Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 20, 2012 թ.
Մարսի հիդրոսֆերա, Մարս մոլորակի ջրային պաշարների ամբողջությունն է, որը բաղկացած է բևեռային գլխարկներում կենտրոնացված սառույցից, մակերևույթի տակ գտնվող սառույցի շերտերից, բացի այդ, հնարավոր է, որ գոյություն ունեն լիթոսֆերայի վերին շերտերում գտնվող հեղուկ ջրի կամ աղերի լուծույթներով հագեցած ջրի ջրամբարներ։ Մարսի հիդրոսֆերան անվանում են նաև կրիոլիթոսֆերա, քանի որ Մարսի վրա գերակայող ցածր ջերմաստիճանի պատճառով ջրի պաշարները գտնվում են հիմնականում պինդ վիճակում։
Շատ ցուցանիշներով Մարսը չափազանց նման է Երկրին, ինչ ստիպում էր XIX դարի և XX դարասկզբի գիտնականներին ենթադրել, որ այնտեղ կա կյանք և կա հեղուկ ջուր։ Մոլորակի մասին տվյալների աճի հետ մեկտեղ մարդիկ հորինեցին Մարսի մթնոլորտի ուսումնասիրման նոր մեթոդներ։ Մթնոլորտի սպեկտրոսկոպիկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այնտեղ ջրի պարունակությունը չնչին է։
Աստղագիտական դիտարկումներին և սպեկտրոսկոպիկ չափումներին փոխարինման եկան Մարսի ուղղակի հետազոտությունները տիեզերական սարքերով։ Սկզբում հետազոտողների ուշադրության կենտրոնում էին գտնվում Մարսի բևեռային գլխարկները, քանի որ ենթադրվում էր, որ նրանք ինչպես և Անտարկտիդան և Գրենլանդիան Երկրի վրա ծածկված են ջրի սառույցով։ Սակայն հետագայում պարզվեց, որ հիմնականում Մարսի բևեռային գլխարկները բաղկացած են ածխաթթու գազի սառույցից։ Ժամանակակից սարքավորումներով հետազոտությունների ընթացքում, միայն 2000 թվականին հաստատվեց, որ բացի ածխաթթու գազից մարսյան բևեռային գլխարկների սառույցների զանգվածում կա նաև հսկայական քանակությամբ ջրային սառույց։ շարունակել...