Խաղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խաղեր (այլ կիրառումներ)

Խաղեր ժողովրդական, սերնդեսերունդ ավանդաբար հաղորդվող հասարակական ժամանցի ձևեր։ Այլաբանորեն արտահայտում են հասարակական, քաղաքական, սոցիալ-տնտեսական, կենցաղային, ծիսական, սովորութային և այլ երեույթներ, մարդու գործունեությունը վերարտադրելով զանազան կերպավորումներով։ Լինում են թատերա-կրկեսային, սպորտային (տես ակորտային խաղեր), ռազմական, ծիսական, կենցաղային, մտավոր և այլ բնույթի։ Լայն առումով ընդգրկում են նաև երգերը, պարերը, կատակները, ծաղր ու ծանակը։ Երբեմն միանգամից ներկայացնելով հասարակական կյանքի մի քանի բնագավառ՝ ուղեկցվում են ասմունքով, երգերով ու պարերով։ Կատարման բարդությամբ համապատասխանում են տարբեր սեռա-տարիքային խմբերի, ըստ այդմ, նպաստում նրանց մտավոր ու ֆիզիկական զարգացմանը և նախապատրաստում անցումը հաջորդ հասակային դասին։ Երբեմն միևնույն խաղը ազգագրական տարբեր շրջաններում կատարվում է տեղական դրսևորումներով։

Հայաստանում խաղերն ընթացել են խիստ մշակված կանոններով, որոնք ժամանակի ընթացքում, մասնակիցների փոխադարձ պայմանավորվածությամբ, փոփոխվել են։ Սակայն կանոնների միտումնավոր խախտումները (հատկապես ռազմա-սպորտային խաղերում), ենթարկվելով հասարակական պարսավանքի, կանխվել են։ Կանոնները, անհատի մեջ զարգացնելով բարոյական բարձր հատկանիշներ (հայրենասիրություն, ազնվություն, մարդասիրություն, ընկերասիրություն, նվիրվածություն են), նպաստել են մարդու բարոյական կերպարի ձևավորմանը։

Տարվա տարբեր եղանակներին (դրանցից բխող պայմանների համապատասխան) կատարվել են տարբեր խաղեր։ Ձմռանը գերակշռել են օդաներում և հասարակական այլ վայրերում կատարվող մտավոր խաղերը, գարնանը և ամռանը՝ հիմնականում կրոնական և ժողովրդական տոներին (զատիկ, համբարձում, բարեկենդան և այլն) կատարվող սպորտային, կրկեսային և այլ խաղեր։ Հայկական որոշ խաղերում արտացոլվել է դեռես տոհմացեղային հասարակությունում սկզբնավորված հասակակիցների միությունների գործունեությունը, որ հատկապես ցայտուն է դրսևորվել պատանիների ու աղջիկների խմբերում։ Տոհմի ներսում հասակային միությունները կերակրելու, խնամելու պարտականությունը, աստիճանաբար կորցնելով անհրաժեշտությունը, փոխվել է որոշակի օրերի (կաղանդի, բարեկենդանի, ծննդյան և այլ տոների) խաղացող խմբերի զվարճության համար ժողովրդից սննդամթերք և դրամ հավաքելու սովորույթով, որը կատարվում էր հատուկ արարողությամբ։ Խաղերն արտացոլել են նաև նվաճողների և շահագործողների դեմ մղած պայքարի տեսարաններ։ Դրանք նույնպես կատարվելով հիմնականում տոներին, ընդ որում՝ դիմակավորված, եղել են կիսակրկեսային, կիսակատակային յուրօրինակ ներկայացումներ, որոնցում այլաբանորեն բացահայտվել է ժողովրդի ատելությանն արժանացած անձանց (խաներ, փաշաներ) բացասական էությունը, ցույց տրվել ժողովրդի բարոյական բարձր հատկությունները։ Այժմ որոշ խաղեր, մասնագիտորեն մշակվելով, վերածվում են պարերի, կրկեսային համարների և սպորտային խաղերի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բդոյան Վ., Հայ ժողովրդական խաղեր, հ. 1, Ե., 1963։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png