Կախարդական խնձորենին (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախարդական խնձորենին
Ժանրհեքիաթ
Բնագիր լեզուլեհերեն

«Կախարդական խնձորենին» (լեհ.՝ Magiczna jabłoń), լեհական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է մի գեղջկուհու մասին, ով մի որդի ուներ, անունը` Վլադիսլավ[1]։ Գեղջկուհին մի օր գնում է անտառ` հատապտղի։ Գեղջկուհին մի ամբողջ պուտակ վայրի ազնվամորի է հավաքում։ Տուն վերադառնալու ճանապարհին նա հանդիպում է մի պառավի։ Պառավը նրանից խնդրում է վայրի մորին, իսկ դիմացը լավություն է խոստանում. Վլադիսլավին ցույց տալ երջանկության ճանապարհը։ Կինն ափսոսում է իր հատիկ առ հատիկ հավաքած ազվամորին, սակայն մտածելով իր որդու ապագայի մասին, համաձայնում է և դժվարությամբ մեկնում ազնվամորով լիքը պուտակը։ Պառավն ուտում է ամբողջ ազնվամորին և ասում, որ եթե նրա որդին գտնի իր սրտի ուզած գործը, ապա իրենք բախտավոր կլինեն, իսկ մարդիկ էլ օգուտ կքաղեն։ Սակայն պառավը չի ասում, թե որն է տղայի սիրած գործը։ Կինը նրա նստած տեղում մի մողեսի պոչ է տեսնում, իսկ պուտակն ինքը իրեն լցվում է ազնվամորով։ Կինը հասկանում է, որ հանդիպել էր ոչ թե հասարակ պառավի, այլ կախարդուհու։

Գեղջկուհին սկսում է հարմար գործ փնտրել իր որդու համար։ Նախ որդուն ուղարկում է դերձակի մոտ սովորելու։ Մի քանի ամիս անց որդին ասում է, որ դժգոհ է այս աշխատանքից։ Հետո նա որդուն տանում է կոշկակարի մոտ։ Այս անգամ էլ գործը տղայի սրտով չի լինում։

Դրանից հետո նրանք հանդիպում են ասպետին, ով ասում է, թե լագավույն գործը զինագործությունն է։ Վլադիսլավն այս աշխատանքն էլ չի հավանում և որոշում է տավարած դառնալ։ Սարերում նա հրդեհ է տեսնում, և այդ հրդեհից փրկում է մի մողեսի։ Մողեսը պառավ է դառնում, շնորհակալություն հայտնում տղային և խնդրում է, որ հետևի իրեն։ Նրանք միասին հասնում են մի մութ քարանձավ։ Այստեղ տղան երկու բաց սնդուկ է տեսնում. մեկի միջից կարմիր լույս էր ճառագում, մյուսի մեջ` շափյուղներ էին, բացի այս երկուսից քարանձավի մեջտեղում մի խնձորենի էր աճում, որի ճյուղերին ոսկե խնձորներ էին փայլում։ Կախարդը Վլադիսլավին ասում է, որ եթե սուտակների սնդուկն ընտրի, ամենագեղեցիկ տղամարդը կդառնա։ Եթե ընտրի շափյուղների սունդուկը, ամենահարուստը կդառնա, իսկ եթե ընտրի կախարդական խնձորենին, սրտով սիրած գործին կարժանանա։ Տղան հարցրնում է, թե դա ինչ գործ է։ Պառավն ասում է տղային, որ այդ խնձորենին հասարակ չէ. այն ամեն առավոտ ծաղկում է, իսկ երեկոյան բերք տալիս, նրա բերքն էլ հասարակ չէ. այն ոսկե խնձորներ է տալիս, որոնք կախարդական են և կարող են բուժել ցանկացած հիվանդություն. միայն թե պետք է անվճար տրամադրել դրանք մարդկանց։ Տղան խնդրում է կախարդական խնձորենին։ Այս խոսքերից հետո խնձորենին պոկվում է իր արմատներով և գնում տղայի հետևից։ Տղան խնձորենուն տանում և տնկում է իր պատշգամբի առջև։ Խնձորենին ամեն առավոտ ծաղկում էր, իսկ երեկոյան տալիս կախարդական խնձորենիները։ Տղան այդ խնձորենիներով բուժում է իր շրջապատի մարդկանց։ Կախարդական խնձորների մասին լուրը տարածվում է ամենուր։ Այս մասին լսում է նաև թագավորը, ով այդ ժամանակ հարբուխ ուներ։ Թագավորը որոշում է այցելել տղային. միևնույն պահին տղայի մոտ են բերում մահամերձ որսորդի։ Տղայի մոտ մեկ խնձոր էր մնացել։ Տղան որոշում է բուժել որսորդին։ Թագավորը շատ է զայրանում և հրամայում պոկել խնձորենին և տանել թագավորական պալատում տնկել։ Տղան նորից գնում է քարանձավ և պառավից նոր ծառ է խնդրում։ Պառավն առաջարկում է Վլադիսլավին ուտել կախարդական տանձեր։ Տարբեր գույների տանձեր ուտելով` նրա հետ տարբեր տարօրինակ երևույթներ էին կատարվում։ Նա վերցնում է այդ տանձերը և գնում թագավորի պալատ։ Տեսնելով տանձերի գեղեցկությունը` պալատականներն ցանկանում են գնել դրանք, իսկ Վլադիսլավը դրանք նվիրում է։ Ուտելով տանձերը` թագավորի գլխին պոզեր են աճում, և նրա քիթը մեծանում է։ Բուժման դիմաց տղան պահանջում է խնձորի ծառը։ Թագավորը տալիս է ծառը, և տղան շարունակում է բուժել մարդկանց[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վլադիսլավ
  • Գեղջկուհի, նրա մայրը
  • Պառավ կախարդ
  • Դերձակ
  • Կոշկակար
  • Ասպետ
  • Թագավոր
  • Պալատականներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեհական ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ռ. Ղարագյոզյան, Երևան, 2006, էջ 32
  2. Волшебная яблоня

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]