Jump to content

Լեբլեբիջիների խմբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Լեբլեբիջիների խմբերգ»
ի երգը
Թողարկված1875
Ժանրխմբերգ
Տևողություն1 րոպե 46 վայրկյան
ՀեղինակՄարտիրոս Մնակյան
ԿոմպոզիտորՏիգրան Չուխաջյան

Լեբլեբիջիների խմբերգ (սկզնբնական անվանումը՝ Մենք Քյոռօղլու զավակներն ենք) Տիգրան Չուխաջյանի 1875 թվականին գրված «Լեբլեբիջին» հայտնի օպերետից խմբերգ է։ Առաջին անգամ կատարվել է օպերետի պրեմիերայի ժամանակ, որը տեղի է ունեցել 1875 թվականի նոյեմբերի 17-ին Կոստանդնուպոլսի «Français» թատրոնում[1]։

Օպերետի հերոս լեբլեբիջի՝ խարկած ոլոռ վաճառող Հոր-հոր աղան իր նման լեբլեբիջի ընկերների հետ «Լեբլեբիջիների երգը» երգը շուրթերին գրոհում են Խուրշիդ բեյի ապարանքը պահանջում են անհապաղ վերադարձնել Հոր-հոր աղայի դստերը՝ Ֆաթինեին։ Ընկերներին ոգևորելու և գրոհի տանելու համար, հիշեցնում է նրանց «հերոսական նախնիներին»[2]։

Չուխաջյանը խմբերգը ստեղծել է օպերետի ողջ երաժշտությունը գրելուց հետո[Ն 1]։ Նախնական անունը եղել է «Մենք Քյոռօղլու զավակներն ենք»[Ն 2]։ Պաշտոնական գրաքննությունը շրջանցելու նպատակով երգը և ինչպես ողջ օպերետը առաջին անգամ բեմադրվել է թուրքերեն, թեև օպերետի առաջնախաղից առաջ արդեն հայերեն տեքստը կար[1]։ 1882 թվականին Մարտիրոս Մնակյանը երգի համար գրել է նոր հայերեն տեքստ, և խմբերգը տարածվել է որպես հայկական-ազատագրական օրհներգ[2]։

1870-ական թվականներին Լեյբլեբիջի օպերետը կատարող խումբը:

Խմբերգը հնչել է 1967 թվականին ռեժիսոր Արման Մանարյանի «Լեբլեբիջի» օպերետի հիման վրա նկարահանած, նոր՝ «Կարինե» անվանումով կինոնկարում[3]։

Հոր-հոր — Մեր կամքը թող դեպի կռիվ մեզ տանի․
Տանք թշնամյաց մենք ծեծ ու ջարդ արժանի։
Փորձանքի դեմ միշտ եղել ենք մենք արթուն․
Ինչ էլ որ ըլլա պետք չէ տեսնանք պարտություն։

Խումբ — Փորձանքի դեմ միշտ եղել ենք մենք արթուն․
Ինչ էլ որ ըլլա պետք չէ տեսնանք պարտություն։

Հոր-հոր — Մենք շատոնց ենք իրար սիրել սատարել,
Մեր քաջ տոհմի պատվիրանը կատարել։
Թող իմանան` մենք չենք դառնար խաղալիք․
Այնպես կծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:

Խումբ — Թող իմանան` մենք չենք դառնար խաղալիք․
Այնպես կծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:

Հոր-հոր — Մեր ամբոխեն թող հառաչե թշնամին,
Թող աշխարհը լսե համբավը քաջին։
Մենք մեր տոհմի ժառանգներն ենք փառավոր․
Ալ ուրիշ ժառանգ չկա մեզմե զորավոր։

Խումբ — Մենք մեր տոհմի ժառանգներն ենք փառավոր․
Ալ ուրիշ ժառանգ չկա մեզմե զորավոր։

Հոր-հոր — Մեր կամքը թող դեպի կռիվ մեզ տանի․
Տանք թշնամյաց մենք ծեծ ու ջարդ արժանի։
Թող իմանան` մենք չենք դառնար խաղալիք․
Այնպես կծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:

Խումբ — Թող իմանան` մենք չենք դառնար խաղալիք․
Այնպես կծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:

Սակայն, տարբեր երգարաններում կարելի է տեսնել մի փոքր այլ տարբերակ․

Հոր-հոր — Մենք քաջ տոհմի զավակներ ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ Էլ որ լինի՝ չենք հանդուրժի պարտություն։

Խումբ — Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ Էլ որ լինի՝ չենք հանդուրժի պարտություն։

Հոր-հոր — Ուրեմն՛ առա՚ջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական,
Թող իմանան՝ մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։

Խումբ — Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։

Հոր-հոր — Տոհմը մեր եղել Է քաջերից քաջը,
Անարգել Է կայծակների շառաչը,
Մենք Էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ։

Խումբ — Մենք Էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ։

Հոր-հոր — Ուրեմն՝ առա՛ջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական.
Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։

Խումբ — Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։

  1. Խմբերգի նվագախմբային մուտքի թեմատիկ նյութը Չուխաջյանը վերցրել է «Արշակ Բ» օպերայի չորրորդ գործողության բալետից։(տես Աննա Ասատրյան, Տիգրան Չուխաջյանի երաժշտական թատրոնը։ ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն։ էջ 480։ ISBN 978-5-8080-0876-7)
  2. Լեբլեբիջիների համար 14 խմբերգը տեղ է գտել «Potpourri oriental sur les mitifs choisis de l'operette Leblebidji Hor-hor agha»-ում (տես Տիգրան Չուհաջեան, Ստեղծագործութիւններ դաշնակի համար, էջ՝ 205.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 S. Dadoyan. «Garine» (pdf) (ֆրանսերեն). {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Աննա Ասատրյան (2011). Տիգրան Չուխաջյանի երաժշտական թատրոնը. ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 480. ISBN 978-5-8080-0876-7. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  3. «Каринэ, Арменфильм (1967)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]