Խավատանեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խավատանեք, Խավարտանեք, միջնադարյան քաղաք Կապադովկիայի հարավարևմտյան մասում, ճանապարհների հանգույցում, այժմյան Դևելու շրջկենտրոնից 3 կմ հարավ-արևելք, նույնանուն հովտում։

1022 թվականին Խավատանեք քաղաքը և շրջակայքը, Կեսարիայի և Ծամնդավի հետ, Բյուզանդիայի Վասիլ II կայսրը շնորհել է Վասպուրականի Սենեքերիմ թագավորի որդի Դավիթ Արծրունուն՝ ապստամբ Նիկեփոր Փոկաս Ծռվզին գլխատելու համար։ 1065 թվականին Կարսի թագավոր Գագիկ Աբասյանը Վանանդի թագավորության տիրույթները փոխանակեց Խավատանեքի, Կեսարիայի և Ծամնդավի հետ։ 1059 թվականին Սեբաստիա քաղաքը, ուր նստում էին Ատոմ և Ապուսահլ Արծրունի իշխանները (Սենեքերիմ Արծրունու որդիները), ենթարկվեց սելջուկների հարձակմանը։ Ատոմը և Ապուսահլը փախչելով Սեբաստիայից՝ ապաստանեցին Խավատանեքի ամրոցում։ Ռուբինյան Թորոս Բ իշխանի (1145 - 1169) օրոք Խավատանեքը գտնվում էր Կիլիկիայի հայկական պետության կազմում, սահմանագյխին։ Սելջուկները Խավատանեքը գրավելուց հետո անվանեցին Դևելու։ Այն դարձավ սելջուկների պետության սահմանամերձ իշխանությունների կենտրոնը։

XIII դարի առաջին քառորդում Կիլիկիայի պետության ու Իկոնիայի սելջուկյան սուլթանության սահմանը անցնում էր Խավատանեքով։ Այստեղով էր անցնում նաև Կեսարիայից Սիս տանող ճանապարհներից մեկը։ Մինչև 1915 թ.-ը Խավատանեքի շրջակայքում եղել են բազմաթիվ հայաբնակ գյուղեր։ Դրանցից մեկն էր Ավերակը, որի բնակիչները XIX դարի կեսերին գաղթել էին Խավատանեքից (Դևելուից)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 33