Ասմունք, ասմունքը հիմնված է հնչերանգային (ինտոնացիոն) հենքի և ստեղծագործության հուզական բովանդակության վրա, իսկ նյութը հիմնականում էպիկական և քնարական ստեղծագործություններն են, որոնք ներկայացվում են դրամատիկական-թատերային արտահայտչամիջոցներով։ Ասմունքի արվեստը ձևավորվել է հնագույն ժամանակներում, երբ դեռևս հստակ բաժանված չէին հեղինակի և կատարողի գործողությունների շրջանակները։ Արվեստի այդ տեսակը Հին Հունաստանում ներկայացնում էին աեդոսներն ու ռապսոդները, միջնադարյան Եվրոպայում՝ ժոնգլյորներն ու տրուբադուրները, Հին Ռուսիայում՝ սկոմորոխները, հին Հայաստանում՝ վիպասաններն ու գուսանները։ Հեթանոսական շրջանում և միջնադարում հայ ժողովրդական ավանդավեպերը մշակել և կատարել են վիպասանները, իսկ գուսանները ոչ միայն կատարել, այլև ստեղծագործել են։ Գրականության զարգացմանը զուգընթաց՝ ասմունքը դրսևորվել է նաև որպես զուտ կատարողական արվեստ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 567)։