Ինտերիեր (կենսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ինտերիեր (այլ կիրառումներ)

Ինտերիեր, ներքնակազմ, կենդանիների օրգանիզմի ներքին, մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների ամբողջություն։ Ուսումնասիրվում է կենդանու կոնստիտուցիան, մթերատվության ցուցանիշները և տոհմային արժեքը գնահատելու նպատակով։ Լաբորատոր մեթոդներով հետազոտվում է կենդանու մթերատվությունը և տնտեսապես օգտակար հատկանիշները որևէ չափով պայմանավորող օրգաններն ու հյուսվածքները (օրինակ, կուրծը, մաշկը, մկանաթելերը, ոսկրային հյուսվածքը, արյունը և այլն)։ Հետազոտություններով հաստատված է, որ տարբեր կոնստիտուցիայով ու մթերատվությամբ կենդանիներն առանձնանում են ինտերիերային ցուցանիշներով. որոշակի կապ կա կրծի գեղձային, շարակցական հյուսվածքների տոկոսային հարաբերության, կրծի, մաշկի քրտնագեղձերի քանակի, գեղձային հյուսվածքի և կաթնատվության միջև (օրինակ, զարգացած գեղձային հյուսվածքով կուրծ ունեցող կովերը բարձրակիթ են)։ Հաստատված է, որ գոյություն ունի փոխադարձ կապ ձիերի արյան կարմիր գնդիկների ցուցանիշների և առույգության, խոզերի արյան շիճուկի սպիտակուցային կազմի և վաղահասության, կովերի վահանաձև գեղձի հորմոնում յոդի պարունակության, բարձրագույն նյարդային համակարգի գործունեության և կաթնատվության միջև։ Ծնողների ինտերիերային ցուցանիշներով (հիմք ընդունելով ժառանգական գործոնները) կարելի է նաև կանխագուշակել սերնդի մթերատվության ուղղությունը (օրինակ, արտադրող ցուլի մաշկի քրտնագեղձերի քանակով կարելի է որոշել դուստրերի մթերատվության ուղղությունը)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 354