Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 52, 2021 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Շուշիի հայերի կոտորածներ (նաև՝ Շուշիի ջարդեր), Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության մասսայական կոտորած, ջարդեր, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան, որն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության բանակը, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների, ներկայիս ադրբեջանցիների) և քրդական առանձին խմբավորումների կողմից 1920 թվականի մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց։

1919 թվականի հունվարի 15-ին Մուսավաթական Ադրբեջանի իշխանություններն անգլիացիների համաձայնությամբ Արցախի գեներալ-նահանգապետ նշանակեցին Խոսրով-բեկ Սուլթանովին։ Բայց Արցախի հայերի IV և V համագումարների որոշումներով Արցախը հռչակվել էր Հայաստանի անբաժան մաս, ուստիև չէր պատրաստվում ենթարկվել Մուսավաթական Ադրբեջանի նշանակած գեներալ-նահանգապետին: Արցախի Ազգային խորհուրդը բրիտանական զորքերի հրամանատարությանն ուղղված 1919 թվականի մայիսի 30-ի գրության մեջ Սուլթանովի նշանակմանն իր անհամաձայնությունը հիմնավորում էր նրանով, որ վերջինս հայտնի է որպես թուրքական նախկին գործակալ և արդեն աչքի է ընկել իր հակահայկական տրամադրություններով։ Ավելին, նշվում էր, որ Սուլթանովը 1918 թվականին տեղի ունեցած Բաքվի հայերի ջարդերի պատասխանատուներից մեկն է, քանզի նրա կողմից կազմավորված հրոսակախմբերը քաղաքը գրավելուց հետո ակտիվ մասնակցություն են ունեցել հայ բնակչության զանգվածային կոտորածներին։ Բրիտանական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնը նույնպես Սուլթանովին թուրքամետ գործիչ և պանիսլամիստ էր համարում, սակայն միաժամանակ նշում էր, որ իրենց հսկողության տակ նա արդյունավետ կաշխատի և կարգուկանոն կհաստատի Արցախում։ Երիտթուրքերի հետ սերտ կապեր ունեցող մուսավաթական իշխանությունները և անձամբ Սուլթանովը ամբողջությամբ փոխառել էին հայերին բնաջնջելու երիտթուրքական փորձը։ Արցախում ու մասնավորապես Շուշիում նրանք ձգտում էին գրեթե նույնությամբ կրկնել Մեծ եղեռնին նախորդած նախապատրաստական գործողությունները, ինչպես նաև այդ հանցագործության փուլերը՝ նույն հաջորդականությամբ ու մեթոդներով։ Արցախում գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակվելուց հետո Սուլթանովը մի կողմից ձգտում էր անգլիացիների աջակցությամբ բանտարկել կամ Արցախից հեռացնել հայ մտավորականներին և հեղինակավոր գործիչներին, իսկ մյուս կողմից՝ նյութական օգնություն տրամադրել չքավոր հայերի այն հատվածին, որը պատրաստ էր ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը։ Զանգվածային կոտորածներից առաջ հայ բնակչության ուշադրությունը շեղելու և նրա զգոնությունը բթացնելու այս հնարքները, որոնց դրսևորումներից էր նաև սոցիալական տարբեր խմբերին պատկանող հայերին միմյանց դեմ տրամադրելը, ցեղասպանությունից առաջ կիրառել էին նաև երիտթուրքերը։ Նման գործողություններով երիտթուրքերի վարչակարգը Օսմանյան կայսրությունում, իսկ մուսավաթական իշխանությունները՝ Արցախում փորձում էին պառակտել հայ բնակչությանը՝ զանգվածային կոտորածների ժամանակ վերջինիս զրկելով ինքնակազմակերպվելու և ինքնապաշտպանվելու հնարավորությունից։

Շուշիի հայ բնակչության հետ հաշվեհարդար տեսնելու առաջին փորձը Սուլթանովը կատարեց դեռ 1919 թվականի ամռանը․․․ Ավելին