Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա
Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայի տարբերանշանը
Տեսակընկերություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1985 թվական[1]
Իրավ. կարգավիճակԳործող
ՆպատակներՄարզակոշիկների արտադրություն[1]
ՏեղագրությունԵղվարդ, Կոտայքի մարզ, Հայաստան[2]
ՆախագահՎլադիմիր Փայլակի Առաքելյան[3]
Գործադիր տնօրենՄիշա Սուրենի Ուլիխանյան[3]
Կայքyeghvardshoes.am

Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա, մարզակոշիկներ արտադրող հայկական ընկերություն, որը գրանցված է և գործում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում[1]։

Մարզակոշիկների ֆաբրիկան գործում է Եղվարդ քաղաքում՝ Երևանյան փողոցի 118 հասցեում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայի համահիմնադիր «Ադիդաս» ընկերության տարբերանշանը

1985 թվականի հուլիսի 18-ին մարզակոշիկների արտադրության նպատակով Խորհրդային Միության «Լիցենզինտորգ» ընկերության և «Ադիդաս» ընկերության միջև ստորագրվել է թիվ 73/78817 Լիցենզիոն պայմանագիր, որի հիման վրա Խորհրդային Հայաստանի Եղվարդ քաղաքում հիմնադրվել է մարզակոշիկների ֆաբրիկան։ 1985-1987 թվականներին կառուցվել են ֆաբրիկայի շենք, շինություններն ու տեղադրվել արտադրական հաստոցները։ Իր արտադրական գործունեությունը սկսել է 1987 թվականի ապրիլի 1-ից[1]։

Գործարանի հիմնադրման ժամանակ ձեռք է բերվել շուրջ 7,8 միլիոն դոլար արժողությամբ արտասահմանյան սարքավորումներ, որոնց տեղադրումն իրականացրել են «Ադիդաս» ընկերության մասնագետների կողմից և «Adidas», «Desma», «Schoen», «Lemo», «Pfaff», «Bayer», «Elastogran», «Stelk» և այլ ընկերությունների ներկայացուցիչների ներկայությամբ[1]։

1987 թվականից մինչև 1991 թվականը գործարանը համագործակցել է «Ադիդաս» ընկերության հետ, լիցենզիոն պայմանագրի շրջանակներում ստացել անհրաժեշտ տեխնիկական և այլ աջակցություն։ Ֆաբրիկայի աշխատակիցները բազմիցս վերապատրաստվել են «Ադիդաս» ընկերության գերմանական և ավստրիական ձեռնարկություններում[1]։

Գործարանի շենքային կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկայի ընդհանուր զբաղեցրած տարածքը կազմում է 37․000 քմ, որտեղ գտնվում են 5000 քմ մակերես զբաղեցնող մեկ հարկանի արդյունաբերական շենքեր, 2000 քմ պահեստային տարածքներ, 1500 քմ մակերես զբաղեցնող վարչական և օժանդակ տարածքներ[1]։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկան արտադրում է տղամարդկանց և կանացի մարզակոշիկներ, այդ թվում՝ մանկական։ Հիմնադրման ժամանակ հաստատվել են «Օլիմպիա-88», «Բրեստ», «Թենիս-Կոմֆորտ», «Ռեթուրն-Կոմֆորտ» և «Բրյուսել» անունը կրող տեսականին։ Հետագայում այդ արտադրատեսակներն ավելի են կատարելագործվել։ Ներկայում մարզակոշիկների ֆաբրիկան ունի «Եղվարդ 01», «Եղվարդ 02», «Եղվարդ 03», «Եղվարդ 04», «Եղվարդ 05», «Եղվարդ 06», «Եղվարդ 07 Օլիմպիա», «Եղվարդ 08», «Եղվարդ 09», «Եղվարդ 10», «Եղվարդ 11 Հատուկ» մարզակոշիկների տեսականին։ Ընկերությունն ընդունում է նաև յուրահատուկ դիզայնի և ձևի մարզակոշիկների անհատական պատվերներ[4][5]։

«Եղվարդ 01», «Եղվարդ 02», «Եղվարդ 03», «Եղվարդ 04», «Եղվարդ 05», «Եղվարդ 06», «Եղվարդ 07 Օլիմպիա», «Եղվարդ 09» տեսակի մարզակոշիկները պատրաստվում են բնական քրոմակաշվից, զամշից, իսկ ներբանը՝ երկգույնանի պոլիուրետանից և ունի 1,6-1,8 մմ հաստություն։ Չափերն են՝ 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46[4]։ «Եղվարդ 08» տեսակի մարզակոշիկը պատրաստվում է բնական քրոմակաշվից, զամշից, իսկ ներբանը՝ երկգույնանի պոլիուրետանից և ունի 1,6-1,8 մմ հաստություն։ Չափերն են՝ 33, 34, 35[4]։ «Եղվարդ 11 Հատուկ» տեսակի, ինչպես նաև պատվերով մարզակոշիկներն արտադրվում են բնական քրոմակաշվից, զամշից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]