Խանդրինի առանձնատուն
Տեսակ | շենք |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիզմ և էկլեկտիկ ճարտարապետություն |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Խանդրինի առանձնատուն (ռուս.՝ Особняк Хандрина), հինավուրց առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Ալեքսանդրովսկայա փողոց, 56), 1870-ական թվականների ճարտարապետության հուշարձան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խանդրինի առանձնատունը կառուցվել է Տագանրոգի պատվավոր քաղաքացի, գործարար Ե. Ա. Խանդրինի պատվերով 1870 թվականին՝ ճարտարապետ Տենիշևի նախագծով[1]։ Ըստ «Անշարժ գույքի գույքագրման և գնահատման ցանկի»՝ 1873-1916 թվականներին տան սեփականատերեր են եղել միայն Խանդրինների ընտանիքի անդամները. 1898 թվականից՝ տիտուլյար խորհրդական (9-րդ դասի աստիճանավոր) Անտոն Խանդրինը[2]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ Խանդրինների ընտանիքը մեկնել է Խարկով[1]։
Հեղափոխությունից հետո շենքում տեղակայված էր քաղաքային ռազմական պարետությունը։ 1920 թվականին շենքը փոխանցվեց կոմունալ տնտեսության քաղաքային բաժնին[1]։ Ճակատից հանվեց ազնվական տոհմի զինանշանը և քանդակը[1]։ Շենքում գտնվում էին խնամազուրկ երեխաների ընդունիչ կետ, երաժշտական դպրոց[2]։ 1976 թվականի վերականգնողական աշխատանքներից հետո[2][3] Խանդրինի նախկին առանձնատանը բացվեց Տագանրոգի պատկերասրահը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը մեկևկեսհարկանի է։ Ճակատը հագեցած է արտահայտիչ դեկորով։ Գեղարվեստական ընդհանուր կոմպոզիցիայում առկա են կլասիցիզմի, բարոկկոյի, Վերածննդի տարրեր[1]։ Կորնթական օրդերի սյունագլուխները, կանելյուրներով սյուները, ճակտոնը պսակում էին քանդակագործական խմբեր (կորսված են)։ Գլխավոր մուտքի վերևում Խանդրինների ազնվական տոհմի զինանշանն էր։ Շենքի ներքին ինտերիերն աչքի էր ընկնում դեկորատիվ հարուստ ծեփվածքներով։ Դրանց լրացնում էին ճոխ ջահերը, հախճասալիկային բուխարիները, մանրահատակը, կաղնե դռները[2]։ Դեպի բակ էր դուրս գալիս փորագրված սյուներով փայտե պատշգամբը։ Բակում կար մրգատու այգի։ Ինքնատիպ ճարտարապետությամբ առանձնանում էր նույնիսկ կառքամառանի շենքը, որը պահպանվել է մինչև մեր օրերը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Кукушин В.С. История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГо, 1996. — С. 85.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Киричек М.С. Хандрина дом // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 764.
- ↑ Таганрогская картинная галерея: Альбом / Л. В. Зуева. — М.: Изобраз. искусство, 1988. — С. 8.