Զարգացման հոգեվերլուծական տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զարգացման հոգեվերլուծական տեսությունը ուսումնասիրում է անձի զարգացումը հոգեվերլուծական տեսանկյունից։ Հոգեկանի զարգացման հոգեվերլուծական հիմքերը դրվել են Զիգմունդ Ֆրոյդի կողմից։ Ազատ զուգորդումների վերլուծության հետևանքով Ֆրոյդը եզրակացրեց, որ հասուն անձի հիվանդությունները կապված են մանկական ապրումների հետ։ Մանկական ապրումները, ըստ Ֆրոյդի, ունեն սեքսուալ բնույթ։ Այս ապրումները անգիտակից ձևով ազդում են հասուն անձի հետագա վարքի վրա։ Հետազոտություններ կատարելով Ֆրոյդին զարմացնում էր այն փաստը, որ իր այցելուները չեն հասկանում իրենց հիշողությունների, ազատ զուգորդումների, երազների նշանակությունը։ Այն ինչ պարզ էր Ֆրոյդի համար, ժխտվում էր այցելուների կողմից։ Իրենց կյանքի կարևոր բաղկացուցիչը՝ անգիտակցականը, ժխտվում էր այցելուների կողմից։ Միայն մի քանի հոգեվերլուծական սեանսներից հետո այցելուները սկսում էին հասկանալ այն ամենի չգիտակցված նշանակությունը, ինչ իրենք ասում են և անում։ Վարքի այս կարևոր, չգիտակցված տարբերակիչները նրա համար դարձան հետազոտութհան առարկա։ Հոգեվերլուծական տեսության հիմքն են կազմում Ֆրոյդի երկու կարևոր բացահայտումները՝ անգիտակցականի և սեքսուալ սկզբի վերաբերյալ։ Իր աշխատանքի առաջին տարիներին Ֆրոյդը հոգեկան կյանքը պատկերացնում էր երեք մակարդակից կազմված՝ անգիտակցական, ենթագիտակցություն, գինակցություն։ Ըստ Ֆրոյդի, վարքին մոտիվացիով ուժ է տալիս անգիտակցականը, որը լցված է սեքսուալ էներգիայով։ Ֆրոյդը սեքսուալ էներգիան անվանեց լիբիդո։ Այս ոլորտը փակված է գիտակցության կողմից հասարակության մեջ առկա արգելքների պատճառով։ Ենթագիտակցական ոլորտում գտնվում են այն ապրումները և կերպարները, որոնք առանց հստակ ջանքերի կարող են դառնալ գիտակցված։ Գիտակցությունը ոչ պասսիվ ձևով է արտացոլում անգիտակցական ոլորտում կատարվող գործընթացները։ Գիտակցությունը անգիտակցական ոլորտում կատարվող գործընթացների հետ գտնվում է անընդհատ հակամարտության մեջ, որը առաջանում է սեքսուալ հակումները ճնշելու անհրաժեշտությունից։ Հետագայում Ֆրոյդն առաջարկեց մարդու անձի կառուցվածքի այլ մոդել։ Նա պնդում էր, որ անձը կառուցված է երեք հիմնական բաղադրիչներից՝ իդ, էգո, սուպեր էգո։ Իդ-ը պրիմիտիվ բաղադրիչ է, բնազդների կրողը։ Այն ենթարկվում է հաճույքի սկզբունքին, քանի որ իռացիոնալ է և անգիտակից։ Էգո-ն ենթարկվում է իրականության սկզբունքին և հաշվի է առնում արտաքին աշխարհի յուրահատկությունները։ Սուպեր էգոն բարոյական նորմերի կրողն է։ Անձի այս բաղադրիչը կատարում է քննադատի դեր։ Եթե էգոն որոշում է կայացնում իդի օգտին, սուպեր էգոյին հակառակ, ապա պատժվում է մեղքի զգացման միջոցով։ Քանի որ այս երեք բաղադրիչների մեջ կոնֆլիկտները առաջանում են անընդհատ, գործում են պաշտշանական մեխանիզմներ՝ դուրս մղում, պրոեկցիա, ռեգրեսիա, սուբլիմացիա։ Հոգեվերլուծական տեսության հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ սեքսուալությունը մարդու հիմնական շարժառիթն է։ Ֆրոյդը սեքսուալությունը օգտագործում էր լայն իմաստով։ Ըստ նրա դա այն ամենն է, ինչ պատճառում է մարմնական հաճույք։ Փոքր