Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կանոնադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային միության դրոշ

Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կանոնադրություն, ԽՄԿԿ ներքին կյանքի հիմնական օրենք։ Որոշում է կուսակցության անդամի պարտականություններն ու իրավունքները, կուսակցության կազմակերպական սկզբունքները, ներկուսակցական կյանքի նորմերը և պրակտիկ գործունեության մեթոդները։ Պարտադիր է բոլոր կոմունիստների և կուսակցական կազմակերպությունների համար։ Այն ապահովում է Սովետական Միության կոմունիստական կուսակցության ծրագրի կատարումը՝ միավորելով նրա բոլոր անդամների ջանքերը։ Ընդունվում է ԽՄԿԿ համագումարի կողմից։ Վ․ Ի․ Լենինը ստեղծելով կոմունիստական կուսակցությունը՝ վճռական ավանդ է ներդրել կանոնադրության մշակման գործում։ Նա ՌՍԴԲԿ առաջին կանոնադրության (ընդունվել է 1903 թվականին՝ ՌՍԴԲԿ II համագումարում) հեղինակն Է։

Կանոնադրության փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական պայմանների փոփոխումը և կուսակցական աշխատանքի կուտակած փորձը թելադրել են փոփոխություններ կատարել կուսակցության կանոնադրության մեջ։ Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը կանոնադրական հարցեր քննարկվել են ՌՍԴԲԿ III համագումարում (1905), IV միացյալ համագումարում (1906), V համագումարում (1907), Պրահայի կոնֆերանսում (1912) և VI համագումարում (1917)։ Այդ շրջանում կանոնադրության հարցերի շուրջ պայքար էր գնում բոլշևիկների ու մենշևիկների միջև։ Այն արտացոլում Էր երկու հակադիր մոտեցումները կուսակցության ստեղծման և նրա գործունեության նկատմամբ։ Բոլշևիկները, Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ, բանվոր դասակարգի համար ձգտում էին ստեղծել կազմակերպված, կարգապահ, ամուր և համախմբված քաղաքական կազմակերպություն, իսկ մենշևիկների առաջ քաշած պայմանների դեպքում կուսակցությունը կվերածվեր կազմակերպչորեն հեղհեղուկ, ներքին կարգապահությամբ և գործողությունների միասնությամբ չկապված մի կազմակերպության։ ՌՍԴԲԿ II համագումարն ընդունեց կուսակցության ստեղծման լենինյան սկզբունքները։ Մինչհոկտեմբերյան շրջանում կանոնադրության մեջ մտցված լրացումներն ու փոփոխությունները նպատակ են ունեցել ապահովելու կուսակցության կազմակերպչորեն ճիշտ կառուցումը, ամրապնդելու նրա լենինյան կազմակերպական հիմունքները, կուսակցական կյանքի նորմերը (դեմոկրատական ցենտրալիզմ, պրոլետարական ինտերնացիոնալիզմ, կոլեկտիվ ղեկավարություն, կուսակցության բոլոր անդամների գիտակցական կարգապահություն են)։

Կանոնադրության կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո կուսակցության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՌԿ(բ) կ համառուսասատանյան 8-րդ կոնֆերանսի (1919), ՌԿ(բ) կ XI համագումարի (1922), ՌԿ(բ) կ XII համառուսաստանյան կոնֆերանսի (1922), ՀամԿ(բ) կ XIV (1925), XVII (1934), XVIII (1939), ԽՄԿԿ XIX (1952), XX (1956), XXII (1961) համագումարների որոշումներով։ Մասնակի փոփոխություններ են մտցրել նաև ԽՄԿԿ XXIII (1966) և XXIV (1971) համագումարները։ Այդ փոփոխություններում և լրացումներում արտացոլված են կուսակցության կազմակերպական ձևերի կատարելագործման ընթացքը և աշխատանքի մեթոդները։ Եթե առաջին կանոնադրության մեջ կար ընդամենը 13 հոդված, ապա ներկա գործող կանոնադրության մեշ, որն ընդունել է ԽՄԿԿ XXII համագումարը և լրացումներ է կատարել XXIII ու XXIV համագումարները, կան 10 բաժին և 72 հոդված։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո կանոնադրության մեջ կատարված փոփոխություններն ու լրացումները նպատակամղվել են ներկուսակցական դեմոկրատիայի հետևողական զարգացմանը, կազմակերպական կառուցվածքի բարելավմանը, կուսակցության մեջ ընդունվողների նկատմամբ պահանջկոտության բարձրացմանը և նրա շարքերը սողոսկող անկայուն, մանրբուրժական ու թշնամական տարրերից անաղարտ պահելուն։

