Խըռբեքի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վարդենիկ (Գեղացկաձոր կամ Ազնվաձոր) գյուղից դեպի հարավ, երեք կիլոմետր Վարդենիս գետի ձախ ափի երկայնությամբ, խիստ ժայռապատ, մի խումբ բլուրների վրա, որոնք ընկած են հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, կանգնած է եղել մի հզոր կիկլոպյան ամրոց, որը տեղացիները Խըռբեքի (Ավերակների) բերդ են անվանում։ Այս բերդը շրջապատված է բազմաթիվ հնագույն և միջնադարյան բնակավայրերով, դամբարաններով ու գերեզմաններով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ունի շուրջ 800 մետր երկարություն, լայնությունը հյուսիսային և հարավային մասերում 60-70 մետրից չի անցնում, իսկ ամրոցի կենտրոնական մասում 150 մետր է։

Այս ամրոցը շրջապատված չէ պարիսպներով։ Դրանց հետքերը երևում են միայն արևմտյան կողմից, մնացած կողմերը պարիսպներ չունեն, քանի որ այն Վարդենիս գետը շրջանցել է, և ստացվել է մի թերակղզի, որի երեք կողմերը ունեն ուղղաձիգ, ժայռապատ զառիթափ, որը իջնում է մինչև գետի հունը։ Ամրոցն իր ամբողջ երկարությամբ, նույնանման խոշոր բազալտ քարերով շարված՝ միջնապարիսպներով բաժանված է վեց անհավասար բաժանմունքների, որոնցից երեքը թերակղզու հյուսիսարևմտյան մասում են, իսկ երեքը՝ հարավում։

Ամրոցի շրջակայքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի այդպիսի կառուցվածքը միանգամայն համապատասխանում է վայրի տեղադրությանը։ Ամրոցի հյուսիսային ու հարավային բլրախմբերը գերիշխում են շրջապատի վրա։ Այդ բլրախմբերը բաժանված են մի փոքր լեռնանցքով, որտեղից եղել են մուտքեր դեպի բլուրների վրա կառուցված ամրությունները, դեպի նշված թերակղզու վրա տեղադրված բնակավայրի հիմնական մասը։ Այդ թերակղզու հյուսիսային լանջով իջնում է մի կածան դեպի Վարդենիս գետը և նրա ձախ ափում գտնվող աղբյուրը, որտեղից բերդի բնակիչները կարող էին ջուր վերցնել, եթե նույնիսկ ամրոցն ու շենը շրջապատված լինեին թշնամու կողմից։

Հարավարևելյան ամենավերջին և ամենախոշոր բաժանմունքի հյուսիսարևմտյան անկյունից ժայռապատ լանջով դեպի արևմուտք է իջնում կիկլոպյան պարիսպը և հասնում դամբարանադաշտին։ Այդ պարիսպը հավանորեն ունեցել է հատող նշանակություն։ Թշնամու ներխուժման ժամանակ ամրոցի որևէ մասում պարիսպը պիտի արգելակեր նրան՝ անցնելու ամրոցի մյուս մասերը։

Ամրոցի ներքին կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի բաժանմունքների գրեթե բոլոր անկյուններում եղել են աշտարակներ, թվով 12, որոնցից ութը կառուցված է արևմտյան պարսպի վրա։ Նրանք ունեն հավասար մեծություն, քառանկյունի ձև և դուրս են բերված պարսպի արտաքին երեսը։

Պարիսպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարիսպներն ու քարաբուրգերը հիմնականում ավերված են, տեղ-տեղ հազիվ մնացել են մեկ-երկու շարքով։ Կան հատվածներ՝ 5-6 մետր բարձրությամբ։

Պարիսպների երկարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարիսպների լայնությունը հիմնականում երեք մետր է, սակայն պատասխանատու տեղերում ավելի լայն է։ Շարվածքը անտաշ քարերից է, առանց շաղախի օգտագործման, խոշոր քարերից, երկշարի մեջ լցված է ավելի մանր քար։

Այս ամրոցը իր կառուցմամբ և տեղադրմամբ հիշեցնում է Սևան քաղաքի մոտի Մեծեփ ամրոցը։

Փակագծի մեջ ասենք, որ ամրոցի արևմտյան կողմում, որտեղ միջնադարյան գյուղն է եղել, մի տապանաքարի վրա կարդացինք Քաֆթարլի գյուղի անունը։ Նույն անվանը հանդիպեցինք Մարտունի ավանի եկեղեցու բակում, մի այլ տապանաքարի, որի վրա գրված է, որ հանգուցյալը Քաֆթարլի գյուղից էր։

Այս ամրոցից քիչ ներքև, Վարդենիս գետի աջ ափին, ժայռերի վրա կան ժայռապատկերներ՝ հայտնաբերված Ս. Բ. Բարխուդարյանի կողմից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]