Ինքնալարվող համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինքնալարվող համակարգ, ավտոմատ կառավարման, ինքնահարմարվող համակարգ, որտեղ պատահական փոփոխությունների հարմարվելը ապահովվում է լարքի պարամետրերի ավտոմատ փոփոխությամբ կամ էլ օպտիմալ լարքի ավտոմատ փնտրմամբ։ Լինում են փնտրող և չփնտրող ինքնալարվող համակարգեր։ Փնտրող ինքնալարվող համակարգում կառավարման անհրաժեշտ որակը ձեռք է բերվում օպտիմալ լարքի ավտոմատ փնտրմամբ։ Լարքի որակը բնութագրվում է որոշակի ընդհանրացված ցուցանիշով, որը չափվում է անմիջականորեն կամ հաշվարկվում պարամետրերի դիտարկելի արժեքներով։ Այդ ցուցանիշի տատանումների վերլուծությունը հնարավորություն է ընձեռում որոշելու լարքի օպտիմալությունը, այսինքն՝ համապատասխանությունը որակի ցուցանիշի էքստրեմումին (մաքսիմումին կամ մինիմումին)։ Եթե էքստրեմումից շեղումներ կան, ապա լարքը փոփոխվում է այնքան ժամանակ, քանի դեռ չի մոտեցել օպտիմալին։ Փնտրող ինքնալարվող համակարգերը կարող են աշխատել արտաքին պայմանների մեծ փոփոխության դեպքում։ Փնտրող ինքնալարվող համակարգերը չփնտրողների համեմատ ունեն որոշակի թերություն՝ պայմանավորված նրանով, որ օպտիմալ վիճակի փնտրումը խլում է որոշակի ժամանակ, այսինքն՝ փնտրողների ինքնալարման ժամանակը ներքևից սահմանափակ է։ Չփնտրող համակարգում կիրառվում է կառավարման որակի որևէ վերահսկող ցուցանիշ, որը լարքի պարամետրերի ավտոմատ փոփոխությամբ պահվում է տրված սահմաններում։ Այս սահմանները որոշող առաջնային պարամետրերի և կառավարման որակի ցուցանիշի միջև կապը տրվում է բացահայտ ալգորիթմական տեսքով։ Ինքնալարվող համակարգերի ներդրումը հնարավորություն է տալիս հասնել օբյեկտների գործունեության մոտավորապես օպտիմալ ռեժիմների, հեշտացնում կառավարման համակարգերի միասնականացման խնդիրը, կրճատում փորձարկման և կարգաբերման ժամանակը, նվազեցնում կառավարման սարքերի մի շարք հանգույցների պատրաստման տեխնոլոգիական պահանջները, սպասարկող անձնակազմին ազատում լարքի աշխատարար օպերացիաներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 365