Լիզի Բորդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզի Բորդեն
Պատկեր
Ծննդյան ամսաթիվհուլիսի 19, 1860(1860-07-19)[1][2][3]
ԾննդավայրFall River, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մահվան ամսաթիվհունիսի 1, 1927(1927-06-01)[1][2] (66 տարեկան)
Մահվան վայրFall River, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահվան պատճառթոքաբորբ
ՀայրAndrew Jackson Borden?
ՄայրSarah Anthony Jane Borden?[4]
Սպանություն

Լիզի Էնդրյու Բորդեն (անգլ.՝ Lizzie Andrew Borden, հուլիսի 19, 1860(1860-07-19)[1][2][3], Fall River, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունիսի 1, 1927(1927-06-01)[1][2], Fall River, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ԱՄՆ-ի քաղաքացի, որը հայտնի է դարձել հոր և խորթ մոր սպանության գործի շնորհիվ, որում մեղադրում էին նրան։ Չնայած նրա մեղքը հաստատող մեծ քանակությամբ ապացույցներին՝ նա արդարացվել է։ Մինչ այժմ նրա գործը տարաբնույթ մեկնաբանությունների և վեճերի տեղիք է տալիս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզի Էնդրյու Բորդենը ծնվել է 1860 թվականի հուլիսի 19-ին Ֆոլ Ռիվերում, Մասաչուսեթս։ Նրա հայրը՝ Էնդրյու Ջեքսոն Բորդենը, շինարարական բանվոր էր և կահույքի փոքր բիզնես ուներ, իսկ մայրը՝ Սառա Էնթոնի Բորդենը՝ տնային տնտեսուհի։ Երբ Լիզին երկու տարեկան էր, Բորդենի ընտանիքում դժբախտություն է պատահում՝ չպարզված հանգամանքներում աղջկա մայրը մահանում է։ Էնդրյու Բորդենի համար այս իրադարձությունը մեծ ողբերգություն էր. Լիզիի ավագ քրոջ՝ Էմմայի խոսքերով, նրա հայրը շատ էր սիրում իրենց մորը և դժվար հաղթահարեց նրա մահը։ Բացի այդ, երիտասարդը, որն այն ժամանակ դեռ տպավորիչ կարողություն չուներ, մնացել էր մենակ՝ երկու փոքրիկ դուստրերը գրկին, որը ևս բարդություն էր նրա համար։ Սառայի մահը շրջադարձային պահ էր Էնդրյու Բորդենի կյանքում. տղամարդը սկսեց ավելի ու ավելի հեռանալ իր ընտանիքից և ավելի շատ ժամանակ հատկացնել բիզնեսին, ինչը լավ ազդեցություն ունեցավ նրա ֆինանսական վիճակի վրա։ Ողբերգությունից մեկ տարի անց Էնդրյուն դարձավ նահանգի մի քանի տեքստիլ գործարանների սեփականատեր, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվեց շինարարության և փոքր արտադրության մեջ. նրա կարողությունը գնահատվում էր մոտ 300,000 դոլար։

Միևնույն ժամանակ Էնդրյու Բորդենը չէր շտապում երես տալ իր դուստրերին։ Նա շատ խնայող էր, հաշվում էր ամեն կոպեկը ու փորձում էր խնայել անգամ սննդի վրա, իսկ 92-րդ փողոցի իրենց մեծ տունն անգամ էլեկտրականություն չուներ։ Էնդրյուն ամեն կերպ փորձում էր իր դուստրերի մեջ սերմանել իր հայացքները կյանքի մասին. աղջիկները մանկուց սովոր էին խնայել և սրտացավորեն օգտագործել ունեցվածքը, նրանք խստությամբ էին դաստիարակվում, հաճախում էին կիրակնօրյա դպրոց և երբեք բացահայտորեն չէին արտահայտում իրենց դժգոհությունը։ Կնոջ մահից երեք տարի անց Էնդրյու Բորդենն ամուսնացավ երկրորդ անգամ։ Էբբի Գրեյը դարձավ իր ընտրյալը, իսկ Լիզին ու Էմման նրան միանգամից չհավանեցին։ Աղջիկները հաճախ նշում էին, որ խորթ մայրը կոպիտ է վարվում խորթ դուստրերի հետ և ընդհանրապես չի հետաքրքրվում նրանցով, և, բացի այդ, քույրերը կարծում էին, որ Էբբին ամուսնացել է իրենց հոր հետ բացառապես փողի համար։