երեխայի համար դա քնքշանքն է, հպումը, գրկելը, համբուրելը, հաճույքը ծծելուց, տաք լոգանքը և այլն։ Մանկության շրջանում սեքսուալ զգացողությունները շատ ընդհանուր են և խառը։ Մանկական սեքսուալությունը նախորդում է հասուն սեքսուալությանը, բայց երբեք ամբողջությամբ չի բացահայտում հասուն մարդու սեքսուալությունը։ Ըստ Ֆրոյդի սեքսուալ հակումները կրում են հակասական բնույթ։ Գոյություն ունեն մահվան և կյանքի բնազդներ, հետևաբար մարդուն սկզբնապես հատուկ են կոնստրուկտիվ և դեստրուկտիվ հակումները։ Ֆրոյդը մարդու հոգեկան զարգացման բոլոր փուլերը հանգեցնում է լիբիդոս էներգիայի ձևափոխումներին և տեղափոխումներին տարբեր էրոգեն գոտիներում։ Էրոգեն գոտիները մարմնի հատվածներ են, որոնք զգայուն են ազդակի նկատմամբ։ Երբ ազդակը ազդում է, այդ գոտիների վրա առաջանում է լիբիդոս զգացմունքների բավարարում։ Զարգացման յուրաքանչյուր փուլը ունի իր լիբիդոս գոտին, որի դրդումը առաջացնում է լիբիդոսական հաճույք։ Այս գոտիների տեղակայումը առաջացնում է հոգեկան զարգացման փուլերի հաջորդականությունը։ Օրալ փուլ (0-1 տարեկան) Հաճույքի աղբյուրը կապված է սննդի ընդունման հետ։ Այս փուլը ներառում է երկու ենթափուլ՝ վաղ փուլ և ուշ փուլ, որոնք կազմում են կյանքի առաջին և երկրորդ կես տարիները։ Այն բնութագրվում է երկու լիբիդոս գործողություններով՝ ծծել և կծել։ Գլխավոր էրոգեն գոտին այս շրջանում բերանն է, սնման գործիքը, ծծելու և իրերի առաջին հետազոտման միջոցը։ Ըստ Ֆրոյդի ծծելը երեխայի սեքսուալության դրսևորման ձև է։ Սկզբում ծծելը սննդից ստացվող հաճույքի միջոց է, բայց որոշ ժամանակ անց այն դառնում է լիբիդոս գործողություն, որի հիման վրա ամրապնդվում են իդ-ի բնազդները։ Երոխան երբեմն ծծում է սննդի բացակայության դեպքում։ Օրինակ նա ծծում է իր մեծ մատը։ Ֆրոյդը համարում է, որ առաջին կես տարվա ընթացքում երեխան դեռ իր զգայությունները չի առանձնացնում օբյեկտից, որից դրանք առաջացել են։ Կարելի է ենթադրել, որ երեխայի աշխարհը առանց օբյեկտների է։ Երեխան ապրում է առաջնային նարցիզիզմ, որի ժամանակ նա չի գիտակցում աշխարհում ուրիշ օբյեկտների առկայությունը։ Հիմնական նարցիզական վիճակը քունն է, երբ նորածինը զգում է տաքություն և չունի ոչ մի հետաքրքրություն արտաքին աշխարհի նկատմամբ։ Նորածնության շրջանի երկրորդ փուլում երեխայի մոտ սկսում է առաջանալ պատկերացում այլ օբյեկտների մասին, օրինակ մոր։ Երեխան անհանգստանում է, երբ մայրը հեռանում է, կամ նրա փոխարեն հայտնվում է անծանոթ մարդ։ Մոր հետ կենսաբանական կապը առաջացնում է սիրված լինելու զգացում։ Օբյեկտի առանձնացումը կապված է բավարարվածության և անբավարարվածության զգայությունների հետ, որոնք կախված են այլ մարդու գործողություններից։ Օրալ փուլի երկրորդ ենթափուլում, ատամների հայտնվելու հետ միաժամանակ, ծծելուն ավելանում է կծելը, որը գործողությանը տալիս է ագրեսիվ բնույթ, բավարարելով երեխայի լիբիդոս պահանջմունքը։ Մայրը երեխային թույլ չի տալիս, որ կծի իր կուրծքը։ Այսպիսով հաճույքի սկզբունքը բախվում է իրականության սկզբունքին։ Ըստ Ֆրոյդի, նորածինը էգո չունի։ Էգոն առաջանում է առանձնանալով իդից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Обухова Л. Ф.