Թռչնաբուծական ֆաբրիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գետամեջի թռչնաֆաբրիկա

Թռչնաբուծական ֆաբրիկա, արդյունաբերական հիմունքներով թռչնաբուծական մթերք արտադրող ձեռնարկություն։ Կառուցվում է հիմնականում արդյունաբերական խոշոր կենտրոնների ու քաղաքների մոտ։ Խնդիրն է՝ ապահովել բնակչությանը դիետիկ ձվով և թռչունի թարմ մսով։ ԽՍՀՄում առաջին Թռչնաբուծական ֆաբրիկաները կառուցվել են Մոսկվայի մարզում 1930 - 1932-ին։

1975-ին երկրում գործում էր 608 թռչնաբուծական ֆաբրիկա։ Թռչնաբուծական ֆաբրիկա լինում է պետական, կոլտնտեսային ու միջկոլտնտեսային և ունի երկու հիմնական արտադրական ուղղություն՝ մսային ու ձվային։ 100 հազարից մինչև 1 միլիոն ածան հավ ունեցող թռչնաբուծական ֆաբրիկա տարեկան արտադրում է 25-250 միլիոն ձու (ձվային ուղղության ֆաբրիկա) կամ 1-4 միլիոն մսացու ճուտ (մսային ուղղության ֆաբրիկա)։ Թռչնաբուծական ֆաբրիկաներում տեխնոլոգիական պրոցեսները գործարանային տիպի են։

Իր կառուցվածքում ունի մայրական հոտի, ճտահանության, մատղաշի աճեցման, հավերի վերարտադրական հոտի (ձու արտադրող ֆաբրիկա) կամ մսացու ճտերի վերարտադրական հոտի (միս արտադրող ֆաբրիկա), սպանդի, մթերքի մշակման, ձվի տեսակավորման ու փաթեթավորման և արդ. թափոնների մշակման արտադրամասեր։ Դրանց հաջորդական դասավորության շնորհիվ ապահովվում է տեխնոլոգիական պրոցեսների հոս- ընթացությունը և առանձին օղակների արտադրության մասնագիտացումը (հիբրիդային մատղաշի, ձվի, մսի արտադրություն, հոտը համալրող մատղաշի աճեցում)։ Արտադրական փուլերը կարող են լինել փակ և բաց։

Առաջին դեպքում կան նշված բոլոր արտադրամասերը և ապահովված է գլխաքանակի լրիվ վերարտադրությունն ու մթերքի նախնական մշակումը։ Երկրորդ դեպքում բոլոր արտադրամասերի առկայությունը պարտադիր չէ, և ֆաբրիկան կարող է աշխատանքները կոոպերացնել այլ տնտեսությունների հետ։ Միս արտադրող ֆաբրիկաներում թռչուններին պահում են խորը ցամքարի վրա և մարտկոցային վանդակներում, իսկ ձու արտադրողներում՝ վանդակներում։ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն-ում առաջին Թռչնաբուծական ֆաբրիկա կառուցվել են 1951 - 1953-ին էջմիածնի շրջանում (այժմ՝ Երեանի շրջագծում)։ 1977-ին գործում էին մեկ հնդկահավաբուծական և 13 հավաբուծական թռչնաբուծական ֆաբրիկա, որոնցից Մովետաշենի Թռչնաբուծական ֆաբրիկա Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում մսացու ճտի (տարեկան 4 մլն) արտադրության ամենախոշոր ձեռնարկություններից է։ 1977-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թռչնաբուծական ֆաբրիկաներում արտադրվել է 185,5 միլիոն ձու և մոտ 10 հզ. միս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 215 CC-BY-SA-icon-80x15.png