Ի դեպ, Լիզիի և Էմմա Բորդենի հոր պահվածքն արմատապես փոխվեց։ Նա դադարեց խնայել, իր նոր կնոջը և նրա հարազատներին թանկարժեք նվերներ տվեց, այդ թվում՝ անշարժ գույք, վարձեց ծառաներ և սկսեց ամեն կերպ ցույց տալ իր նյութական կայունությունը։ Էնդրյուի դուստրերի համար նրանց հոր վարքագիծը վիրավորական էր. նրանք փաստորեն իրենց մանկությունն անցկացրել են աղքատության մեջ՝ հագած հագուստով և ուտելիքի մնացորդներ ուտելով։ Բորդեն ընտանիքի սպասուհին՝ Մեգին, ավելի ուշ ասաց, որ Լիզիի, Էմմայի և նրա հոր հարաբերությունները ամեն օր լարված էին. աղջիկները հազվադեպ էին ճաշում նրա հետ մեկ սեղանի շուրջ, փորձում էին հնարավորինս հաճախ դուրս գալ տնից և չներկայանալ ընտանեկան տոնակատարություների ժամանակ։

Չնայած դժվարին ընտանեկան հարաբերություններին՝ Լիզի Բորդենը մեծացավ որպես բաց ու բարի աղջիկ։ Նա օգնում էր ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, երեխաներին դասավանդում էր կիրակնօրյա դպրոցում, սիրում էր կենդանիներին, զբաղվում էր կարով և գործվածքներով, հաճույքով պատրաստում էր տարբեր հուշանվերներ և արհեստներ իր ընկերների համար, որոնց նա, ի դեպ, շատ ուներ։ Տարիների ընթացքում հոր հետ հարաբերությունները միայն վատանում էին։ Էնդրյու Բորդենը կշտամբում էր իր դստերը, որ նա ոչ մի կերպ չի կարողանում ամուսնանալ, և որ նա ստիպված է գումար ծախսել նրան պահելու համար։ Դժգոհում էր նաև, թե ինչպես է նա ղեկավարում տնային տնտեսությունը և անցկացնում ազատ ժամանակը, նա ծաղրում էր նրա հետաքրքրությունները և հաճախ համեմատում նրա ընկերների ավելի հաջողակ դուստրերի հետ։ Իսկ 1882 թվականի մայիսին Լիզիի և նրա հոր միջև լուրջ կոնֆլիկտ տեղի ունեցավ. աղջիկը պարզեց, որ Էնդրյուն կացնով սպանել է այն աղավնիներին, որոնց համար Լիզին փոքրիկ տուն էր կառուցել։ Հայրը բացատրեց, որ թռչունները աղտոտել են տարածքը և գրավել թաղամասի երեխաների ուշադրությունը, ինչը եռուզեռ է ստեղծել, որն էլ խանգարել է իր աշխատանքին։ Լիզին չգնահատեց հոր հակափաստարկները և քրոջ հետ երեք շաբաթով մեկնեց Նյու Բեդֆորդ՝ ընդմիջում վերցնելոը ընտանեկան կոնֆլիկտներից։

Երբ աղջիկները վերադարձան իրենց հայրենի քաղաք, նրանց անակնկալ էր սպասվում՝ Բորդենի տուն հրավիրված էր նրանց հանգուցյալ մոր եղբայրը՝ Ջոն Մորսը, ով ցանկանում էր տեսնել իր զարմուհիներին և Էնդրյուի հետ գործնական հարցեր քննարկել։

Սպանություն, հետաքննություն և դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյու Բորդենի դիակը

1892 թվականի օգոստոսի 4-ի նախօրեին Լիզիի քույրը՝ Էմման, մեկնեց մոտակա քաղաք՝ ընկերներին այցելելու։ Ինքը՝ Լիզին, թեթև սննդային թունավորումից հետո իրեն վատ էր զգում։ Նա իր ընկերոջ հետ կիսվել է այն կասկածներով, որ ինչ-որ մեկը փորձում է թունավորել իրենց ընտանիքին, և որ իր հորը սարսափելի բան պետք է պատահի։

Նույն օրը պարոն Բորդենի առաջին կնոջ եղբայրը՝ Ջոն Մորսը, ով մի քանի օր այցելել էր նրանց, մեկնեց։ Տանը մնացին սպասուհին, խորթ մայրը և Լիզին։ Շուտով հայրը վերադարձավ։ Լիզին հորը առաջարկեց պառկել հյուրասենյակի բազմոցին և քնել մինչև ընթրիք, ինչը նա արեց։ Հետո սպասուհին գնաց հանգստանալու և շուտով լսեց Լիզիի ճիչը։ Նա վազեց և տեսավ իր տիրոջ դիակը։ Լիզին նրան ուղարկեց բժշկի հետևից։ Շուտով նա եկավ և եզրակացրեց, որ պարոն Բորդենը սպանվել է կացնով։ Մի քանի րոպե անց հայտնաբերվեց երկրորդ՝ Լիզիի խորթ մոր դիակը։ Նա սպանվել էր նույն կերպ։

