Լաս Պարինաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաս Պարինաս
Las Parinas
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
Տեղագրություն Արգենտինա
Կոորդինատներ26°30′00″ հվ. լ. 68°05′53″ ամ. ե.HGЯO
Քարտեզ

Լաս Պարինաս (իսպ.՝ Las Parinas), Արգենտինայի Կատամարկա պրովինցիայի արևմուտքում գտնվող երկրաբանական և գեոմորֆոլոգիական տարածաշրջան։ Կազմված է հրաբխային եզակի կազմավորումներից։ Հրաբխային բնապատկերն առավել ցայտուն կերպով դրսևորված է Campo del Piedra Pomez շրջանում։ Այստեղ են գտնվում Passis (6882 մ) և Nevado Ojos del Salado (6864 մ) հրաբուխները, որոնք աշխարհի ամենաբարձր հրաբուխների շարքին են դասվում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոֆագաստա հրաբուխը Լաս Պարինասում

Լաս Պարինասը միաժամանակ գնահատվում է որպես մարդու կողմից բնակեցված հնագույն տարածաջրջաններից մեկը։ Հնագիտական պեղումները վկայում են, որ այստեղ առնվազն տասը հազար տարի առաջ փոքր խմբերով մարդիկ են ապրել, ապաստան գտել քարանձավներում, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ։

Ներկայումս տարածաշրջանը համարվում է անասնապահական կարևոր կենտրոն։ Բնակչությունը գլխավորապես զբաղվում է ոչխարաբուծությամբ, արդյունաբերական նպատակներով բրդի, մսի ու կաթի արտադրությամբ։ Այստեղ արտադրված բրդի գերակշիռ մասը օգտագործվում է տեքստիլ արդյունաբերության մեջ[1]։

Տարածաշրջանում բնակչության խտությունը ցածր է, որի պատճառներից մեկն էլ կլիմայական խիստ պայմաններն են։ Տարեկան տեղումների քանակը հասնում է հազիվ 200 միլիմետրի։ Չորության հետ մեկտեղ՝ կլիման բավականին սառն է; Դրան գումարվում են սովորական դարձած ուժեղ ու տևական քամիները, որոնց արագությունը հասնում է ժամում մինչև 70 կիլոմետրի։ Դրությունը փոքր-ինչ մեղմացնում է մշտահոս ջրերի առկայությունը, որոնցով սնվում են տարածաշրջանի ոչ մեծ լճերը։

Լաս Պարինասը աչքի է ընկնում նաև իր եզակի էկոհամակարգով, որը հարմարվել է բնակլիմայական խիստ պայմաններին, և՛ ինքնատիպ է, և՛ չափազանց գեղեցիկ։ Կենդանական աշխարհի՝ այստեղ հանդիպող տեսակներից հիշարժան են հատկապես անդյան և Ջեյմսի ֆլամինգոները, նանդուն,տուկո-տուկոն, անդյան կատուն։

Արգենտինայի կառավարությունը 2001 թվականին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ առաջարկոլով Լաս Պարինաս տարածաջրջանն ընդգրկել համաշխարհային ժառանգության ցանկի մեջ՝ հաշվի առնելով այստեղ առկա բնական և մշակութային ունիվերսալ և եզակի արժեքները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]