Կանոնադրության նախաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնադրության նախաբանում նշված է, որ ԽՄԿԿ հասարակական քաղաքական կազմակերպության բարձրագույն ձև է, որպես սովետական ժողովրդի մարտական ու փորձված ավանգարդ, կամավոր հիմունքներով միավորում է ԽՍՀՄ բանվոր դասակարգի, կոլտնտեսային գյուղացիության և մտավորականության առածավոր, առավել գիտակից մասերին։ Այն սովետական հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժն է։ ԽՄԿԿ իր աշխատանքները կառուցում է կուսակցական կյանքի լենինյան նորմաների, ղեկավարման կոլեկտիվության անշեղ պահպանման, ներկուսակցական դեմոկրատիայի, կոմունիստների ակտիվության, քննադատության և ինքնաքննադատության համակողմանի զարգացման հիման վրա։ Կուսակցությունն ազատվում է ԽՄԿԿ ծրագիրն ու կանոնադրությունը խախտող և իրենց վարքագծով կոմունիստի բարձր կոչումը արատավորող անձանցից։ Կանոնադրության մեջ նշված է, որ ԽՄԿԿ միջազգային կոմունիստական և բանվորական շարժման անկապտելի ու բաղկացուցիչ մասն է։ Նա ակտիվորեն նպաստում է բոլոր երկրների կոմունիստների հետ եղբայրական կապերի ամրապնդմանը, վճռական պայքար մղում ռևիզիոնիզմի և դոգմատիզմի ամեն մի դրսևորման դեմ։ Կանոնադրության մեշ հստակորեն նշված են կուսակցության անդամների իրավունքներն ու պարտականությունները։ Այնտեղ ասված է, որ կուսակցության անդամ կարող է լինել ԽՍՀՄ յուրաքանչյուր քաղաքացի, ով ընդունում է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ակտիվորեն մասնակցում կոմունիզմի կառուցմանը, աշխատում նրա կազմակերպություններից մեկում, կատարում կուսակցության որոշումները և մուծում անդամավճար։ Կուսակցության անդամը պարտավոր է պայքարել կոմունիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման համար, լինել աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի օրինակ, զգայուն և ուշադիր վերաբերմունք հանդես բերել մարդկանց նկատմամբ, ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին, տիրապետել մարքսլենինյան ուսմունքին, լինել սոցիալիստ, ինտերնացիոնալիզմի սովետական հայրենասիրության ակտիվ տարածող։ Համաձայն կանոնադրության, կուսակցության շարքերի ընդունումը կատարվում է բացառապես անհատական կարգով։

Կուսակցության անդամ դառնալու չափորոշիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության անդամ ընդունվում են 18 տարին լրացած գիտակից, ակտիվ, կոմունիզմի գործին նվիրված բանվորներ, գյուղացիներ և մտավորականության ներկայացուցիչներ։ Նոր անդամներ ընդունվում են այն թեկնածուների թվից, որոնք անցել են սահմանված թեկնածուական ստաժը։ Կուսակցության մեջ ընդունվողները պետք է ներկայացնեն առնվազն 5 տարվա կուսակցական ստաժ ունեցող ԽՄԿԿ 3 անդամի երաշխավորություններ։ Ընդունելությունը կատարում է սկզբնական կուսկազմակերպության ժողովը, որի որոշումը ընդունված է համարվում, եթե ընդունվողի օգտին քվեարկել է ժողովին ներկա գտնված կուսանդամների առնվազն երկու երրորդը և ուժի մեջ է մտնում կուսակցության շրջկոմի կամ քաղկոմի հաստատումից հետո։ Այնուհետև կանոնադրության մեջ շարադրված են կուսակցական շինարարության հարցերը։ Մասնավորապես նշված է, որ առաջնորդվելով դեմոկրատական ցենտրաիզմի սկզբունքով ԽՄԿԿ իր բոլոր ղեկավար մարմինների ընտրությունը կատարում է ներքևից վերև։ Այն կառուցվում է տերիտորիալ-արտադրական սկզբունքով։ Կուսակցական մարմինները պարտավոր են պարբերաբար հաշվետվություն տալ իրենց կուսկազմակերպություններին և վերադաս մարմիններին, պահպանել կուսակցական խստագույն կարգապահություն։ Փոքրամասնության ենթարկվելը մեծամասնությանը պարտադիր է։

Վերադաս մարմինների որոշումներն օրենք են ստորին օղակների համար։ Շարադրելով կուսանդամի իրավունքները՝ կանոնադրությունը նշում է, որ կոմունիստն իրավունք ունի ազատ և գործնական քննարկել կուսակցության քաղաքականությունը մինչև այդ առթիվ որոշման ընդունումը։ Դրանից հետո քննարկումը կամ քննադատումն արգելվում է։ Արգելված է նաև կուսակցության ներսում խմբավորումների ստեղծումը։ Սկզբնական կուսակցական կազմակերպության բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է։ Շրջկոմների, քաղկոմների, օկրուգային, մարզային և երկրային կոմիտեների բարձրագույն մարմինը կոնֆերանսն է։ Միութենական հանրապետության կոմկուսինը և ԽՄԿԿ-ինը՝ համագումարը։ Ընդհանուր ժողովը, կոնֆերանսը և համագումարը ընտրում են բյուրո կամ կոմիտե, որոնք գործադիր մարմիններ են և ղեկավարում են կուսակցական կազմակերպությունների ընթացիկ աշխատանքները։ Կուսակցական մարմինների ընտրությունները կատարվում են փակ (գաղտնի) քվեարկությամբ։ Կանոնադրությամբ սահմանված են կուսակցության հանրապետական, երկրային, մարզային, օկրուգային, քաղաքային, շրջանային, սկզբնական կազմակերպությունների և նրանց ղեկավար մարմինների իրավունքներն ու պարտականությունները, ԽՄԿԿ և ՀամԼԿԵՄ փոխհարաբերությունները, սովետական բանակում կուսկազմակերպությունների խնդիրները, ինչպես նաև կուսակցության դրամական միջոցների աղբյուրները, կուսանդամավճարների չափերն ու գանձման կարգը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 532