Թլկատինցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թլկատինցի (Հարությունյան Հովհաննես), (1860, գյուղ Թլկատին (Արևմտյան Հայաստանում) 1915), Մեծ եղեռնի զոհ, գրող, մանկավարժ, հասարակական գործիչ։

Ավարտել է Խարբերդի Ամբատյան վարժարանը։ 1887 թվականին հիմնադրել է Խարբերդի ազգային կեդրոնական վարժարանը և մինչև կյանքի վերջը եղել նրա տնօրենը։ Արևմտահայ մամուլում տպագրվել են Թլկատինցու ակնարկները, նորավեպերը։ Թլկատինցու գեղարվեստական ստեղծագործություններն արտացոլում էին 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանում տիրող քաղաքական և սոցիալական բարդ ու լարված իրավիճակը։ «Գլխուդ ջուր դիր» (1896), «Գեղի նամակներ» (1892) շարքում, «Վերջին տեղը» (1900), «ճախրակին առաջքը» (1900) գործերում պատկերված է արևմտահայ գյուղացու ողբերգությունը՝ հատկապես 1894-1896 թթ. կոտորածներից հետո, նրա անպաշտպանվածությունը թուրքական իշխանություններից ու խուժանից։

1915 թվականին թուրք ջարդարարները թաքստոցից գտել են Թլկատինցուն, կնոջն ու երեխաներին և սպանել։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։