Սկզբում ոստիկանությունը կարծում էր, որ Բորդեն ամուսինների սպանության մեջ այլ մարդիկ են ներգրավված, սակայն ժամանակի ընթացքում ոստիկանությունն ավելի շատ էր կասկածում, որ այդ կրկնակի սպանությունը հենց Լիզին է կատարել։ Լիզին ձերբակալվեց։

Թերթերհը սպանության մեջ ամեն կերպ մեղադրում էին Լիզի Բորդենին։ Միևնույն ժամանակ, հասարակ ժողովուրդը լավ կարծիք ուներ Լիզիի մասին և կողմ էր նրա պաշտպանությանը։ Նահանգի նախկին նահանգապետ, փաստաբան Ջորջ Ռոբինսոնը պարտավորվել է պաշտպանել նրան դատարանում։ Նա ծանոթ է եղել գործին նստած երեք դատավորներից մեկի հետ և խնդրել է չխոսել որոշ մանրամասների մասին, որոնք Լիզիի օգտին վկայություններ չեն տալիս։ Բոլոր երդվյալ ատենակալները տղամարդիկ էին։ Գործընթացը շարունակվեց 10 օր և Լիզին արդարացվեց։

Լիզիի հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզին ժառանգել է հոր ողջ ունեցվածքը։ Նա վաճառել է իր հին տունը և գնել նորը։ Նրա քույրը՝ Էմման ապրում էր նրա հետ, սակայն նրանց հարևաններն ասացին, որ քույրերը կռվել են, և Էմման լքել է Լիզիին։ Լիզի Բորդենը մահացել է թոքաբորբից 1927 թվականին։ Նա չի ամուսնացել և երեխաներ չի ունեցել։ Հոր ու խորթ մոր սպանությունը մնաց չբացահայտված։ ԱՄՆ-ում դեռ գործում է «Լիզի Բորդենի ընկերների հիմնադրամը», որը զբաղվում է Լիզիի անմեղության մասին կարծիքի տարածմամբ։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի Էլիզաբեթ Մոնտգոմերին, ով 1974 թվականին նկարահանված «Լիզի Բորդենի լեգենդը» ֆիլմում խաղացել է Լիզիի դերը, նրա հեռավոր ազգականն է[5]։ Երկուսն էլ սերում էին 17-րդ դարի Մասաչուսեթսի բնակիչ Ջոն Լյութերից։ Ռոնդա Մաքքլուրը՝ ծագումնաբանը, ով փաստագրել է կապը, ասել է. «Ես կուզեի իմանալ, թե Էլիզաբեթն ինչպես կզգար, եթե իմանար, որ նա խաղում է իր զարմիկի դերը»։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Монтгомери (в роли Лиззи Борден) и Кэтрин Хелмонд (в роли Эммы), февраль 1975 г.

Լիզի Բորդենի անունն այնքան հայտնի էր, որ դարձել էր կենցաղային։ Մինչ օրս հայտնի է Լիզի Բորդենի մասին մանկական ոտանավորը։ Կացնով սպանությունների որոշ դեպքեր սկսեցին կոչվել նրա անունով։ Օրինակ, 1900 թվականին Այովա նահանգում, դեկտեմբերի 1-ին, ֆերմեր Ջոն Հոսակը սեփական անկողնում սպանվել է կացնով։ Նրա սպանության մեջ մեղադրվում էր նրա կինը՝ Մարգարեթ Հոսակը։ Սկզբում նրան դատապարտեցին, բայց հետո ազատ արձակեցին, և գործին նոր քայլ տրվեց։ Սպանությունը մնում է չբացահայտված։ Մարգարեթ Հոսակին երբեմն անվանում են «Այովայի Լիզի Բորդեն»[6]։

Ռեժիսոր Լինդա Էլիզաբեթ Բորդենը սկանդալային անվանակցուհու պատվին վերցրել է Լիզի կեղծանունը։

1904 թվականին Բոստոնում գտնվելու ժամանակ Բորդենը ծանոթացել է դերասանուհի Նենս Օ'Նիլի հետ։ Երկու տարի կանայք շատ մտերիմ ընկերներ են եղել, ինչն էլ առիթ է տվել նրանց սիրային հարաբերությունների մասին շատ խոսակցությունների[7][8]։ 1980 թվականին դրամատուրգ Ուիլյամ Նորֆոլկը գրել է «Լույսը տաք և գունավոր է», որտեղ Բորդենը, Օ'Նիլը և այլ դերասաններ օգտագործում են «խաղի մեջ խաղի» տեխնիկան՝ վերստեղծելու աղմկահարույց սպանության մանրամասները, որի համար Բորդենը գրեթե մահապատժի էր ենթարկվել[9]։ 2001 թվականին թողարկվել է «Լիզզի Բորդեն. երաժշտական ողբերգություն երկու կացիններով մյուզիքլը, այստեղ Օ'Նիլի դերը խաղացել է քիչ հայտնի դերասանուհի Սալեն Վենսը[10][11]։ 2010 թվականին դրամատուրգ Դեյվիդ Ֆոլին գրել է «Նենս Օ'Նիլ» պիեսը, որը նկարագրում է այս երկու կանանց ռոմանտիկ հարաբերությունները։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզի Բորդենը հիշատակվում է՝

  • Սիդնի Շելդոնի «Փշրված երազներ» վեպում
  • Ջոնաթոն Քիթսի «Ստելու պաթոլոգիան» վեպում
  • Քարթեր Բրաունի «Անսովոր դիակը» վեպում
  • Սթիվեն Քինգի «Ընդդիմություն» վեպում
  • Ագաթա Քրիստիի «Քնած սպանություն», «Անմեղության փորձություն» և շատ ուրիշ վեպերում
  • Ռոբերտ Շեքլիի «Տեղ, որտեղ կառավարում է չարը» պատմվածքում
  • Շառլին Հարիսի «Մեռած մարդու նվերը» վեպում
  • Դեյվիդ Բոուկերի «Ինչպես դսռնալ» վեպում
  • Ռոս Մակդոնալդի «Մարդը գերեզմանից» վեպում
  • Ռոբերտ Բլոխի «Լիզզի Բորդենը, վերցնելով գլխարկը» պատմվածքում
  • Էնն Ռայսի «Անիծյալների թագուհին» վեպում
  • Մերի Հիգինս Քլարկի «Տնից լավ տեղ չկա» վեպում
  • Ջիլիան Ֆլինի «Մութ վայրեր» վեպում
  • Թես Գերիցենի «Մեղքի կանխավարկածը» վեպում

Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիզի Բորդենին նվիրված է «Fall River Legend» բալետը, որը բեմադրվել է 1948 թվականին Ագնես դե Միլի կողմից՝ Մորթոն Գուլդի երաժշտության ներքո։ Գլխավոր դերում առաջինը խաղացել է Ալիսիա Ալոնսոն։
  • Ամերիկյան ռոք խումբը, որը բավականին հայտնի էր 80-ականներին, վերցրել է «Լիզզի Բորդեն» անունը։ Հատկանշական է, որ նրանց ներկայացմանը կացնով բեմականացված սպանություններ են եղել։
  • Չադ Միտչել եռյակի «Lizzie Borden» երգը Լիզի Բորդենի մասին է։
  • The Dubious Brothers-ի «Oh, Mother Borden» երգը Լիզի Բորդենի մասին է։
  • Ֆլոտսամի և Ջեթսամի «She Took An Axe» երգում խոսվում է նաև Լիզի Բորդենի մասին։
  • Macabre-ի «Lizzie Borden» երգը նույնպես խոսում է Լիզի Բորդենի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. Geni(բազմ․) — 2006.
  5. GenealogyMagazine.com - elmo
  6. «John Hossack | Iowa Cold Cases». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. The Lights Are Warm and Coloured Արխիվացված 2021-01-19 Wayback Machine // YouTube // Продолжительность 1:47:53
  8. New Lizzie Borden Play is Fundraiser for Republican National Committee Արխիվացված 2019-10-29 Wayback Machine (անգլ.) на сайте phayemuss.wordpress.com, 24 января 2011
  9. The Lights Are Warm and Coloured Արխիվացված 2019-10-29 Wayback Machine (անգլ.) на сайте lizziebordenwarpsandwefts.com, 3 октября 2007
  10. Дэвид Руни. Lizzie Borden Finds Love (Perhaps) After the Ax Արխիվացված 2019-06-09 Wayback Machine (անգլ.) на сайте nytimes.com, 21 сентября 2010
  11. Judith takes an axe Արխիվացված 2019-10-29 Wayback Machine (անգլ.) на сайте judith2you.wordpress.com, 9 февраля 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]