Թռչնաբուծական ֆաբրիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետամեջի թռչնաֆաբրիկա (վաղ 2000-ականներ)

Թռչնաբուծական ֆաբրիկա, արդյունաբերական հիմունքներով թռչնաբուծական մթերք արտադրող ձեռնարկություն։ Կառուցվում է հիմնականում արդյունաբերական խոշոր կենտրոնների ու քաղաքների մոտ։ Մասնագիտացված է բնակչությանը դիետիկ ձվով և թարմ թռչնամսով ապահովելու գործում։

Կարող է ունենալ երկու հիմնական արտադրական ուղղություն՝ մսային ու ձվային։ Թռչնաբուծական ֆաբրիկաներում տեխնոլոգիական պրոցեսները գործարանային տիպի են։

Իր կառուցվածքում սովորաբար ունենում է մայրական հոտի, ճտահանության, մատղաշի աճեցման, հավերի վերարտադրական հոտի (ձու արտադրող ֆաբրիկա) կամ մսացու ճտերի վերարտադրական հոտի (միս արտադրող ֆաբրիկա), սպանդի, մթերքի մշակման, ձվի տեսակավորման ու փաթեթավորման և արդ. թափոնների մշակման արտադրամասեր։ Դրանց հաջորդական դասավորության շնորհիվ ապահովվում է տեխնոլոգիական պրոցեսների հոսընթացությունը և առանձին օղակների արտադրության մասնագիտացումը (հիբրիդային մատղաշի, ձվի, մսի արտադրություն, հոտը համալրող մատղաշի աճեցում)։ Արտադրական փուլերը կարող են լինել փակ և բաց։

Առաջին դեպքում կան նշված բոլոր արտադրամասերը և ապահովված է գլխաքանակի լրիվ վերարտադրությունն ու մթերքի նախնական մշակումը։ Երկրորդ դեպքում բոլոր արտադրամասերի առկայությունը պարտադիր չէ, և ֆաբրիկան կարող է աշխատանքները կոոպերացնել այլ տնտեսությունների հետ։ Միս արտադրող ֆաբրիկաներում թռչուններին պահում են խորը ցամքարի վրա և մարտկոցային վանդակներում, իսկ ձու արտադրողներում՝ վանդակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 215