Ժյուլվեռն Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժյուլվեռն Խաչատրյան
Ծնվել է 1940, հունվարի 1
Ծննդավայր Վաղաշեն
Քաղաքացիություն Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգություն հայ
Կրթություն ԵՊՀ

Ժյուլվեռն Բաղդասարի Խաչատրյան (ծնվ. 1940, հունվարի 1, Վաղաշեն), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

1958 թվականին ավարտել է Մարտունու միջնակարգ դպրոցը, 1964 թվականին՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 1965 թվականին աշխատանքի է անցել ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնում որպես ասիստենտ: 1973 թվականին Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական, 1993 թվականին Մոսկվայում՝ դոկտորական ատենախոսություն: 1981 թվականին նրան շնորհվել է դոցենտի, 2004 թվականին՝ պրոֆեսորի կոչում:

Հեղինակ է շուրջ 60 գիտական հոդվածների և համահեղինակ մի քանի ձեռնարկի՝ «Մեխանիկայի ֆիզիկական հիմունքները» (Երևան, 2001), «Օպտիկայի լաբորատոր աշխատանքների ձեռնարկ» (Երևան, 2001), «Էլեկտրականության լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ» (Երևան, 1984):

Ժյուլվեռն Խաչատրյանի գիտական աշխատանքները նվիրված են գերբարձր հաճախության ռադիոչափական մեթոդներով մթնոլորտի ջրապարունակության ուսումնասիրմանը: Նա առաջարկել է մեթոդ, որը հնարավորություն է ընձեռում մեծ բարձրությունների վրա թռչող արհեստական արբանյակներից գերբարձր հաճախության ռադիոալիքների և օպտիկական դիտարկումների միջոցով որոշել մթնոլորտում ջրային գոլորշիների պարունակությունը: Ցույց է տվել, որ մթնոլորտում ալիքատարի առաջացման համար կարևոր է ոչ միայն բեկման ցուցչի փոփոխությունը, այլ նաև օդային շերտի հաստությունը, որտեղ փոփոխվում է բեկման ցուցիչը: Նրա ղեկավարությամբ տեսականորեն ապացուցվել և փորձով հիմնավորվել է «օդ-ջրի մակերևույթ» համակարգի ռադիոճառագայթման ինտենսիվության հորիզոնական բաղադրիչը խիստ կախված է մթնոլորտում ջրային գոլորշիների ուղղաձիգ բաշխման պրոֆիլից[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 274: