Ընդդեմ իրավական կամայականության

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպություն։ Հիմնադրվել է 1991 թվականին, Երևանում՝ «Պատանդների պաշտպանության ֆոնդ» անվամբ։ Հիմնադիրներ՝ Ալեքսանդր Մանասյան (հիմնադիր նախագահ), Միքայել Արամյան (նախագահ), Լարիսա Ալավերդյան (գործադիր տնօրեն)։ Կազմակերպությունը անդամակցում է «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» միությանը, «Փախստականների իրավունքների և շահերի պաշտպանություն» ընկերակցությանը, «Փախստականների իրավական հ օրենսդրական պաշտպանություն» միջազգային աշխատանքային խմբին և այլ հասարակական կազմակերպությունների։ Համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, միջազգային ներում (Մեծ Բրիտանիա), Մարդու իրավունքների դիտում (Հելսինկի և ԱՄՆ), Քրիստոնեական միջազգային համերաշխություն (Մեծ Բրիտանիա), Փախստականների դանիական խորհուրդ, ՄԱԿ-ի խոշտանգումների զոհերի կամավորական հիմնադրամ և այլ ազգային, միջկառավարական ու միջազգային կազմակերպությունների և պետական մի շարք հաստատությունների, ՀՀ և ԼՂՀ անհայտ կորածների հարազատների միությունների հետ են։ Խնդիրներն են՝ որոնել պատանդներին, ռազմագերիներին, անհայտ կորածներին, օժանդակել նրանց վերադարձին և կազմակերպել սոցիալական ու իրավաբանական օգնություն, բացահայտել Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական և քաղաքական կողմերը։ Կազմակերպությունը մշակել է (ղեկավար՝ Ա. Մանասյան) Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթը (բնութագիր-դրույթներ, կարգավորում են), կազմել ու տարածել պատանդների, ռազմագերիների և անհայտ կորածների ցուցակները, հայտնաբերել շուրջ 250 պատանդի և ռազմագերիների գտնվելու վայրը։ Տարբեր հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ հայրենիք է վերադարձվել 1800 պատանդ (այդ թվում՝ 20 երեխա)։ 1991-1994 թվականներին կազմակերպության միջամտությամբ և նախաձեռնությամբ ԱՀ են վերադարձել ազատագրված տարածքներում գերի վերցված մեծ թվով ադրբեջանցի խաղաղ բնակիչներ։ ԼՂՀ-ում և ՀՀ-ում ապահովում է փախստականների տեղաբաշխումը, օրենսդրական, կազմակերպչական, տեխնիկական և հումանիտար կողմերը։ Հրատարակել է Ղարաբաղյան հիմնախնդրին և տարածաշրջանային հապերին, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տուժածների խնդիրներին և իրավունքներին նվիրված աշխատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։