Թեղուտի փիրուզի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թեղուտի փիրուզի հանքավայր, հանքավայր ՀՀ Լոռու մարզում՝ Թեղուտ գյուղի շրջակայքում։ Հայտնաբերվել է 1974 թվականին։ Տեղադրված է Շնող-Կողբ մագմայական զանգվածի մերձհպումային մասում։ Հանքայնացումը ջրաջերմային լուծույթներից փոխակերպված գրանոդիորիտների մեջ է՝ ավելի քան 100 մ/³-ներում՝ 0, 1-3 մ երկարության երակիկների, անկանոն զանգվածների, ոլոռահատիկների, պալարների, մանր ցանի ձևերով ու նրբաթաղանթ քսուքների տեսքով։ Պատահում են նաև բեկորացված (փիրուզային հանքամայր) և սարդոստայնանման առաջացումներ։ Հանքամարմիններում փիրուզի պարունակությունը 100-250 գ/մ³ է։ Փիրուզի հիմնական զանգվածը կենտրոնացած է հանքանյութի՝ որակով տարբեր տեղամասերում։ Բարձրորակ փիրուզի ելքը 0, 22-18, 6% է։ Առավել բարձրորակ է արևելյան տեղամասի հանքանյութը։ Արդյունահանված ցածրորակ փիրուզն ազնվացնում են, արհեստականորեն բարելավում են գույնը և խտությունը։ Հանքավայրի հիմնական պաշարներն արդյունահանվել են, ներկայումս իրականացվում է փոքրածավալ հանույթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png