Լիա բերքատու (հաղարջենու սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լիա բերքատու», սև հաղարջենու անգլիական սորտ։ Մշակվում է ՀՀ հաղարջենու մշակության բոլոր գոտիներում։ Թուփը՝միջին մեծության, լայնասաղարթ։ Պտղաբերում է տնկման 2–3-րդ տարում։ Տերևները՝ միջին մեծության, հնգաբլթակ, հավասարակողմ, միջին կնճռոտված, կանաչ, փայլատ, առանձնահատուկ մոխրակապտավուն (արծաթա գույն) երանգով։ Ողկույզը՝ միջին երկարության կամ երկար։ Հատապտուղները՝ ողկույզի հիմքում մեծ կամ միջին մեծության, ծայրում՝ փոքր (0,8–1,2 գ), կլորավուն, բևեռներում՝ թեթևակի սեղմված, հաճախ՝ երկայնակի ակոսով, սև։ Պտղամիսը՝ կանաչավուն, հյութալի, թթվաշաքաղցր, ուժեղ յուրահատուկ բույրով, որը պահպանվում է նաև վերամշակված արտադրատեսակներում։ Պտղաթափը՝ աննշան։ Հատապտուղների հասունացումը՝ հունիսի 3-րդ–հուլիսի 1-ին տասնօրյակում։ Բերքատվությունը՝ 80–120 ց/հա և ավելի։ Ինքնաբեղուն է։ Փոխադրունակ է։ Միջին դիմացկուն է ցրտի և երաշտի նկատմամբ։ Բերքն օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, ջեմ և այլն)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։