Իզոստատիկ հիպոթեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իզոստատիկ հիպոթեզ, հիմնված է 19-րդ դարի վերջերին սահմանված իզոստազիայի երևույթի վրա։ Առաջինը իզոստազիան տեկտոնական գործոն է համարել Ք. Դեթոնը՝ 1892 թվականին։ Ըստ նրա, երկրակեղևի բարձրադիր տեղամասերից քայքայված նյութի հեռացումը, թեթևացնելով մայր ցամաքները, խախտում է իզոստատիկ վիճակը, նպաստում տվյալ տեղամասի բարձրացմանը։ Այդ նույն ժամանակ հարևան ցածրադիր տեղամասը, որտեղ կուտակվում է բերված քայքայված նյութը, կրելով լրացուցիչ ծանրաբեռնվածություն, իջնում է։ Ներկայումս կան իզոստազիայի բացատրման երկու հիմնական հիպոթեզ։ Էյրի-Հեյսկանենի հիպոթեզով երկրակեղևի խոշոր բեկորներն ունեն համարյա միատեսակ միջին խտություն և, կարծես, լողում են ավելի ծանր ենթակեղևային կիսահեղուկ զանգվածի վրա։ Այդ բեկորների ընկղման տարբեր խորությունները պայմանավորված են նրանց ուղղահայաց չափերով։ Պրաթ-Հեյֆորդի հիպոթեզի համաձայն այդ բեկորների նյութի միջին խտությունը տարբեր է. որի պատճառով էլ տարբեր է բեկորների դուրս ցցման բարձրությունը կիսահեղուկ զանգվածից։ Արդի պատկերացումներով, թվարկված երկու հիպոթեզներից և ոչ մեկը սպառիչ չէ։ Երկրակեղևի առավել կայուն հավասարակշռության վիճակի ստեղծման համար նշված բոլոր գործոնները կարևոր են։ Իզոստատիկ վիճակը ոչ միշտ և ոչ ամենուր է լրիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 316 CC-BY-SA-icon-80x15.png