Արուս (արագացուցիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Արուս» էլեկտրոնային օղակային արագացուցիչի արտաքին տեսքը

Արուս, էլեկտրոնաօղակային արագացուցիչ Երևանում, իր տեսակի մեջ խոշորագույնը նախկին ԽՍՀՄ-ում։ Կառուցվել է 1960-1966 թթ․, գործարկվել 1967 թվականին՝ Արտեմ Ալիխանյանի ղեկավարությամբ։ Անվանումը ծագել է ռուսերեն Արմյանսկի ուսկորիտե՝ «Հայկական արագացուցիչ» բառակապակցության հապավումից։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ենթակառուցվածքներից է[1]։ Լայնորեն կիրառվել են մինչև 90-ական թվականները[2]։ Վերաթողարկվել է 2005 թվականին[3]։ Ներկայումս Արուսի միջոցով որևէ գիտական հետազոտություն չի իրականացվում[4]։ 2004 թվականին հայ գիտնականները ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Վասիլի Ցականովի գլխավորությամբ[4] մշակել են երրորդ սերնդի նոր սինքրոտրոնային արագացուցիչի նախագիծ՝ Քենդլը։

Կառուցվածք և աշխատանքի սկզբունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչի մագնիսական համակարգը բաղկացած է 48 բլոկներից, իսկ մի բլոկը՝ երկու մասից (կիզակետող և չկիզակետող)։ Բլոկները հավասարաչափ տեղաբաշխված են շրջանագծով, որի երկարությունը մոտ 217 մետր է։ Ներարկիչը, որը 50 ՄէՎ էներգիայով գծային արագացուցիչ է, վայրկյանում 50 անգամ էլեկտրոնների փունջ է մղում օղակաձև արագացուցիչի վակուումային խցիկը։ Վերջինիս լայնական կտրվածքը գրեթե էլիպսաձև է, որի կիսաառանցքները 6 (հորիզոնական) և 2.4 (ուղղահայաց) սմ են։ Արագացնող դաշտը, որն ունի 132 ՄՀց հաճախություն, առաջանում է 24 ռեզոնատորներում։

Արագացման մեկ ցիկլի ընթացքում (մոտ 8-9 մկ վրկ) էլեկտրոնների էներգիան մեծանում է մինչև 6 միլիարդ էՎ, դրան զուգընթաց աճում է նաև մագնիսական դաշտի մեծությունը։ Աշխատանքային ցիկլի վերջում էլեկտրոնները կամ նրանց առաջացրած բարձր էներգիայի գամմա քվանտները դուրս են բերվում փորձարարական դահլիճ և օգտագործվում հետազոտական նպատակներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թումանյան Ա.Ռ., Մարտիրոսյան Հ.Ա., Երևանի էլեկտրոնային արագացուցիչը — «Արուս», Երևան, 1970։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png