Լիբանանյան ճարտարապետություն և կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

XIII. ճարտարապետությունը, կերպարվեստը Զուբեյլի (հին Բիբլոս) ամրությունների տների մնացորդները վերագրվում են մ.թ.ա. V–IV հազարամյակներին։ Մ.թ.ա. II–I հազարամյակների հուշարձանները առնչվում են հին եգիպտական, ասուրա–բաբելական և աքեմենյան մշակույթներին։ Հռոմեական ժամանակաշրջանի ճարտարապետության մեջ (Բաալբեկի տաճարների համալիրը մ.թ. I–III դդ.) միահյուսվել են անտիկ և արևելյան ավանդույթները։ Բյուգանդական շրջանից պահպանվել են վանքեր, եկեղեցիներ, կատակոմբներ։ Արաբների տիրապետության օրոք (VII դ.) կառուցվել են մեդրեսեներ, մինարեթներ, մզկիթներ (Բաալբեկի մեծ մզկիթը), շուկաներ, քարավանատներ, դղյակներ (Անջարի մոտակայքի դղյակը,VII–VIII դդ.): Խաչակիրների ժամանակներից (XII դ) պահպանվել են ամրոցներ(Ջուբեյլում, Տրիպոլիում, Մայդայում, Բոֆոր դղյակը, 1139), վանքեր (Բելմոնտ կամ Դեյր–Բալամենդ), եկեղեցիներ։ XIX–XX դդ. սկզբի պալատական ճարտարապետությունը աչքի է ընկնում թեթև, նուրբ ձևերով և հարդարանքի ճոխ, ծանրաբեռնված մանրամասներով (Բեյթ–էդ–Դին պալատը)։ Ժողովրդի բնակարանները հատակագծում ուղղանկյուն, երկհարկ, քառալանջ կղմինդրածածկ կամ հարթ կտուրներով, 2-րդ հարկի կամարակապ լուսամուտներով կամ սրահներով քարե տներ են։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լիբանանյան ճարտարապետությունը զարգացել է ֆրանսիականի ազդեցությամբ։ Անկախության նվաճումից հետո (1943) Լիբանանում վերակառուցվում են քաղաքները, կառուցվում բազմաբնակարան շենքեր, կինոթատրոններ, դպրոցներ, հիվանդանոցներ, հյուրանոցներ։ Շինարվեստում տեղական ավանդույթները (քար կոպտատաշարվածք, կամարակապ բացվածքներ) համադրվում են Եվրոպայի և ԱՄՆ–ի ժամանակակից ճարտարապետական նվաճումներին։ Օգտագործվում են լոջաներ, պատշգամբներ, ժապավենադիր պատուհաններ։ Շինանյութը առավելաբար երկաթբետոնն է, հարդարանքում օգտագործվում է մարմարը, գունավոր ապակին և խեցեղենը։ Մ.թ.ա. V–IV հազարամյակներում գոյություն է ունեցել սանրաձև զարդերով և կենդանիների սխեմատիկ պատկերներով խեցեղեն (հին Բիբլոս), III–II հազարամյակներում փյունիկյան արվեստի բազմաթիվ նմուշներ (մանրաքանդակ, ոսկերչական իրեր, զենք)։ Օսմանյան կայսրության շրջանի ճարտարապետական հարդարանքներում լայնորեն կիրառվել է փորագրազարդը, վիտրաժը։ Այս շրջանի քրիստոնեական տաճարները զարդարվել են խճանկարով, սրբապատկերներով և բյուգանդական տիպի որմնանկարներով։ XIX–XX դդ. զարգացել է կրոնական և ժանրային թեմաներով մոնումենտալ և հաստոցային գեղանկարչությունը։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին աշխատել են ռեալիստական դիմանկարի և ժանրային կոմպոզիցիաների հեղինակներ Խ. Մրուրը և Խ. Մալիբին։ 1930–40-ական թթ. կերպարվեստում առաջատար է եղել ռեալիստական ուղղությունը (Մ. Ֆարրուխ, Օ. Օնսի), իսկ 50–60-ական թթ. նկատելի էր սյուրռեալիզմի, կուբիզմի, աբստրակցիոնիզմի և պրիմիտիվիզմի ազդեցությունը։ Ռեալիստական ուղղության ավանդները շարունակում են Մ. Բալտակսե–Մարթայանը, Պ. Կիրակոսյանը, Ի. Շամուտը։ Քանդակագործության բնագավառում ստեղծվել են ոճավորված ու վերացական կոմպոզիցիաներ (Ն. Իրանի, Ռ. Մամաան, Զ. Իյտըշյան)։ Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Լիբանանի գեղարվեստական կյանքում ակտիվ մասնակցություն ունեն հայերը։ Լիբանանահայ ավագ սերնդի արվեստագետներից են ճարտարապետ և նկարիչ Մ. Ալթունյանը (1888–1958), երգիծանկարիչ Տ. Աճեմյանը, նկարչուհի Լ. Ներսեսը։ Մինչև 1947-ը Լիբանանում է աշխատել Հ. Կալենցը։ Միջին սերնդի առավել հայտնի գեղանկարիչներից են Ժ. Թերզյանը, Գյուվտարը (Ջոն Գյովտարալյան), Գյուվը(Ժորժ Գյուվերջինյան), Ժ. Դարբինյանը։ Լիբանանահայ արվեստագետների նոր սերունդն են ներկայացնում արձանագործներ Զ. Խտշյանը (Բեյրութի Մեծ Եղեռնի հուշարձանի հեղինակը) և Եվ. Եփրեմյանը, գեղանկարիչներ Ջ. Նադիրյանը, Մ. Մանուկյանը, Հ. Թորոսյանը, Ա. Գառնիկյանը, Հ. Տիարպեքիրյանը, Վ. Պարսումյանը, Գ. Նորիկյանը, Ս. Մանուկյանը, քանդակագործ Լ. Փիլավջյանը։