Ելք (հուշարձան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ելք»
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2013
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆովոռոսիյսկ
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

«Ելք» հուշարձան (ռուս.՝ Памятник «Исход»), հուշարձան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքում։ Տեղադրվել է 2013 թվականին քաղաքի Առափնյա փողոցում։ Նվիրված է Ռուսաստանից Սպիտակ բանակի տարհանմանը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի հեղինակն է նովոռոսիյսկցի քանդակագործ Ալեքսանդր Սուվորովը։ Բրոնզաձույլ արձանի բարձրությունը պատվանդանով 7 մետր է[1]։

Արձանը պատկերում է ձիու սանձը ձգող սպիտակգվարդիական սպայի։ Վերջինիս նախատիպ է ծառայել «Ծառայում էին երկու ընկերներ» կինոնկարում Վլադիմիր Վիսոցկու հայտնի կերպարը։ Ըստ հեղինակ Ալեքսանդր Սուվորովի՝ պատկերված է ֆիլմի այն տեսարանը, երբ ձին հեռացող նավի հետևից նետվում է ջուրը, և սպան ստիպված է լինում գնդակահաելու իր մարտական ընկերոջը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նվիրված է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի պատմության ամենաողբերգական էջին՝ Սպիտակ բանակի տարհանմանը։ Այդ իրադարձությունը տեղի է ունեցել 1920 թվականին։ Նովոռոսիյսկից Սպիտակ բանակի սպաների, կազակության և ընտանիքների անդամների տարհանումը տեղի է ունեցել խուճապի պայմաններում, զոհվել է մի քանի հարյուր մարդ։ Պատմաբաններն այդ իրադարձությունն անվանել են «Նովոռոսիյսկի աղետ»[1]։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 12-ին[2]։ Բացման արարողության ժամանակ քաղաքագլուխ Վլադիմիր Սինյագովսկին ասել է. «Այս իրադարձությունը Հայրենիքի համար Քաղաքացիական պատերազմի տարիներին զոհված մարդկանց հիշատակը հավերժացնելու մեր պարտքն է։ Այս հուշարձանը հիշեցում է ներկա սերունդներին, որ Հայրենիքը չի կարելի մասնատել. բեկման գծերն անցնում են մարդկային սրտերով և ճակատագրերով»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник «Белому исходу» открыли в Новороссийске».
  2. «Памятник «Исход» (Новороссийск)».