Երևանի տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի տպագրություն, առաջին տպարանը հիմնել է Զ․ Հակոբյանցը 1876 թվականին։ Հետագայում նրան ընկերակցել է Է․ Տեր-Գրիգորյանը։

Տպարանային գործը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1880 թվականին տպարանը անցել է վերջինիս և գործել մինչև 1910-ական թվականները։ Առաջին հրատարակությունը Է․ Տեր-Գրիգորյանի «Թռչնիկ» (1876) բանաստեղծությունների ժողովածուն էր։ Տպագրվել են նաև նույն հեղինակի ինքնուրույն և թարգմանական շուրջ երեք տասնյակ կատակերգությունները, վոդևիլները, հրապարակախոսական գործերը, Խ․ Ստեփանեի «Հայկական աշխարհ»-ի վերջին համարը (1879), Երևանի առաջին պարբերական ՝ «Պսակ»-ի, 1880 թվականի համարները, «Երևանի հայտարարություններ» երգիծաթերթը։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1881 թվականին Վ․ Պապաջանյանը հիմնել է երկրորդ տպարանը, ուր, բացի «Պսակ»-ից, տպագրել է Լ․ Տիգրանյանի «Առողջապահական թերթ»-ը։ Մինչև դարավերջ բացվել են նաև Ս․ Գուլամիրյանցի և Թ․ էդելունսի տպարանները։ Երևանում տպագրության հետագա աշխուժացումը կապված է 1905 թվականի հեղափոխության հետ, երբ տարբեր կուսակցություններ, խմբավորումներ, ընկերություններ ստեղծեցին իրենց տպարաններն ու հրատարակչական մարմինները։ 1907-1920 թվականներին ավելի քան մեկ տասնյակ տպարաններից ամենախոշորներն էին «Լույս»-ը, «Կուլտուրա»-ն, «Ուրարտիա»-ն, որոնք տպագրել են երեսուն անուն թերթ ու ամսագիր, հասարակական, գրական, գյուղատնտեսական, բժշկական, մանկավարժական գրքեր ու գրքույկներ։

Երևանի տպագրության խորհրդային իշխանության օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի տպագրության վերելքը սկսվել է խորհրդային իշխանության օրոք։ ՀԽՍՀ կառավարումթյան դեկրետով 1920 թվականի դեկտեմբերի 20-ին տպարանները պետականացվեցին ու հանձնվեցին Լուսժողկոմատի տնօրինությանը։ 1921 թվականին հիմնադրվեց Հայաստանի պետական հրատարակչությունը (Հայպետհրատ)։ Հետագայում տպարաններն անցան ՀԽՍՀ ժողտնտխորհի պոլիգրաֆտրեստի, ապա Մինիստրների սովետին կից՝ պոլիգրաֆտրեստի արդյունաբերության ու հրատարակչությունների և պոլիգրաֆարտադրության գլխավոր վարչության ենթակայությանը։

1964 թվականին կազմակերպվեց ՀԽՍՀ Մինիստրների սովետի մամուլի պետական կոմիտեն՝ Հրատարակչությունների, պոլիգրաֆիայի և գրքի առևտրի գործերի պետական կոմիտե, որին անցավ տպագրական հրատարակչական գործի ղեկավարությունը։ Պոլիգրաֆիական խոշոր ձեռնարկություններ Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆկոմբինատը և մյուս տպարանները, որոնք տպագրում են ՀԽՍՀ-ում լույս տեսնող գրքերն ու ամսագրերը, հագեցված են ժամանակակից մեքենասարքավորումներով։

Տպագրական կարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլիգրաֆկոմբինատի մեկ օրվա տպագրական կարողությունը երեք հարյուր հիսուն հազար տպածո թերթ է։ Պոլիգրաֆկոմբինատում էր տպագրվում Հայկական խորհրդային հանրագիտարանը։ Շատ գրքերի տպաքանակը երեսունից հիսուն հազար Է, իսկ պարբերականներինը՝ մինչև հարյուր հազար։ ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության մասնագիտացված տպարանում են տպագրվում Երևանում լույս տեսնող գրեթե բոլոր լրագրերն ու շուրջ տաս ամսագիր, «Правда», «Известия», «Комсомольская правда» թերթերի՝ ՀԽՍՀ-ում տարածվող տպաքանակը։ ՀԽՍՀ Մինիստրների սովետի և Երևանի քաղաքային սովետի տպարաններում գերազանցապես տպագրվում են գերատեսչական բնույթի գրականություն, բլանկներ, հայտարարություններ, աֆիշներ։ ՀԽՍՀ ԳԱ տպարանը տարեկան տպագրում է հարյուր ութսուն անուն գիրք՝ երեք հարյուր հազար ընդհանուր տպաքանակով, Երևանի պետական համալսարանի տպարանը՝ շուրջ վաթսունից յոթանասուն անուն գիտական, գրական-բանասիրական ուսումնասիրություններ, ուսումնական ձեռնարկներ, ծրագրեր, պարբերականներ։

Իրենց տպարաններն ունեն նաև Երևանի որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ, մի շարք ֆաբրիկա-գործարանային ձեռնարկություններ։ Ներկայումս Երևանում գործում են քսանից ավելի խոշոր ու միշին կարողության տպարաններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թևոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912։
  • Լևոևյան Գ․, Տայ գիրքը և տպագրության արվեստը, Ե„ 1958։
  • Հրատարակչական գործը Սովետական Հայաստանում, Ե․, 1972։
  • Печать СССР за 50 лет․ Статисти–ческие очерки, М․, 1967․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 579