Խոնարհ աղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Խոնարհ աղջիկ», Ակսել Բակունցի պատմվածքներից։ Պատմվածքը թաքնված գեղեցկության հայտնաբերման, իրականության կողմից այդ գեղեցկության կոպիտ աղավաղման բնորոշ օրինակ է։ Այնտեղ խոսվում է աղջկա ճակատագրից և ցույց է տրվում նաև Խոնարհի գեղեցկության ու մարդկային երջանկության խորտակումը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրբին գեղեցկություններից է հյուսված Բակունցի «Խոնարհ աղջիկը»։ Հերոսը ուսուցիչ է, սովորական գյուղական ուսուցիչ, որին ուղարկել են հեռավոր խուլ գյուղ։ Այստեղ նա կորցրել է անգամ ժամանակի զգացողությունը, բայց մրոտ ու հինավուրց գեղջկական այն տունը, որտեղ ապրում է, մի հրապուրիչ աշխարհ է։ Խավար ու հետամնաց այդ գյուղում կար թաքնված մի գեղեցկություն։ Հարցն այս դեպքում ոչ այնքան Խոնարհի գեղեցկությանն է վերաբերում կամ նրա հանդեպ ուսուցչի տածած սիրո զգացողությանը, որքան ուսուցչի հուշերի մեջ վերակենդանացող անցյալին ու մտովի վերապրվող կարոտին։ Դա ո՛չ լուրջ սեր է եղել, ոչ էլ` անլուրջ խաղ, այլ լուռ համակրանք, գեղեցիկը տեսնելու, իր շուրջ, իր էության մեջ ունենալու պահանջ։ Խոնարհի մասին խոսելիս ուսուցիչն ավելի շատ գեղեցիկն ընկալելու, գեղեցիկով ներշնչվելու իր ապրումներն է բացահայտում։ Խոնարհը, ի վերջո, ինքնին ոչ թե սիրո առարկա է, այլ առիթ, որն իր ներկայությամբ դարձյալ ոչ թե սիրային, այլ հոգեկան մտերմության զգացողություն է արթնացնում ուսուցչի մեջ։ Բայց դա նաև այն զգացողությունն է, որը կարող էր վերածվել և՛ բռնկուն սիրո, և՛ կորչել չասված բառերի մեջ, այսինքն՝ գյուղի բարոյական օրենքների սահմաններում ամոթից չասվել ու չբացահայտվել։ Միայն հայացքների մի քանի հանդիպումներն են, որ ուսուցչի համար ստեղծում են հոգեկան մտերմության մթնոլորտ։

Տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոնարհն առաջին անգամ երևում է անտառում եղբոր հետ ցախ հավաքելիս, պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին։ Այդ պահից նա ներքին համակրանք ու աննկատ սեր է առաջացնում գյուղ եկած ջահել վարժապետի հոգում, տեսլանում նրա աչքին։ Երկրորդ անգամ երևացող աղջկան Բակունցը դեռևս պատկերում է սիրո ոգեղենացված զգացողությամբ։ Կա նաև նոր հանդիպման բերկրանքը, երբ աղջկա հայրը ճաշի հրավեր է ուղարկում վարժապետին։ Բայց ամեն ինչ ենթարկվում է լռության` այս դեպքում ահարկու օրենքին։ Նրանց հանդիպումն ու բաժանումը նման են իրար՝ լուռ, անխոս, իրարից հեռու, սոսկ հայացքների հանդիմանումով կամ կարոտով։ Ի տարբերություն «Ալպիական մանուշակ»-ի` հեղինակի ձայնը, հեղինակի մասնակցությունն այս գործում անմիջական է։ Ուսուցիչն ինքը՝ հեղինակն է։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակունցը բացահայտում է մթնաձորյան կյանքի մեկ ուրիշ բովանդակություն։ Վայրի ու հնադավան այդ աշխարհում կատարվում են հոգեկան այնպիսի ողբերգություններ, որոնք առաջանում են բնության ու կենցաղի պարտադրած հավիտենական ներփակվածությունից ու լռությունից։ Թեև ուսուցչի էության մեջ է բռնկվում սերը, բայց սիրո ապրումը Խոնարհի հոգում է, որը, սակայն, երբեք չի բացում իր ներաշխարհը, չի ասում ոչ մի խոսք, այլ միայն նայում է ուսուցչի ետևից, և ով գիտե, գուցե հոգու մեջ լաց է լինում։ Չկայացած տխուր սիրո պատմություն է այս ամենը, չկայացած մարդկային մտերմության անամոք մի ցավ։ Նրանց բառերն են պակասում, որ ստեղծեն հոգևոր կապ, սակայն բառեր չկան, կա միայն պահի վերապրումը։ Գրողը, հավատարիմ իր նախասիրությանը՝ բնորոշը պահպանելու կողմնորոշմանը, ցույց է տալիս նաև Խոնարհի գեղեցկության ու մարդկային երջանկության խորտակումը։ Խոնարհի ճակատագրի վերջին դրվագը այն հատկանշական շարունակությունն է, որ սպասվում էր նրան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակսել Բակունց, Պատմվածքների ժողովածու։