Զոհաբերություն (քրիստոնեություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զոհաբերություն (այլ կիրառումներ)

Զոհաբերություն, պատարագ, ընծա, ողջակեզ, առ Աստված նվիրումի, խոստման, ուխտի, ակնկալիքի, տուրքի կամ սրբագործման արտահայտություն։ Ծննդոց գրքում հիշատակվում են Աբելի, Նոյի, Աբրահամի կատարած զոհաբերությունները։

Հին Կտակարանի պահպանված էջերից

Հին կտակարանն առանձնացրել է զոհաբերության կամ ողջակեզի տեսակներ՝ տարբեր նպատակների համար։ Զոհաբերություն՝ մեղքի թողության համար (մեղքի ողջակեզ), զոհաբերություն՝ խաղաղության համար (խաղաղության զոհաբերություն կամ ընծա), զոհաբերություն՝ գոհության համար (գոհության զոհաբերություն կամ պատարագ), զոհաբերություն՝ ողորմության համար, զոհաբերություն՝ զատկական, զոհաբերություն՝ մաքրագործության համար ևն։ Ընդ որում զոհաբերվել կամ ընծայվել են ոչ միայն անարատ կենդանիներ (այծ, գառ, արջառ, թռչուն և այլն), այլև հաց (հացի ընծա), ալյուր (ալյուրի ընծա), պտուղներ ևս։ Հիշյալ ընծայումները կամ զոհաբերությունները խորհրդանշել են գալիք Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի պատարագվելը և հակադրված էին կուռքերին կամ դևերին նվիրված զոհաբերություններին և մարդազոհությանը։

Հիսուս Քրիստոս, VI դարի սրբապատկեր, Սուրբ Կատերինեի վանք, Սինայ լեռան ստորոտ

Հիսուս Քրիստոսի՝ Գողգոթայի խաչի վրա պատարագումով նոր՝ քրիստոնյա մարդու համար ավարտվեց զոհաբերությունն ու զոհի մատուցումը։ Հին զոհաբերությանը ինչ-որ ձևով փոխարինել է մատաղը, որը Հայ եկեղեցին ընդունում է ոչ իբրև զոհաբերություն, այլ ողորմություն աղքատներին կամ հոգու հաց, որը հնում կոչվել է նաև ագապե (սիրո ճաշ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: