մոտակա մի քանի ծովախորշերը և Մալյորկա ու Մենորկա կղզիների միջև ընկած նեղուցը[4]։
Ամրոցը տեղակայված է ժայռի զառիվայր ստորոտին և հիմքում ունի եռանկյունու ձև։ Գլխավոր աշտարակը, որ կառուցվել է մավրերի կողմից, տեղակայված է գագաթից փոքր-ինչ ներքև։ Ամրոցի ավելի հին ներքին հատվածը քառակուսաձև է, նրա վրա կառուցվել է կոնաձև վերին հատվածը։ Ամրոցի հյուսիսային կողմում գտնվում է Վիրգին դե Էսպերանսա եկեղեցին, որ իր ներկայիս տեսքն ստացել է 18-րդ դարում։ Նրա հարթ տանիքին տեղակայված է պահակային ու հրետանային հարթակ։
Ամրոցում չկան խմելու ջրի աղբյուրներ, այդ պատճառով էլ եկեղեցուց ոչ հեռու կառուցվել է ջրի գետնապահեստ։ Ամրոցի արևելյան պատի վրա կառուցվել են Եղջյուրի ու Տիկնոջ աշտարակները, Հարավային պատի վրա՝ Մշուշային, Խայմե թագավորի և Ափի բնակիչների աշտարակները։
Ամրոցի գլխավոր դարպասները գտնվում են Խայմե թագավորի աշտարակում, իսկ 17-րդ դարում կառուցվել են նոր դարպասներ Տիկնոջ և Մշուշային աշտարակների միջև։ Եղջյուրի աշտարակում ու երկու դարպասների վերևում կառուցվել են հրակնատներ։
Ներկայումս ամրոցի պատերի ներսում գտնվող տներից պահպանվել են միայն 19-րդ դարում կառուցված Նահանգապետի տունն ու Տիկնոջ տունը համանուն աշտարակի մոտ։
2000 թվականին նշվել է ամրոցի հիմնադրման 700 տարին[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Rubén P. Atienza Ciutadell (հունվարի 24, 2010)։ «Recordando el Tratado de Capdepera (Remembering the Treaty of Capdepera)» (Spanish)։ Editorial Menorca։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-08-ին։ Վերցված է փետրվարի 11, 2011
- ↑ «Municipio de Capdepera (Información cultural) (Municipality of Capdepera - Cultural Information)» (Spanish)։ Abaces։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-03-ին։ Վերցված է փետրվարի 11, 2011
- ↑ «Historia medieval de Capdepera (Medieval History of Capdepera)»։ Arteguías։ August 2010։ Վերցված է մարտի 14, 2011
- ↑ «Capdepera Castle»։ հուլիսի 13, 2004։ Վերցված է ապրիլի 21, 2013
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Miquel Dolç Gran Enciclopèdia de Mallorca. — Palma: Promomallorca. — Т. 3. — 107 с.
- Catalina Garau, Bernat Oliver Castell de Capdepera. — BAHIA industiagrafica. — 7 с.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Капдепера — Capdepera, Мальорка, Испания // Мир замков» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-14-ին։ Վերցված է 2011-06-11
- «Capdepera Castle» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-05-14-ին։ Վերցված է 2011-06-11
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կապդեպերա (ամրոց) կատեգորիայում։ |