Երևանի գունավոր մետալուրգիայի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի գունավոր մետալուրգիայի ինստիտուտ, գիտահետազոտական հաստատություն Խորհրդային Հայաստանում։ Հանդիսացել է ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի մինիստրության գիտահետազոտական և նախագծային համալսարանի գլխավոր վարչության ստորաբաժանում։ Հիմնադրվել է 1971 թվականին, գունավոր մետալուրգիայի ձեռնարկությունների նախագծման հայկական պետական համալսարանի (հիմնադրվել է 1952 թվականին, Երևանում) լեռնամետալուրգիական գիտահետազոտական համալսարանի (հիմնադրվել է 1957 թվականին, Երևանում) միավորմամբ։

Ունեցել է գիտական և նախագծային բաժիններ։ Հիմնական խնդիրներն են համարվել․ հանքահումքի արդյունահանման, հարստացման և մետալուրգիական վերամշակման նոր տեխնոլոգիական պրոցեսների և տեխնոլոգիայի մշակում, սարքավորման նոր տեսակների մշակման տեխնիկատնտեսական հիմնավորումների և տեխնիկական առաջադրանքների կազմում, ոչ ստանդարտ սարքավորման նախագծում, փորձարկում և արմատավորում, ձեռնարկություններում նոր սարքավորման փորձարկում, հետազոտական և նախագծային աշխատանքների անցկացում։

Համալսարանի և դրա ենթակապալառու նախագծային կազմակերպությունների համատեղ նախագծերով խորհրդային շրջանում կառուցվել էին Քաջարանի և Ագարակի պղնձամոլիբդենային, Ղափանի պղնձահանքային, Ալավերդու լեռնամետալուրգիական, Զոդի ոսկեհանքային, Հրազդանի լեռնաքիմիական և Իջևանի բենտոնիտների կոմբինատները, Երևանի ալյումինի գործարանը (ԿԱՆԱՉ) և Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկան։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 252 CC-BY-SA-icon-80x15.png