Լեղապիգմենտներ
Լեղապիգմենտներ, ներկող նյութեր, որոնք պարունակվում են լեղու, աննշան քանակությամբ նաև արյան և հյուսվածքների մեջ։ Գոյանում են հեմոգլոբինի քայքայումից, ողնաշարավոր կենդանիների և մարդու լյարդի, փայծաղի, ոսկրածուծի մակրոֆագերում։
Կարևոր լեղապիգմենտներից են՝ բիլիվերդինը, բիլիռուբինը, ուրոբիլինը։
Բիլիվերդինը՝ , կանաչ բյուրեղներ են, մոլ. զանգվածը՝ 522,67, հայտնաբերվել է նաև որոշ անողնաշարավորների (որդեր, խեցգետնանմաններ, միջատներ) օրգանիզմում։ Բիլիվերդինի վերականգնումից առաջանում է բիլիռուբին՝ , մոլ. զանգվածը՝ 584,68, դարչնագույն բյուրեղներ են։ Լեղածորանների խցանման դեպքում դժվարանում է լեղու անցումը դեպի 12-մատնյա աղիք, և բիլիռուբինի խտությունն արյան մեջ բարձրանում է, անցնում մեզի մեջ։ Այդ պատճառով բիլիռուբինի որոշումն արյան և մեզի մեջ ունի ախտորոշիչ նշանակություն։
Ուրոբիլինը դեղին գույնի նյութ է, ստացվում է ուրոբիլինոգենից՝ լույսի և օդի ազդեցությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 533)։ |