Թատերական վարագույր
Թատերական վարագույր, բեմի սարքավորման կամ ներկայացման ձևավորման տարր։ Ներկայացման սկզբում և վերջում, առանձին պատկերների միջև, ինչպես և ընդմիջումների ժամանակ բեմը փակող վարագույրը կոչվում է ընդմիջումային, նախաբեմում կատարվող ինտերմեդիաների ժամանակ բեմի մի մասը փակող վարագույրը՝ ինտերմեդիական։ Վարագույրները լինում են բացովի, բարձրացվող-իջեցվող, լուսային (լույսի հարահոսքն ապահովում են լուսավորող սարքերը)։ Հրակայուն՝ հակահրդեհային վարագույրը բեմը հերմետիկորեն մեկուսացնում է հանդիսասրահից։
Վարագույրը կիրառվել է հնուց։ Վերածննդի դարաշրջանում ստեղծվել է բարձրացվող վարագույր, որ սովորաբար նկարազարդվել է (երբեմն խոշոր վարպետի կողմից) դիցաբանական կամ այլաբանական սյուժեներով։ Այդօրինակ վարագույրներ կան 19-րդ դարի և 20-րդ դարում կառուցված բազմաթիվ թատրոններում։ 20-րդ դարում թատրոնում վարագույրը հաճախ ներառվում է ներկայացման ձևավորման մեջ, ստեղծվում որոշակի բեմադրության համար, օրինակ, 1917 թվականին, Ալեքսանդրյան թատրոնում Լերմոնտովի «Դիմակահանդես» պիեսի ներկայացման համար նկարիչ Գոլովինը նկարել է 10 վարագույր (յուրաքանչյուր պատկերի համար)։
1923 թվականին Մարտիրոս Սարյանը ստեղծել Հայաստանի Առաջին պետթատրոնի վարագույրը, որը խորհրդանշել է հայ ժողովրդի կենսունակությունը։ ժամանակակից թատրոնի ներկայացումներում, բեմադրողի մտահղացման համաձայն, երբեմն վարագույրը բոլորովին չի կիրառվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |