Լատտեի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատտե, խմիչք, որը դարձել է վիճահարույց ֆինանսական հայեցակարգի խորհրդանիշ

Լատտեի էֆեկտ (անգլ.՝ The Latte Factor), ֆինանսական հայեցակարգ, ըստ որի՝ եթե սպառողը հրաժարվի իր ամենօրյա կենցաղային ծախսերի մի մասից (օրինակ՝ մի գավաթ սուրճից), դա թույլ կտա ամիսների և տարիների ընթացքում տնտեսել զգալի գումար։ Հայտնի է դարձել ամերիկացի ֆինանսիստ և գործարար Դևիդ Բախի կողմից։ «Լատտեի էֆեկտը» ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաչնչին գումարները, որոնք մարդը ներդնում է այսօր, ժամանակի ընթացքում կարող են շատ էական խնայողություններ դառնալ[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Բախն իր «Միլիոնատեր՝ ավտոմատ կերպով» (անգլ.՝ The Automatic Millionaire, 2005) գրքում նկարագրել է «Լատտեի էֆեկտը»։ Նա որպես օրինակ ներկայացրել է երիտասարդ աղջկա պատմությունը, որը խոստովանել է, որ իր եկամուտների և ծախսերի մակարդակը թույլ չի տալիս իրեն խնայողություններ անել։ Հեղինակը, ի պատասխան, առաջարկել է նրան կազմել իր սովորական ամենօրյա ծախսերի ցանկը, որի արդյունքում պարզվել է, որ աղջիկն ամեն օր ծախսում է մոտ 11 դոլար մեկ բաժակ սուրճի, շոկոլադի, հյութի և այլնի համար։ Պարզ մաթեմատիկական հաշվարկների միջոցով Դևիդ Բախը պարզել է, որ եթե աղջիկը հրաժարվեր այդ գնումների մի մասից և ամեն օր խնայեր 5 դոլար, մեկ ամիս անց նա կկարողանար տնտեսել 150 դոլար, իսկ ավելի ուշ, եթե շարունակեր խնայել այդ գումարը և ներդնել տնտեսված միջոցները տարեկան 10 % տոկոսադրույքով, ապա 40 տարի անց նա կկարողանար ունենալ արդեն գրեթե մեկ միլիոն դոլար[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բախի առաջ քաշած պարզ գաղափարը մեծ ճանաչում է ձեռք բերել և, միևնույն ժամանակ, քննադատության առարկա դարձել։ Օրինակ՝ Հելեն Օլենն իր «Pound Foolish» գրքում նշել է, որ Միացյալ Նահանգներում մի բաժակ լատտեն արժե 5 դոլարից պակաս, իսկ տարեկան 10 և ավելի տոկոսադրույքով տնտեսված միջոցների ներդրման հնարավորությունն անիրատեսական է թվում։ Մեկ այլ առարկություն կարող է լինել փաստարկն այն մասին, որ հետևելով այս սխեմային՝ մարդիկ սկսում են իրենց զրկել կյանքի փոքր ուրախություններից։ Այսպես թե այնպես, չնայած այն բանին, որ Բախի առաջարկած գումարները մեծապես ընտրվել են նրա կողմից կամայականորեն և կարող են մոտ լինել ավելի իրատեսական նշանակություններին, նշվում է, որ տվյալ հայեցակարգի դրույթներին հետևելն իսկապես կարող է բարելավել անձնական ֆինանսների վիճակը՝ օգնելով սպառողին ավելի պատասխանատու վերաբերմունք մշակել իր կողմից կատարվող ծախսերի նկատմամբ[3]։

Այս գաղափարի վերաբերյալ ևս մեկ առարկություն է այն պնդումը, որ Դևիդ Բախը հաշվի չի առել գնաճը, որը սպառողին թույլ չի տա տարիներ շարունակ խնայել այնպիսի զգալի գումարներ, որոնց մասին խոսվում է նրա գրքում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эффект латте и денежная иллюзия». Экономический факультет МГУ.
  2. 2,0 2,1 «Финансовая грамотность | Эффект латте и денежная иллюзия». finuch.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  3. Rob Berger. «The Latte Factor: 7 Key Lessons We Can Learn From A Cup of Coffee» (անգլերեն). Forbes. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бах Д. Миллионер ― автоматически. М.: Попурри, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]